Բաժիններ՝

«Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ՝ Հերիքնազ Առաքելյանի մեղվաընտանիքների թիվն ավելացել է ևս 15-ով

Գնդեվազ գյուղի բնակիչ Հերիքնազ Առաքելյանը 15 տարի զբաղվում է մեղվապահությամբ և նպատակ ունի մեղվաընտանիքների թիվը հասցնել 100-ի։  Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ՝ Հ. Առաքելյանի ունեցած մեղվաընտանիքների թիվն ավելացել է ևս 15-ով։

Հերիքնազը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն ու ամուսինը սկզբում սկսել են պահել 4 մայր ընտանիք, հետո քիչ-քիչ ընդլայնել են մեղվաընտանիքների թիվը։

«Երբ լսեցինք, որ «Լիդիան Արմենիան» աջակցություն է ցուցաբերում, որոշեցինք ամուսնուս հետ ներկայացնել մեր վաղուց արդեն մշակված ծրագիրը։ Ընդառաջեցին մեզ, ես շատ լավ դասընթացներ անցա, որի համար շատ շնորհակալ եմ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ընտրված դասախոսներին՝ գիտելիքների համար։ Մեզ դրամաշնորհ հատկացրեցին, այժմ մենք ունենք 35 մայր ընտանիք, և այս տարի ստացել ենք 1 տոննա  200 կիլոգրամ մեղր։ Շուկայում  ունենք տուրիստներ, որ հիմնական հաճախորդներ են, ունենք բարեկամներ, ունենք նաև պայմանագրեր առողջարանների հետ։ Հույս ունենք, որ «Լիդիան Արմենիայի» նախաձեռնությամբ մեր մեղրը նաև կյուրացվի այստեղի աշխատողների կողմից»,- նշեց Հ. Առաքելյանը՝ հավելելով, որ ստացված մեղրն իրենց կապահովվի տարեկան 4.5-5 միլիոն դրամ եկամուտ։

«Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն էլ նշեց, որ ընկերությունը 2016 թվականին որոշեց իրականացնել մի ծրագիր, որը կաջակցի փոքր և միջին ձեռնարկություններին և կֆինանսավորի, այսպես կոչված, ստարտափները։  «Այս մեղվաբուծության ծրագիրն էլ այդ շրջանակներում է արվել։ Նման ծրագրեր շատ են լինելու, այս տարի մենք ֆինանսավորել ենք նման 3-4 ծրագիր, սա առաջին փորձն է, հետագայում կշատանան այդ ծրագրերը»։

Կարդացեք նաև

«Լիդիան Արմենիա» ընկերության սոցիալական զարգացման ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ բիզնեսների աջակցման ծրագիրն իրենք սկսել են Գնդեվազ և Գորայք համայնքներում։

«Գնդեվազում որոշել ենք աջակցել կանանց, իսկ Գորայքում՝ երիտասարդներին։ Գնդեվազում մեկ տարվա ընթացքում մոտավորապես կաջակցենք 14 բիզնեսի, և Գորայքում՝ 10, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում մենք կունենանք 24 փոքր և միջին բիզնեսներ, որոնք կամ կային, կամ նոր պետք է սկսվեն։ Այս ծրագիրը հիմնականում  նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հող են վաճառել ընկերությանը, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են գյուղատնտեսական սերվիսներ տրամադրելու կամ գյուղական տուրիզմը զարգացնելու։ Այսինքն՝ սա մի ծրագիր է, որ միտված է կայուն զարգացմանը նպաստելուն։ Սրանով մենք ևս մեկ անգամ փորձում ենք հաստատել այն ուղերձը, որ հանքը, հանքարդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության, անասնապահության և այս տարածքում զարգացման հետ»,- նշեց Ն. Ղազարյանը։

Նրա խոսքով՝ մի քանի ամիս առաջ մեկնարկած ծրագրի հիմնական պայմանն է՝ բոլոր մասնակիցները, ովքեր ուզում էին մասնակցել ծրագրին ու աջակցություն ստանալ ընկերությունից, պետք է մասնակցեին վերապատրաստման դասընթացներին, որից հետո նրանք ներկայացնեին բիզնես-պլան՝ բոլորի ներկայությամբ։

«Կարևոր էր նաև, որ յուրաքանչյուրն ինքը համաֆինանսավորում կատարեր, այսինքն՝  Գնդեվազում մեր աջակցման չափաբաժինը մի քիչ ավելի մեծ էր՝ 900 հազար դրամի կարգի, և Գորայքում՝ ավելի քիչ՝ 300 հազար դրամի կարգի։  Այսօր ունենք մոտավորապես 18 փոքր բիզնեսներ, որոնք արդեն հաստատվել են Գնդեվազում և Գորայքում և արդեն ընթացքի մեջ են։ Ունենք մեղվի արտադրություն, փոքր ծավալների գյուղական տուրիզմին ուղղված ծրագրեր, գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր և այլն»,- հայտնեց Ն. Ղազարյանը։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում, 2006 թվականից սկսած։ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին տեղակայված Ամուլսարի հանքավայրը գտնվում է Երևանից 170 կմ հարավ։ 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը։ 2015 թվականին «Լիդիանը» հրապարակեց Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը հրապարակվեց 2016-ին։ 2016թ. ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ընթացքում է։ «Լիդիան Արմենիան» պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համաձայն և IFC և ՎԶԵԲ կատարողական չափանիշների և պահանջների շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս