Բաժիններ՝

Մի հայ տոհմի պատմություն. Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիատրովսկայա

Նախապատմություն

1960-ական թթ. վերջերին, երբ ես Լենինգրադի համալսարանի ուսանող էի, ընկերոջս` Կոլյա Գեւորգյանի հետ, որը սովորում էր արեւելագիտության ֆակուլտետում, գնացինք «Էրմիտաժի» տնօրենի մոտ: Պետք էր մի կարեւոր խնդիր լուծել՝ ճշտել, թե որտե՞ղ է ավելի հարմար անցկացնել Հովհ. Թումանյանի 100-ամյակը: Այդ միջոցառման գաղափարը մերն էր: Մենք էլ գլխավորեցինք Լենինգրադի հայ ուսանողների նախաձեռնող խումբը:

Էրմիտաժում Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկին մեզ շատ լավ ընդունեց, բացատրեց, թե ուր, ինչպես եւ ում դիմենք: Այն ժամանակ ինձ շատ զարմացրեց Բորիս Բորիսովիչի պարզ եւ անբռնազբոս լինելը:

Թումանյանական երեկոն անցավ Գրողների միությունում` Շերեմետեւների դղյակում: Հրավիրված էին այն ժամանակվա Լենինգրադի շատ ու շատ հայտնի մարդիկ, այդ թվում` եւ Բ. Բ. Պիոտրովսկին` տիկնոջ հետ: Հռիփսիմե Միխայլովնան հիշեց երեկոյի անբռնազբոս մթնոլորտն ու Հայաստանի եւ Լենինգրադի արվեստի գործիչների հրաշալի համերգը: «Երբ հնչեց «Կռունկը»,- պատմում է Հռիփսիմե Միխայլովնան,- աչքերս լցվեցին»:

Կարդացեք նաև

Բորիս Բորիսովիչի հետ ես սկսեցի ավելի մոտիկից շփվել 1970-ական թթ. կեսերից: Իսկ Հռիփսիմե Միխայլովնայի` այդ հյուրասեր, բարի եւ հոգեպես հարուստ մարդու հետ, ավելի մոտիկից ծանոթացա 70-ականների վերջերին: Սակայն իր կյանքի, իր տոհմի իրական պատմությունը նա ինձ պատմեց միայն հիմա:

Նախաբանի փոխարեն

Հայ ժողովրդի պատմության մեջ 18-րդ դարը կարելի է բնութագրել որպես պարսկական ազդեցության տակ գտնվելու շրջան: Նույնիսկ այն ժամանակվա ազգային մշակույթի այնպիսի մեծագույն դեմքեր, ինչպես Սայաթ-Նովան եւ նկարիչներ Հովնաթանյանների դինաստիան, ամբողջությամբ արտացոլում են այդ միտումը: Հայ իրականությունն արմատական փոփոխությունների կարիք ուներ, քանի որ հենց այդ ժամանակ մեծ էր բռնի մուսուլմանացման եւ ասիմիլյացիայի վտանգը: Այնինչ Հայաստանն ու հայ ժողովուրդը աշխարհայացքով եւ աշխարհընկալմամբ եվրոպակենտրոն են: Եվրոպայում լուսավորության դարն էր: Նոր Անգլիան վերածվում էր Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների: Ֆրանսիական հեղափոխությունը գտավ իր իմպերատորին: Բարեփոխումների ճանապարհին գտնվող հետպետրոսյան Ռուսաստանն ուղղափառության եւ առաջընթացի դրոշ պարզած ուղղվեց դեպի հարավ: Հենց Ռուսաստանին էլ, որպես ավելի երիտասարդ եւ հզոր քրիստոնեական պետության, ուղղված էին ազգային էլիտայի ամենանշանավոր ներկայացուցիչների հայացքները: Չէ՞ որ դեռ 17-րդ դարի երկրորդ կեսին Նախիջեւանի շրջանից Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի մոտ էին ուղարկվել առեւտրաարդյունաբերական պատվիրակություններ:

19-րդ դարը հայ ժողովրդի համար Ռուսաստանի դար էր: 1827թ. գեներալ Պասկեւիչի գլխավորությամբ ռուսական զորքերի կողմից Երեւանի գրավումը, իսկ հաջորդ տարի` Պարսկաստանի հետ կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը, եւ Արեւելահայաստանի մեծ մասն իր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ անցնում է քրիստոնյա կայսրության ձեռքը: Դրան հետեւում է հայկական Կարս եւ Բայազետ ամրոցների գրավումը, հաջորդ տարի` Էրզրումի գրավումը…

Ընդգծեմ, որ դեռ Ալեքսեյ Միխայլովիչ ցարի, ինչպես նաեւ նրա որդու` Պետրոս Մեծի, հետագայում նաեւ` Եկատերինա Մեծի օրոք հայերին տրված էին աննախադեպ արտոնություններ (այս մասին վկայում են ցարական եւ կայսերական որոշումները): Հայերին համարում էին առեւտրի, արհեստների, գիտության զարգացման, ամբողջ հարավում` Հնդկաստանից, Իրանից, արաբական երկրներից մինչեւ Վոլգայի ափերը ազգամիջյան եւ միջպետական հարաբերությունների հաստատման եւ զարգացման բնագավառներում կարեւորագույն տարր:

Իսկ արդեն 19-րդ դարի սկզբում Լազարյանների ազնվական դինաստիայի կողմից Մոսկվայում բացվեց Արեւելյան լեզուների ինստիտուտը, որը կրում էր իրենց անունը: Ռուսաստանի ողջ հարավում ստեղծվում էին առեւտրական ընկերություններ, սկսվեց հարուստ ընդերքի լայնածավալ շահագործումը, այդ թվում եւ` Բաքվի նավթի արդյունահանումը: Թիֆլիսը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, վերածվեց կայսրության կարեւոր նշանակության քաղաքի: Նրանք հիմնել են ամբողջ քաղաքներ` Դոնի Նախիջեւանը, Արմավիրը, Գրիգորիպոլիսը, Արմյանսկը …: Ընդամենը մի տասնամյակում` Ալեքսանդր Երկրորդ ցարի օրոք, շատ ու շատ արմատական բարեփոխումներ գլխավորում էր խիզախ գեներալ, պետական մեծ գործիչ իշխան Մ.Տ.Լորիս-Մելիքովը: Եվ սա ընդամենը մի քանի խոսք է հայ-ռուսական եւ ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների մասին:

Այս ամենը գրում եմ՝ ցույց տալու համար, թե ինչպես էր հայ ազգային ինքնագիտակցության մեջ ընկալվում Ռուսական Կայսրության ներկայությունը, որքանով էր դա ցանկալի, հեռատես եւ արդյունավետ՝ ինչպես Ռուսաստանի մեծության եւ հարստության, այնպես էլ հայոց պետականության դժվարին ապագայի համար:

Տոհմի պատմությունը

19-րդ դարի սկիզբ, Հայաստան: Եղեգնաձորի (այն ժամանակ` Դարալագյազ) սարերում ապրում էին աշխատասեր, ժրաջան եւ ուշիմ գյուղացիներ եւ անասնապահներ` ապագա Ջանփոլադյանները: Նրանցից մեկը` Մանուկը` հոր կողմից Հռիփսիմե Միխայլովնայի նախապապը, նկատում է, որ որոշ արոտավայրերում ոչխարները լիզում են քարերը: Այսպես հայտնաբերվեցին Նախիջեւանի` Եղեգնաձորին հարող աղի հանքերը:

Շուտով Նախիջեւանի բոլոր աղի հանքերը շահագործելու արտոնագիր է ստացվում, եւ դա մեծ շահույթ է բերում Մանուկին: Նրա որդին` Բաբայը (Հ.Մ.-ի պապը) ընդարձակում է հոր գործը: Բաբայը չորս զավակ է ունենում, նրա երեք ավագ որդիներն աշխատում էին հոր ձեռնարկություններում, իսկ Միքայելը գեոդեզիա էր ուսումնասիրում: Հետաքրքիր է, որ Բաբայի որդիների միջեւ ժառանգությունը բաժանվում է այն ժամանակվա օրենքներով. ժառանգության մեծ մասը պատկանում էր ավագ որդիներին: Միքայելը (Հ.Մ.-ի հայրը) կրտսեր որդին էր, հետեւաբար նրա բաժինն ամենափոքրն էր: Իսկ եթե դրան ավելացնենք նաեւ ընտանիքի` նրա ուսման վրա ծախսված գումարները (պահպանված էին բոլոր հաշիվները, գումարի փոխանցման բոլոր անդորրագրերը), պարզվում է, որ նրա բաժինն ամբողջովին վճարվել է: Բաբայը երկու ավագ որդիների հետ մեկնում է Թիֆլիս` այնտեղի գործերը կարգավորելու: Միքայելին թողնում են` Նախիջեւանի աղի հանքերի գործերով զբաղվելու: 1906թ. Միքայել Ջանփոլադյանն ամուսնանում է Երանյակ Տեր-Պողոսյանի հետ: Իսկ ովքե՞ր էին Պողոսյանները:

1828թ. գեներալ Պասկեւիչի զորքերը հայ ժողովրդի համար ճակատագրական մարտ էին մղում Արարատյան դաշտավայրում: Ամենայն Հայոց կաթողիկոս, մեծ եկեղեցական գործիչ Ներսես Աշտարակեցին, որը նաեւ մեծ քաղաքական գործիչ էր, ամեն կերպ աջակցում էր Արեւելահայաստանի` Ռուսաստանին միանալուն: Ինչպես հայտնի է, ռուսների եւ պարսիկների միջեւ ամենաարյունոտ եւ վճռորոշ մարտը տեղի է ունեցել հնագույն եւ հանրահայտ Օշական գյուղից ոչ հեռու, որտեղ դեռ 5-րդ դարում թաղվել էր Մեսրոպ Մաշտոցը: Եվ այսպես, կաթողիկոսը երիտասարդ, ֆիզիկապես ուժեղ եւ խելացի մի գյուղացու` Ասլանյան ազգանունով, ընտրում է, որպեսզի վերջինս, շրջանցելով պարսից զորքը, հասնի ռուսական զորքերի` Քանաքեռում գտնվող շտաբ եւ Պասկեւիչին հայտնի հայոց աշխարհազորի ճակատամարտին մասնակցելու ժամի մասին: Այսպիսով, կաթողիկոսն աջակցում է ռուսական բանակի եւ տեղի հայկական ջոկատների միջեւ գործողությունների համաձայնեցմանը: Միայն այդպիսի փոխգործակցությունը կարող էր ցանկալի հաղթանակի բերել առաջիկա անխուսափելի մարտում:

Բանբերի ճանապարհն ընկած էր Էջմիածնից մինչեւ Քանաքեռի բարձունքները, եւ այդ ուղին հեշտ ու անվտանգ չէր: Բանբերին չի հաջողվում ողջ ճանապարհն աննկատ անցնել, պարսից լրտեսները երկար տանջում են պատանուն` գաղտնիքներն իմանալու համար, թե ո՞ւմ կողմից, ո՞ր եւ ի՞նչ նպատակով են նրան ուղարկել: Արդյունքի չհասնելով` պարսիկները կտրում են երիտասարդի լեզուն եւ արնաքամ նետելով փոսը` գոհ հեռանում: Պարսիկները շտապում էին: Կաթողիկոսը գիտեր, թե այդ կարեւոր առաքելությամբ ում է ուղարկում Պասկեւիչի մոտ: Շուտով երիտասարդն ուշքի է գալիս եւ հաղթահարելով ցավը (պարսիկները շտապելուց ընդամենը վիրավորել էին նրան), հոգնածությունն ու թուլությունը` հասնում է շտաբ եւ գեներալին հաղորդում կաթողիկոսի առաջադրանքը: Ցուցաբերած հերոսության համար երիտասարդը պարգեւատրվում է ազնվականի տիտղոսով:

Իսկ երբ Պասկեւիչն իմանում է, որ նա նոր է ամուսնացել եւ սպասում է առաջին երեխային, ոսկեդրամներ է նվիրում: Այդ երիտասարդը Հռիփսիմե Միխայլովնայի` մորական կողմից նախապապն էր: Պետք է խոստովանել, որ ինչպես Տեր-Պողոսյանների (Տեր մասնիկը ցույց է տալիս, որ տոհմում եկեղեցականներ են եղել), այնպես էլ Ջանփոլադյանների եւ Տեր-Ավետիքյանների (սրանք մորական կողմից նախատատերն էին) տոհմը ոչ միայն առաջադեմ, կրթված մարդիկ էին, այլեւ բարի, հասարակ մարդկանց կարիքները հասկացող: Եվ չնայած նրանք բարեկեցիկ ընտանիքներ էին դարձել, հագնվում էին ամենանորաձեւ սալոններում, ամենալավ ոսկերիչների թանկարժեք իրերի հավաքածու ունեին, այդ թվում եւ` Ֆաբերժեի, չէին մոռանում իրենց արմատները, չէին արհամարհում ազգականներին, ավելին, օգնում էին շնորհալիներին, ազնիվներին, աշխատասերներին:

Գործով էին բարեսիրտ: Բարությունը, պատիվն ու բացարձակ ճշտապահությունը նրանց կոմերցիոն հաշվարկների հիմքն էր: Հենց սա է ազնվությունն ու մարդասիրությունը: Ի դեպ, վերը ասվածի ապացույցներ կան եւ այսօրվա Երեւանում` «Սպայի տան» շենքը, որ գտնվում էր Հանրապետության հրապարակի մոտակայքում, կառուցվել էր դեռ 20-րդ դարի սկզբին` Հռիփսիմե Միխայլովնայի ավագ հորեղբայրներից մեկի կողմից` որպես բարեգործական թատրոն: Իսկ ո՞վ չգիտի հայտնի երկհարկանի տունը` մոդեռն ոճով, որտեղ գտնվում էր Տեր-Ավետիքյանի հիվանդանոցը եւ բարեգործական կլինիկան:

Ի դեպ, հենց այստեղ է 1921թ. կանգ առել Հովհ. Թումանյանը, երբ եկել էր բոլշեւիկների եւ դաշնակցականների միջեւ հարաբերությունները կարգավորելու փետրվարյան ապստամբության ժամանակ: Այս ցանկում կարող ենք նշել Երեւանի մեխանիկական գործարանը, որ նույնպես կրում է Տեր-Ավետիքյանների անունը: Այն հիմնել է եղբայրներից մեկը` Երվանդը: Հետաքրքիր է նաեւ պապի եղբայրներից մյուսի` Ավետիքի ճակատագիրը. նա ավարտել է Լազարյանների Արեւելյան լեզուների ինստիտուտը, Երեւանում ծառայել է Պարսկական դեսպանատանը` օգուտ բերելով հայրենիքին:

Մորական կողմի պապը` Մաթեւոս Տեր-Պողոսյանը, երեք որդի ուներ, որոնք լավ կրթություն են ստացել Պետերբուրգում եւ ազնվորեն ծառայել են Ռուսաստանի բարգավաճմանն ու Հայաստանի վերածնունդին: Հետաքրքիր է Հռիփսիմե Միխայլովնայի քեռիներից մեկի` Միխայիլի ճակատագիրը. 27 տարեկանում նա փայլուն կրթություն ստացած իրավաբան էր եւ Պետերբուրգի հոգաբարձուների խորհրդի պատգամավոր: Նա մոտ էր արտգործնախարար Միլյուկովի հետ, կառավարության նախագահ Կերենսկու վստահված անձն էր: Մ.Տեր-Պողոսյանի էներգիան եւ խելքը գնահատվեց Առաջին Հանրապետության կառավարության կողմից, նա ներգրավվեց Հայաստանի կառավարական պատվիրակության մեջ, որը 1920թ. մեկնեց ԱՄՆ` Վուդրո Վիլսոնի եւ ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցություններ վարելու: Պահպանվել է խմբակային լուսանկարը, որտեղ Քաջազնունու, Բագրատունու եւ Անդրանիկի կողքին մենք կարող ենք տեսնել եւ Տեր-Պողոոսյանին: Ավելի ուշ` էմիգրացիայում, նա քիչ բան չի արել հայ եւ ռուս էմիգրանտների կյանքը Ֆրանսիայում բարելավելու համար: Մ. Տեր-Պողոսյանի անձնական հյուրը փարիզում եղել է ԱՄՆ-ից այնտեղ եկած Ա.Ֆ.Կերենսկին:

Ծնունդը

1918 թվականն էր` անհանգիստ ու ողբերգական: Ռուսական Կայսրությունը փլուզվել էր: Նրա ծայրամասային Նախիջեւան նահանգում (Ջանփոլադյանների ընտանիքն ապրում էր Նախիջեւան քաղաքում) կենաց ու մահու պայքար է սկսվում վերջերս կազմավորված Հայկական Հանրապետության եւ քայքայվող ու դրանից գազանացած Օսմանյան Կայսրության ու քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնված Ադրբեջանական Հանրապետության ալյանսի միջեւ: Այստեղ էին եւ անգլիացիները` գաղութային սահմաններ գծելու մեծ վարպետները: Նախիջեւանի նահանգի կարգավիճակն այն ժամանակ, ինչպես հիմա, դեռ որոշված չէր: Երանյակը հղի էր Հռիփսիմեով, իսկ հայրը շարունակում էր աղի հանքերի շահագործումը: Մի անգամ նրանց տուն է գալիս պարսից կուսակալը եւ հայտնում, որ նրանք պետք է անմիջապես հեռանան քաղաքից:

Նա ասում է, որ չի կարող ինքն իր տեղն անգամ երաշխավորել, քանի որ եթե սկսվեն ջարդերը, գուցե ինքն էլ գա նրանց տուն` սպանելու համար…: Եվ խոր մտահոգությամբ ավելացնում է. «Ճանապարհին ամեն ինչ կարող է պատահել: Եթե Դուք, տիկին Երանյակ, ցանկանում եք թանկարժեք իրերը տեղափոխել ավելի անվտանգ տեղ` Թիֆլիս, ուրախությամբ կօգնեմ ձեզ»: Առանց երկար մտածելու Երանյակը նրան է հանձնում թանկարժեք իրերով մի փոքրիկ կապոց:

Շուտով տուն է գալիս Միքայելը: Ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար: Ուղղվում են նախ` Երեւան, ապա` Թիֆլիս, որտեղ արդեն սովորում էր նրանց որդի Գուրգենը, եւ որտեղ գտնվում էին հայրն ու ամուսնու եղբայրները: Գնում էին փախստականների փոքրաթիվ խմբով: Շարժվում էին Սեւանա լճի ուղղությամբ` անցնելով խորը ձորերով ու բարձր լեռներով: Երբ նստում են հանգստանալու, ինչ-որ մեկը բոլորին թույն է առաջարկում, որ եթե հանկարծ թուրքերը հարձակվեն կամ շրջապատեն նրանց, կենդանի չընկնեն ատելի թշնամու ձեռքը: Փախստական կանանցից մեկը, չդիմանալով հոգեբանական եւ ֆիզիկական լարվածությանը, խմում է այդ թույնը:

Տեսնելով, թե ինչ տանջանքներով է մահանում անծանոթ կինը, Ջանփոլադյանների կրտսեր որդիներից մեկը` Լեւոնը, մորը խնդրում է այդպիսի բան չանել: Դրությունը բարդանում էր նաեւ նրանով, որ Երանյակը ցանկացած վայրկյանին կարող էր ծննդաբերել:

Մի քանիսն ընտանիքին խորհուրդ են տալիս որքան հնարավոր է շուտ հասնել Երեւան: Դրա համար անհրաժեշտ էր նավակով անցնել Սեւանա լիճը: Ջանփոլադյանները կանչում են նավավարին` պայմանները ճշտելու համար: Վերջինս նրանց համոզում է չմեկնել մյուսների հետ` թաքուն հայտնելով, որ Անդրանիկի զինվորներից մեկը դիմել է իրեն` առաջարկելով հանցավոր գործարք կնքել` նավարկության ժամանակ սպանել բոլորին, դիակները նետել ծովը, վերցնել թանկարժեք իրերն ու դրամը եւ կիսվել: Բայց բանն այն էր, որ նրանց խուրջինում թանկարժեք իրեր չկային, միայն չոր հաց էր, որ նրանք թրջում էին ջրի մեջ` ինչ-որ կերպ քաղցը հագեցնելու համար: Որոշվում է, որ Երանյակը ծննդաբերելու է այդ կեղտոտ ու ցուրտ տեղում:

«Ի դեպ, ծնունդն ընդունող կանայք նույնիսկ մաքուր դանակ կամ մկրատ չունեին պորտալարը կտրելու համար»,- պատմում է ինձ Հռիփսիմեն: «Այդ ժամանակ մայրը գրպանից հանում է մեր մկրատը, որ պատահաբար վերցրել էր իրերը հավաքելիս»: Հռիփսիմե Միխայլովնան հրավիրում է ինձ հարեւան սենյակ եւ ցույց տալիս «Զոլինգեն» ֆիրմայի այն նույն մկրատը: Ինձ զարմացնում է այդ լուռ վկան եւ, թերեւս, նրա կյանքի փրկիչը: Իսկ նա շարունակում է. «Պատկերացնո՞ւմ եք, նախիջեւանյան այն հարուստ տնից նա վերցրել է միայն այդ մկրատը եւ… տան բանալիները»: Լուսավոր ժպիտ է հայտնվում նրա դեմքին:

Այն ժամանակվա հայկական սովորության համաձայն՝ պորտալարը պետք էր թաղել հողի մեջ: Այդ գործը հանձնարարում են երեխաներին: Երբ նրանք վերադառնում են, գյուղացիներից մեկը հարցնում է. «Հաջողվե՞լ է արդյոք հանձնարարությունը կատարել»: Երեխաները պատմում են, թե որտեղ են թաղել պորտալարը: «Օ, դա շատ հեռու է,- ծիծաղելով նորածնի հորն է դիմում գյուղացին,- երեւում է՝ ձեր աղջիկը ձեզնից հեռու է ապրելու»: Մի քիչ թախիծով Հռիփսիմե Միխայլովնան ասում է. «Տեսնո՞ւմ եք, անծանոթը ճիշտ դուրս եկավ»:

state-hermitage-museum-director-boris-b-piotrovski-at-ancient-babylon-b9rjp9

Որոշ ժամանակ անց ընտանիքը հայտնվում է Թիֆլիսում: Հայր եւ որդի Ջանփոլադյաններն օգնում են տեղավորվել: Մի օր նրանց թիֆլիսյան բնակարան է գալիս անծանոթ մի ռուս սպա: Դուռը բացում է Երանյակը, եւ անծանոթը նրան է տալիս փոքրիկ կապոցը, որը Երանյակը տվել էր պարսիկ կուսակալին: «Կապոցը ոչ մի անգամ չէր էլ բացվել,- Հռիփսիմեն մոր այս խոսքերը երկու անգամ կրկնեց եւ ավելացրեց,- ազնվությունը, արժանապատվությունն ու բարությունը հատուկ են բոլոր ազգերին»:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Ջանփոլադյանների ընտանիքը տեղափոխվում է Երեւան: Նրանք բնակվում են Տեր-Պողոսյանների տանը՝ Սովետական փողոցում՝ այժմյան Ե. Չարենցի անվան դպրոցի մոտ: Հայրն աշխատում է Հողերի ժողկոմում: Ընտանիքը դժվար է ապրում, սակայն շատ համերաշխ, եւ մեծ հետաքրքրությամբ է ընդունում նոր կյանքը, մասնակցում նրա շինարարությանը: Ավագ եղբայր Գուրգենը (Լենինգրադում է սովորել) դառնում է «Հայէներգոյի» ղեկավարներից մեկը, Լեւոնը (սովորել է Մոսկվայում) ընտրում է շատ հետաքրքիր մի մասնագիտություն` կոնյակագետի, դառնում է խոշոր գիտնական, ակադեմիկոս: Քույրը` Աիդան, բժիշկ է դառնում, ստանում է հանրապետության վաստակավոր բժշկի կոչում: Ինձ թվում է` հենց այդպիսի մարդիկ են ազգի հիմքը, ցանկացած հասարակության ներսում ստեղծարար ուժերի ֆունդամենտը: Հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, տված խոսքի հանդեպ մեծ պատասխանատվությունը, մարդասիրությունն ու բացարձակ պրոֆեսիոնալիզմը Հռիփսիմե Միխայլովնայի տոհմի բնորոշ գծերն են: Եվ այս գծերը նա ժառանգել է որպես աշխարհայացք եւ աշխարհընկալում:

Ռիփսիկը (այսպես էին նրան կոչում հարազատները, ընկերներն ու մտերիմները) դառնում է ԵՊՀ-ի ուսանողուհի, սովորում ականավոր ակադեմիկոսներ Ա. Մանանդյանի, Հր. Աճառյանի, Ս. Տեր-Ավետիսյանի մոտ: Հ. Ջանփոլադյանը հիշում է, որ իր հետ միասին սովորել են ապագա ակադեմիկոս, Մատենադարանի ապագա տնօրեն Լ. Խաչիկյանը, որ իր ազգականն էր, ապագա հրաշալի գրող Վ. Խեչումյանը եւ այլք: Գուցե խորհրդանշական է եւ այն, որ նա դառնում է հաջողակ հնագետ` մասնակցելով տարբեր արշավախմբերի:

Նա մասնակցում է հայ ականավոր գիտնական Կ.Ղաֆադարյանի պեղումներին եւ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Դվինում, պեղում է բյուզանդական ապակի, ինչն էլ դառնում է Հայաստանի եւ Բյուզանդիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի ապացույց: Խորհրդանշական է եւ այն, որ պատերազմից անմիջապես առաջ երիտասարդ մասնագետը պեղումների ժամանակ Կարմիր բլուրում գտնում է պատերազմի աստծո արձանը: Նրա գիտական հետաքրքրությունների առարկան Հայաստանի պատմությունն է, մշակութային ժառանգությունը, պատմական եւ մշակութային փոխակերպումները:

Ի դեպ, ամեն տարի Լենինգրադից հնագիտական արշավախումբ էր գալիս, որը պեղումներ էր կատարում Կարմիր բլուրում: Այստեղ հաճախ էր հայտնվում անդադրում Իոսիֆ Աբգարի Օրբելին` «Էրմիտաժի» տնօրենն ու հայտնի արեւելագետը:

Եվ, իհարկե, Հռիփսիմե Միխայլովնայի կյանքում մեծ դեր է խաղացել Բորիս Պիոտրովսկու` Հայաստանի մեծ բարեկամի հետ ծանոթությունը, բարեկամությունն ու ամուսնությունը: Երիտասարդ լենինգրադցի գիտնականը Հայաստանում պեղել եւ ուսումնասիրել է հնագույն պետության` Ուրարտուի պատմությունը:

director-of-the-state-hermitage-and-merited-art-worker-of-the-rsfsr-b9err0

Ապագայում միայն նա պիտի դառնար «Էրմիտաժի» տնօրենն ու ակադեմիկոս: Նրանց համատեղ կյանքը շատ ու շատ սերունդների համար օրինակ է, քանզի Բ. Պիոտրովսկու հսկայական կազմակերպչական եւ հասարակական հետաքրքրությունները խոչընդոտ չդարձան նրանց լուսավոր եւ շատ հարցերում ուսուցողական կյանքում: Հնագետները, շատ գիտնականներ գալիս էին Լենինգրադ` համարելով, որ «տոմս են առել ոչ թե մինչեւ օդանավակայան կամ երկաթուղային կայարան, այլ մինչեւ Պիոտրովսկիների տուն»:

Եվ այսօր այն ամենը, ինչ դուրս է գալիս Բ. Պիոտրովսկու արխիվից առանձին գրքով (ինչպես, օրինակ «Էրմիտաժի» պատմությունը») անտարակույս Հ. Միխայլովնայի մանրակրկիտ եւ խոր վերլուծության, նրա առատաձեռն ու անշահախնդիր հոգու շնորհիվ է:

Այս ամենը հենց իրական կուլտուրան է, կյանքի էության իրական ընկալումը, քանզի, ինչպես ասում էր Ն. Կ. Ռերիխը, «Ամենամեծ արվեստը ապրելու արվեստն է»: Հասկանալ մարդկանց, ճիշտ գնահատել ժամանակը, գտնել եւ աջակցել տաղանդավորներին: «Կյանքում կան պահեր, երբ պետք է մարդուն մի քիչ աջակցել, որ չընկնի, չսայթաքի…»: Այստեղ երեւում է Հ. Միխայլովնայի բարյացակամությունը, մարդու բնության ըմբռնումը, հավատը, հանդուրժողականությունը… Իմաստնությունը…

Այդ իմաստնությունը գալիս է խորքերից, երբ նրա նախապապերը` հասարակ գյուղացիները, Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի լեռներում սերնդեսերունդ էին փոխանցում մարդասիրությունը, գիտության լույսը, ջանասիրությունը, ազնվությունը…: Եվ ահա Առաջին Աշխարհամարտի բոցերի մեջ լույս աշխարհ է գալիս փոքրիկ Ռիփսիկը…Իսկ Երկրորդ աշխարհամարտի բոցերի մեջ երիտասարդ, կենսուրախ Հռիփսիմե Ջանփոլադյանը Երեւանում ամուսնանում է հնագետ եւ պատմաբան Բորիս Պիոտրովսկու հետ… Այստեղ ամեն ինչ միաձուլվում է` անցյալը, ներկան ու ապագան: Այսպիսին էր 20-րդ դարը: Նրանց դարը: Այսպես կյանքը մեզ սովորեցնում է հաղթել մահն ու ավերումը: Գուցե այդ արմատներն օգնում են նրանց որդիներին` քիմիական գիտությունների դոկտոր Լեւոն Պիոտրովսկուն եւ «Էրմիտաժի» ներկայիս տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն, որի մասին Հռիփսիմե Միխայլովնան թռուցիկ ասում է. «Միշան Երեւանում է ծնվել…»:

ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
2006թ.
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս