Բաժիններ՝

««Գաթա» բենդի ստեղծման առաջին սկզբունքը եղել է մարդկային լավ որակի համախմբումը». Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան

«Գաթա» բենդին ավելի մոտ ճանաչելու լրագրողական ցանկություն ինձ մոտ առաջացել էր դեռևս մեկ տարի առաջ, երբ առաջին անգամ լսեցի խմբի կատարմամբ՝ «Ես կխնդամ, սիրտս կուլա» երգը: Ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով, սակայն, չէր ստացվում կապվել խմբի անդամներից որևէ մեկի հետ, հանդիպում խնդրել, զրուցել, տեղեկանալ ու տեղեկացնել: Մեկ առավել հրատապ՝ մասնագիտական լեզվով ասած՝ իրադարձային նյութեր էին առաջ ընկնում, մեկ ես տևական ժամանակով երկրում չէի, և այլն, ու այսպես՝ մինչև այն պահը, երբ մի թբիլիսյան երեկո, հին քաղաքի փողոցներով քայլելուց ու ֆեյսբուքյան հաղորդագրությունները հպանցիկ թերթելուց կարդում եմ սասունցի ընկերներիցս մեկի ուղարկած նամակը. «Նվարդ լսի սա, իմանալով քո ավանգարդիստական հակումները, գիտեմ՝ այս երգն ի՜նչեր է անելու քեզ հետ…»: Պետք է խոստովանեմ, արդեն հետաքրքիր էր… Բացում եմ «Joss Stone in Armenia doing a collaboration with Gata Band» վերտառությամբ նամակին կից ուղարկված լինքն ու. «Ա՜յ քեզ գեղեցկություն… իսկապես այս ի՞նչ են անում այս երաժիշտները, ի՜նչ մեղեդի է, ի՜նչ կատարում»,- մտածում եմ ես ու խորապես ափսոսում այսքան երկար կորցրած ժամանակիս համար…

Երևան վերդառնալուն պես, 168.am-ը ձեռնամուխ եղավ «Գաթա» բենդի հետ հանդիպմանը, որի մանրամասները՝ հաջորդիվ:

????????????????????????????????????

Կարդացեք նաև

«Մի օր էլ իմացա, որ Գարիկս որոշել է թոնրի գաթա «թխի». Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան

Մեր խմբում հավաքված յուրաքանչյուր երաժշտի առաջնային սկզբունքը մարդ լինելու խնդիրն է, այդ թվում՝ նաև ինձ մոտ ու ինձ համար, հետևաբար՝ «Գաթա» բենդի ստեղծման առաջին սկզբունքը եղել է մարդկային լավ որակի համախմբումը: Խմբի ստեղծման պատմությունը շատ հետաքրքիր եղավ: Առաքելյան Գարիկս ինձ մի օր պատմեց, թե ոնց է ծնվել միասին աշխատելու ցանկությունը: Ինքը, պարզվում է, դեռ պատանի տարիքից շատ է սիրել իմ կատարմամբ «Ձյուն է եկել սարերում» երգը ու այս երգի շնորհիվ դեռ 10 -11 տարի առաջ ցանկություն է ունեցել ծանոթանալու ինձ հետ, ու արդեն հիմա ես կարող եմ ասել, որ մենք գտանք իրար: Արդեն տասը տարուց ավել մենք միասին ենք աշխատում՝ Աստված Գարիկիս շնորհներն ավելացնի: Մի օր էլ իմացա, որ Գարիկս որոշել է թոնրի գաթա «թխի»… եկավ, ասաց՝ Անդրանիկ ջան, որոշել եմ խումբ ստեղծենք, անունն էլ «Գաթա» բենդ դնենք: Լսեցի, մի քիչ մտածեցի՝ բայց հա՞ որ… էդպես գցեցինք-բռնեցինք ու հասկացանք, որ պետք է անենք: Ասեցի՝ Գարիկ ջան, գործին կպիր, ոչինչ չխնայես, ինչ որ պետք է, կարվի: Էդպես էլ եղավ՝ Գարիկս դարձավ էս խմբի առաջին հիմնաքարը դնողներից մեկը, որ շարունակ գիտնականի նման պրպտում է այս ոլորտը: Գիտե՞ք, երաժշտական առումով ամեն ինչ նրան հետաքրքրում է՝ տարբեր ազգերի ազգային երաժշտությունը, նվագարանները, ավանդույթները:

????????????????????????????????????

Մեկ էլ կգա կասի՝ Անդրանիկ, էս գործիքն եմ գտել, ամեն ինչ անելու ենք, որ ունենանք: Այդպես էլ լինում է: Հիմնականում նրա ջանքերի շնորհիվ է, որ այսօր մեր խումբն այնպիսի բացառիկ երաժշտական գործիքներ ունի, որ երևի ողջ հանրապետությունում ման գաս, չես գտնի: Ահա թե ինչե՜ր կարող են անել գործին սիրով նվիրված մարդու ջանքերը: Մենք մեր հնարավորության սահմաններում ստեղծեցինք մի օջախ ու մթնոլորտ, որի անունը «Գաթա» բենդ դրեցինք: Հիմա Գարիկս սիրուն գործիքավորում է մեր խմբի երգերը, տղաներս սիրուն նվագում են, ես էլ սիրուն երգում եմ: Աշխատում ենք մեկս մյուսին չխանգարենք, չնեղացնենք, իրար մատից փուշ հանելով՝ առաջ ենք տանում մեր ազգային երգը:

«Մեր խմբի երաժիշտները մաքսիմալ մուլտիինստրումենտալիստներ են». Գարեգին Առաքելյան

????????????????????????????????????

«Գաթա» բենդը ստեղծվել է երեք տարի առաջ: Մինչ այդ ես ու Անդրանիկը (Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան) երկար տարիներ միասին աշխատել ենք՝ երգեր ենք ստեղծել, գործիքավորումների վրա ենք աշխատել, տեսահոլովակներ ենք նկարել, բայց եկավ մի պահ, որոշեցինք հստակ ձևաչափի մեջ դնել մեր կատարած աշխատանքը, ու ստեղծվեց «Գաթա» բենդը: Ես միշտ պատկերացրել եմ, որ այս խումբը պետք է լինի մաքսիմում կոմպակտ, որովհետև շատ մարդ, նշանակում է՝ շատ խնդիրներ: Հատկապես, երբ չունես կայուն ֆինանսավորում՝ աշխատավարձային հստակ ձևաչափ և այլն, չես կարող քեզ թույլ տալ մեծ թիմ հավաքելու, համապատասխանաբար՝ մեծ չափով պատասխանատվություն կրելու: Այդ է պատճառը, որ մեր խմբի երաժիշտները մաքսիմալ մուլտիինստրումենտալիստներ են, նրանցից յուրաքանչյուրը հիանալի վարպետությամբ տիրապետում է մի քանի ֆոլք երաժշտական գործիքների: Փողային գործիքների նվագարաններով զբաղվում է տաղանդավոր, պրոգրեսիվ երաժիշտ Վահան Զաքարյանը, որ նվագում է դուդուկի, զուռնայի, բլուլի և այլ փողային գործիքների վրա ու ամեն անգամ մեկը մյուսից լավ արդյունքներ է գրանցում: Հարվածային գործիքների մասով աշխատում ենք Արթուր Բալջյանի հետ, ով նաև մեր վաղեմի ընկերն է: Ես զբաղվում եմ խմբի հետ կապված մնացյալ բոլոր աշխատանքներով՝ երաժշտական պրոդյուսինգով, համակարգմամբ, համատեղությամբ նաև երգերի ընտրություն եմ կատարում, գործիքավորում եմ ընտրած երգերը, և այլն: Իսկ Անդրանիկն անում է մի բան՝ միայն երգում է, բայց նա իր գործն այնքան իդեալական է անում, որ այստեղ որևէ մեկնաբանություն ուղղակի ավելորդ է:

«Ես երաժշտությունն ապրում եմ ՝ առանց գայթակղվելու, և այն մատուցելուց չեմ մերկանում՝ գայթակղեցնելու». Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան

????????????????????????????????????

????????????????????????????????????

Մարդիկ երբեմն շատ են խոսում աշխարհիկ բաներից, իրապես չհասկանալով կամ չպատկերացնելով աշխարհիկի իրական էությունը: Բացասական իմաստով աշխարհիկ լինելու խնդիրը մարդու համար ի վերուստ նախատեսված չափերից դուրս գալու մեջ է: Հիմա մենք խոսում ենք արվեստից՝ նույն արվեստը, եթե չունի չափ ու սահման, արդեն տհաճ է, շինծու, ձևական խաղ: Մեր օրերում, երբ մարդիկ խելահեղ վազքով մտածում են միայն առաջ շարժվելու մասին, ստացվում է այնպես, որ, դժբախտաբար, իրականում հետ են մնում շատ բաներից, այդ թվում՝ առաջին հերթին՝ Աստծուց իրենց շնորհված մարդկային տեսակից ու բնությունից: Մենք իդեալներ չենք, բայց թերի լինելով հանդերձ, հատկապես՝ այս գայթակղող աշխարհում, աշխատում ենք զերծ մնալ ամեն տեսակ անհարիրից, այդ թվում նաև՝ երաժշտության ոլորտում: Հոգևորականների շրջանում մի լավ խոսք կա, օրհնանք, երբ ասում են՝ «Տեր հայր, կարգիդ մեջ մնաս», ասել է թե՝ զգույշ լինես՝ չգայթակղվելու ու չգայթակղելու, ուր էլ լինես, ինչ էլ անես: Հետևաբար, երբ կարգից դուրս ես գալիս, արդեն հատում ես աշխարհիկ կյանքի սահմանները: Ինչ վերաբերում է ինձ, ես ուրախանում եմ, քեֆ ու խնջույքի էլ եմ մասնակցում, օղի էլ եմ խմում, երգում ու պարում եմ, բայց այդ ամենն անում են կարգիս մեջ՝ թույլատրելիի սահմաններում: Ինչ խոսք, երաժշտությունն էլ գայթակղիչ բան է, և այս աշխարհում ամեն ինչն է գայթակղիչ, բայց ես երաժշտությունն ապրում եմ՝ առանց գայթակղվելու, և այն մատուցելուց չեմ մերկանում՝ գայթակղեցնելու:

«Որպես կանոն՝ խմբի երգերն ընտրում ենք միայն հոգով». Գարեգին Առաքելյան

????????????????????????????????????

Որպեսզի այս կամ այն երգը մտնի «Գաթա» բենդի երգացանկ, երկար ճանապարհ է անցնում: Որպես կանոն՝ խմբի երգերն ընտրում ենք միայն հոգով: Նախնական ընտրության համար ես ու Անդրանիկը բազմաթիվ երգեր ենք հավաքում ու սկսում ենք հերթով երգել դրանք՝ հասկանալու համար՝ ո՞նց կարելի է մատուցել, որ չկորցնելով իր նախնական տեսքն ու իմաստը, միաժամանակ նորովի ներկայանա: Դրանից շահում է և´ երգը, և´ երգի պատմությունը, և´ հատկապես երգի ապագան: Պետք է խոստովանեմ, որ սա չափազանց մանրակրկիտ պրոցես է մեզ համար, ու քանի որ ֆոլք խմբեր հիմա մեզանում շատ կան, աշխատում ենք ոչ մեկին չնմանվել:

«Ստիպված չենք գնալ ակումբներում նվագելու, թեև, եթե ստիպված լինենք, գնալու ենք». Գարեգին Առաքելյան

????????????????????????????????????

Փառք Աստծո, դեռ ստիպված չենք գնալ ակումբներում նվագելու, թեև, եթե ստիպված լինենք, գնալու ենք: Եվ, այսքանով հանդերձ, հարգանքներս մեր բոլոր այն երաժիշտ ընկերներին, ովքեր այս կամ այն պատճառներով նվագում են ակումբներում, որովհետև դա էլ ֆինանսական միջոցներ հայթայթելու մի տարբերակ է և ո´չ դատապարտելի տարբերակ: Հետո մենք ժանրային խնդիր ունենք, չեմ կարծում, որ մեր երաժշտությունն ակումբային է՝ տարբեր պատճառներով: Մյուս կողմից էլ՝ Անդրանիկ բարեշնորհ Մանուկյանի ստատուսը մեզ մեծ իմաստով դա թույլ չի տալիս: Եթե վերադառնանք խմբի ստեղծման պատմությանն ու նպատակին, ապա անկեղծորեն պետք է խոստովանեմ՝ ի սկզբանե խմբի նպատակը հայտնի դառնալը չի եղել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ հնարավոր ու անհնարին բոլոր ընդունելի տարբերակներով՝ մեծացնել հայկական ֆոլք երաժշտության լսարանը, և, եթե դա մեզ հաջողվում է, մենք դրանից միայն ոգեշնչվում ենք ու առավել մեծ սիրով ու պատասխանատվությամբ առաջ շարժվելու նոր պլաններ ենք մշակում: Վերջերս էլ նորից նոր գործիք ենք ձեռք բերել՝ Hang drum, որ բառացի թարգմանաբար նշանակում է՝ հարվածային գործիք:

Մեծ դժվարությամբ Պերմից ենք Հայաստան տեղափոխել: Այստեղ սա նորություն է, դեռ ոչ ոք չունի: Առհասարակ, ճանապարհը, որ ընտրել ենք, լի է դժվարություններով, բայց մենք դա գիտակցելով՝ առաջ ենք գնում՝ զարկ չտալով կոմերցիոն երանգներին, հավատարիմ մնալով մեր ընտրած ուղուն: Աշխարհով մեկ տարածված է հնդկական, արաբական ազգային երաժշտությունը, բայց հայկական ազգայինը, ցավոք, աշխարհի մեծ հարթակում դեռ իր արժանավոր տեղը չի գտել: Մեր խմբի նպատակը հենց դա է, որին մենք, թեև դժվարությամբ, բայց հասնելու ենք: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին՝ աղքատության հետ համակերպվել՝ նշանակում է՝ հանձնվել: Իհարկե, նպատակ էլ չունենք մեծահարուստ դառնալու: Անդրանիկը մի լավ խոսք ունի՝ մարդ պետք է հոգով հարուստ լինի ու անի այն, ինչ իրեն դուր է գալիս, որ ինքնաբավ կյանքով ապրի: Ամեն մարդու բախտ չի տրվում՝ կյանքում զբաղվելու իր սիրած գործով: Փառք Աստծո, մեզ այդ հնարավորությունը տրվել է, որի համար աշխատում ենք միշտ շնորհակալ լինել:

????????????????????????????????????

«Եկել է մի երգչուհի, երգել է մեզ հետ, ամբողջ ինտերնետը դղրդացնում են». Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան

Ցավոք սրտի, ես ներկա չեմ եղել բրիտանացի երգչուհի Ջոս Սթոունի հետ «Հլեյ դոն, դոնե յար» երգի ձայնագրմանը, որովհետև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի փորձերով էի զբաղված: Մի օր Գարիկս ինձ ասաց՝ մի լավ երգչուհի կա՝ Բրիտանիայից, պետք է գա մեր ստուդիա, երգ ձայնագրվենք: Ամեն օրվա նման ասեցի՝ Գարիկ ջան, արեք, ինչ որ պետք է, ես գնում եմ փորձի, հետո կգամ, կասեք՝ ինչ ստացվեց: Երեկոյան վերադարձա, տեսնեմ՝ Գարիկս ուրախության մեջ է, ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ ամեն ինչ լավ է ստացվել: Հաջորդ օրը միայն հարցիս պատասխանը լիարժեքորեն ստացա, այն էլ՝ համացանցում: Ողջ ֆեյսբուքը թնդում էր այդ զուգերգից: Եկել է մի երգչուհի, երգել է մեզ հետ, ամբողջ ինտերնետը դղրդացնում են՝ «Գաթա» բե՜նդ, հա «Գաթա» բե՜նդ… Բայց այս խումբը հո էդ երգչուհու հետ չստեղծվե՞ց, մենք մինչև այդ էլ կայինք, չէ՞… Թեև շատ տաղանդավոր երգչուհի էր, ես ապշած եմ մնացել:

Էս ողջ պատմության մեջ ամենաշատն ինձ ուրախացրեց էդ աղջկա մոտեցումն ու կատարումը հայկական ազգային երաժշտության նկատմամբ: Ուղղակի զարմացած էի, թե ո՞նց էր պարում այդ աղջիկը հայկական ռիթմերի տակ, ինչպե՞ս էր զգում երաժշտությունը, ուղղակի ապշել էի, թե ո՞նց է ապրում մեր մեղեդին:

«Եկավ ձայնագրման համար պայմանավորված օրը, ստուդիայում սպասում ենք, իրենք չկան…». Գարեգին Առաքելյան

Ի սկզբանե, պրոդյուսերների որոշմամբ և նախնական պայմանավորվածությամբ, «Հլեյ դոն, դոնե յար» երգը պետք է կատարեր Վիգեն Հովսեփյանը: Քանի որ երգի ձայնագրությունը համընկավ մեր լավ ընկեր Վիգենի պսակադրության օրերի հետ, իր և երգչուհի Սոֆի Մխեյանի առաջարկով երգը ձայնագրվեց բրիտանացի երգչուհի Ջոս Սթոունի հետ միասին: Եկավ ձայնագրման համար պայմանավորված օրը, ստուդիայում սպասում ենք, իրենք չկան: Երեք ժամ ուշանալուց հետո, գրեցի Բրիտանիայի իրենց ագենտին, տեղեկացրի, որ իրենք ուշանում են, իսկ մենք զբաղված ենք ու այսքան սպասել չենք կարող: Տեղեկացրի, որ ձայնագրման համար նախապես ունեցած պայմանավորվածությունը չեղյալ ենք համարում: Պարզվում է՝ իրենք Բրիտանիայի ժամով էին ֆիքսել մեր հանդիպումը, եթե գիտեք, այնտեղ մեզանից 3 ժամ հետ են: Խնդրեցին, որ հանկարծ չեղյալ չհայտարարվի ձայնագրությունը, ներողություն խնդրեցին ու տեղեկացրին նաև, որ կապ են հաստատել իրենց հետ, նրանք շուտով մեզ մոտ կլինեն: Սպասեցինք…

«Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակում Երևանում գտնվող Բրիտանացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջոս Սթոունի, «Գաթա» բենդի հետ, «Հլեյ դոն, դոնե յար» զուգերգի ստեղծման մանրամասները՝ տեսանյութում:

Երբ վերջացրեցինք երգի ձայնագրությունը, եկանք այս սենյակ, գինի խմեցինք, երգչուհին հարցրեց՝ ովքե՞ր են պատին փակցված այս լուսանկարների տղաները, ասեցինք, որ իրենք մեր ազգի խաղաղության համար մարտնչած զինվորներն ու մեր հպարտությունն են, որ իրենց կյանքն ավելի քիչ են գնահատել, քան մեր ազգի խաղաղությունը: Շատ էին ազդվել, ցանկացան լուսանկարվել այս պատի ֆոնին: Բրիտանիա վերադառնալուց հետո նկատեցի Ջոս Սթոունի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ իրենք հիանալի ժամանակ են անցկացրել Հայաստանում, «Գաթա» բենդի անդամների հետ գեղեցիկ մի երգի ծնունդ են տվել, հայկական կարմիր գինի են խմել, ու, որ այս ամենը դեռ շատ երկար կմնա իրենց հիշողություններում:

gata-band-11

Հ.Գ. «Գաթա» բենդի հիմնադիր անդամներ Անդրանիկ բարեշնորհ Մանուկյանն ու Գարեգին Առաքելյանը «168. Ժամի» հետ զրույցում պատմեցին, որ նախապատրաստվում են մեծ մենահամերգի, որի համար առայժմ օրակարգում ֆինանսական խնդիրների լուծման փուլն է: Խմբի անդամները վստահ են՝ երկրպագուների համար սա սպասված իրադարձություն է լինելու, որ այս պահին թվում է անհասանելի ցանկություն, սակայն իրենք պատրաստ են հաղթահարելու ցանկացած հնարավոր դժվարություն՝ ստանալու և ֆոլք երաժշտության երկրպագուներին նվիրելու այս տոնը:

Հ.Գ.-1 Հանդիպման ավարտին «Գաթա» բենդի հյուրընկալ անդամները հատուկ «168 Ժամի» համար մեծ սիրով և կենդանի նվագակցությամբ կատարեցին իրենց երգացանկի «Դրդո» երգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս