Կախարդական փայտիկի փոխարեն՝ կախարդական լեզու

«Անհրաժեշտ է», «պետք է», «հարկավոր է»… Այս և նմանատիպ արտահայտություններով է այլևս ողողված ու հեղեղված պաշտոնական լրահոսը։ Կարդում ես կառավարության այս կամ այն նիստի կամ խորհրդակցության մասին պատմող հաղորդագրությունը, մեծ մասամբ նման հրամայական ու հատու արտահայտություններ են։ Վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցմամբ, բնականաբար։ Տպավորություն է, որ մինչ նրա նշանակումը որևէ մեկը նույնիսկ գլխի չի ընկել, թե ինչ է անհրաժեշտ, ում է պետք կամ երբ է հարկավոր անել՝ Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար։

Հիմա էլ կառավարությունն ակտիվորեն առաջ է մղում ապօրինի հարստացման դեմ պայքարի գաղափարը։ Կառավարության վերջին նիստում  վարչապետն Արդարադատության նախարարին հանձնարարել է համապատասխան օրենսդրական փաթեթ մշակել։ Հրաշալի զբաղմունք գեղեցկադեմ նախարարուհու համար։ Ի՞նչն է Հայաստանում շատ՝ ապօրինի հարստացման օրինակները։ Ի՞նչն է Հայաստանում էլ ավելի շատ՝ ապօրինի հարստացածների խրախուսման օրինակները։ Հիմա պետք է այդ օրինակների հիման վրա այդ օրինակների դեմ պայքարի օրենսդրություն մշակել։ Մշակելը՝ կմշակեն։

Բայց ինչպե՞ս են կառավարության ու իշխանության մյուս անդամները պատասխանելու այդ հանձնարարության ունկնդրումից առաջացող հարցին՝ իսկ մի՞թե Հայաստանի օրենսդրությունը բավարար միջոցներ չունի ապօրինի հարստացման դեմ պայքարելու ու հարստացածներին պատժելու համար, և դրանից բխող մյուս հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ օրենսդրությունը լավ էլ միջոցներ ունի, բայց դրանք չեն կիրառվել և, եթե չեն կիրառվել, ինչո՞ւ է հիմա կիրառման փոխարեն՝ նոր օրենսդրություն մշակվում։

Հարցերն այս բավական վտանգավոր են իշխանության համար, որն ունի ոչ միայն ներկա ու պայծառասպաս ապագա, այլ, պատկերացրեք, նաև անցյալ։ Մոտ երկու տասնամյակի հասնող անցյալ։ Եվ, ուրեմն, եթե Հայաստանի գործող օրենսդրությունը բավարար միջոցներ չունի ապօրինի հարստացածների դեմ պայքարելու համար, նշանակում է՝ մինչ այս պահը Հայաստանի օրենսդիր մարմինը վատ է աշխատել ու նման կենսական օրենքներ չի ընդունել։ Իսկ ովքե՞ր են մեծամասնություն կազմում Հայաստանի խորհրդարանում անհիշելի ժամանակներից։

Այո, հանրապետականները։ Այո, այն նույն հանրապետականները, որոնց ղեկավարը Կարեն Կարապետյանին հրավիրել է վարչապետի պաշտոնում աշխատելու։ Եվ ուրեմն, մյուս հարցը՝ եթե առաջին հարցին դրական պատասխան է տրվում, և պարզվում է, որ օրենսդրությունը լավ էլ բավարար է ապօրինի հարստացման դեմ պայքարելու համար. այդ դեպքում ինչո՞ւ չի կիրառվել օրենսդրությունը, և ո՞վ չի կիրառել։ Գործադիր իշխանությունն ու դատական-դատախազական համակարգե՞րը։ Շատ բարի։

Իսկ ովքե՞ր են կրկին անհիշելի ժամանակներից գործադիր իշխանություն ձևավորում Հայաստանում։ Այո, կրկին հանրապետականները, ովքեր նաև դատախազներ ու դատավորներ են նշանակում։ Մի խոսքով, ինչպես էլ պտտվում է ճակատագրի անիվը, կանգ է առնում հանրապետականների վրա։

Այսինքն՝ Կարեն Կարապետյանի այսօրվա նախաձեռնությունը, որը ենթադրաբար ուղղված է ապագայում ապօրինի հարստացման դեմ պայքարելուն, իրականում ուղղակիորեն հարված է հասցնում նրան նշանակած Հանրապետական կուսակցության հեղինակությանը ու առաջացնում է նաև հարցեր, որոնք ոչ թե հռետորական, այլ քրեաիրավական պատասխաններ են ենթադրում։ Բայց բոլոր այդ հարցերը խլացվում են իմպերատիվ բառեր պարունակող գեղեցիկ ելույթների աղմուկի ներքո՝ «Անհրաժեշտ է», «պետք է», «հարկավոր է»։

Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե մեր կյանքն անանհրաժեշտ է ու անպետք է ու անհարկավոր։ Կեցցե՜ հայոց լեզուն։ Ամենաճկուն ու ամենաբարբարոս լեզուն աշխարհում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս