Բաժիններ՝

«Լոուքոսթերների» կամ 10 հազար դրամով Մոսկվա թռչելու մասին

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում կայծակնային արագությամբ տարածվեց այն լուրը, որ շուտով հնարավոր կլինի Գյումրիի օդանավակայանից թռչել Մոսկվա՝ 10 հազար դրամով։

Տեղեկությունը հրապարակել էր ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ նշելով, որ ռուսաստանյան «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

Pobeda-ի կայքում տեղակայված չվացուցակում Գյումրին դեռ չկա, սակայն վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ թռիչքները կսկսեն իրականացվել նոյեմբերի վերջից։

Արդեն տեղեկացրել ենք, որ «Պոբեդան» բջուջետային ավիաընկերություն է և հանդիսանում է «Աէրոֆլոտի» դուստր ընկերություն։ Սակայն մեր հայրենակիցներին շատերը հստակ չգիտեն՝ ինչ է նշանակում բյուջետային ավիաընկերություն (կամ՝ լոուքոսթեր) և ինչով են տարբերվում դրանց ծառայությունները դասական ավիաընկերություններից։

Կարդացեք նաև

Կարծում ենք՝ այս հոդվածի օգնությամբ կստանաք ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները։

Ինքնաթիռների անվտանգություն

Ամենագլխավոր հարցը, որ հուզում է ուղևորներին, անվտանգությունն է։ Շատերը մտածում են որ եթե տոմսերը էժան են ապա ավիաընկերությունը դա փոխհատուցում է էժան և հին օդանավերի հաշվին։ Իսկ հին օդանավը ուղևորի համար առավել ռիսկային է թվում։

Միանգամից նշենք, որ այդ առումով անհանգստանալու կարիք չկա։ Բյուջետային ավիաընկերությունները հակառակը՝ նախընտրում են թռիչքներ իրականացնել միայն նոր օդանավերով, որովհետև դա թույլ է տալիս խուսափել վերանորոգման ծախսերից։ Մի քանի տարի շահագործելուց հետո օդանավերը վաճառվում են այլ ավիաընկերությունների։

Pobeda-ի ինքնաթիռները նույնպես նոր են՝ դրանք մի քանի ամսվա «Boeing 737-800» օդանավեր են։ Ըստ ընկերության կայքի, Pobeda-ն ունի 12 հատ «Boeing 737-800»։

Իսկ այդ դեպքում՝ ինչի՞ հաշվին է ընկերությունը կարողանում էժան գին առաջարկել։

Էժան օդանավակայաններ

Բարձրակարգ և ծանրաբեռնված օդանավակայաններում օդանավերի սպասարկման վճարը բարձր է։ Այդ իսկ պատճառով, լոուքոսթերները նախընտրում են հին կամ խոշոր քաղաքաներից հեռու գտնվող օդանավակայանները, որտեղ սպասարկման վճարն ավելի ցածր է։

Pobeda-ն, ինչպես հայտարարվում է, ընտրել է Գյումրիի օդանավակայանը, որն աշխատում է նվազագույն ծանրաբեռնվածությամբ, իսկ վերջին ամիսներին փաստացի պարապուրդի է մատնված։

Տոմսերի օնլայն վաճառք

Լոուքոսթերները խնայում են նաև տոմսերի վաճառքի միջոցով։ Ի տարբերություն դասական ավիաընկերությունների՝ նրանք սեփական գրասենյակներ և աշխատակիցներ չեն պահում. Տոմսերի վաճառքը կատարվում է օնլայն եղանակով։ Բացի այդ, այս ընկերությունները էժան տոմսեր առաջարկում են այն դեպքում, երբ գնումը կատարվում է թռիչքից մի քանի ամիս առաջ։ Ստացվում է՝ ավիաընկերությունները անտոկոս վարկ են ստանում ուղևորներից մի քանի ամսով։

Նույնը Pobeda-ի դեպքում է։ Օրինակ, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Թբիլիսի ամենամոտ թռիչքը նոյեմբերի 1-ին է և ըստ Pobeda-ի պաշտոնական կայքի՝ ամենաէժան «Ստանդարտ» փաթեթը 1 մեծահասակի համար արժե 13399 ռուբլի (1 ուղղությամբ)։ Նույն տոմսը 2017-ի փետրվարի թռիչքի համար արժե 3060 ռուբլի։

Տոմսի վերադարձ և չվերթի ամսաթվի փոփոխություն

Շեշտը դնելով տոմսերի վաղաժամկետ վաճառքի վրա՝ լոուքոսթերների մեծ մասը միևնույն ժամանակ թույլ չեն տալիս տոմսը ետ վերադարձնել կամ փոխել թռիչքի ամսաթիվը։ Իհարկե, անհրաժեշտության դեպքում կփոխեն, սակայն դա բավականին թանկ կարժենա։

Ինչպե՞ս է Pobeda-ի պարագայում։ «Ստանդարտ» և «Պլյուս» փաթեթների դեպքում տոմսի վերադարձ կամ ամսաթվի փոփոխություն չի թույլատրվում։ «Պրեմիում» փաթեթով երկուսն էլ թույլատրվում է, սակայն դա շատ ավելի թանկ է։ Օրինակ, նույն վերը նշված Մոսկվա-Թբիլիսի չվերթի «Պրեմիում» փաթեթի գինը 18399 ռուբլի է։

Սակայն միայն այսքանը բավարար չէ՝ դասական ավիաընկերություններից մի քանի անգամ ցածր գին առաջարկելու համար։ Եվ ուրեմն՝ է՞լ ինչի հաշվին են խնայում լոուքոսթերները։ Կամ եթե հարցը այլ կերպ ձևակերպենք՝ ինչի՞ց է հրաժարվում ուղևորը՝ օգտվելով լոուքոսթերից։ Կարճ պատասխանն է՝ կոմֆորտ (հարմարավետություն)։

 Վճար՝ «ոտքի տեղի» համար

Էժան տոմսերի արդյունքում լուքոսթերները թռչում են լրիվ ծանրաբեռնվածությամբ՝ ազատ տեղեր չկան։ Սակայն լոուքոսթերները դրանով չեն բավարարվում. Նրանք վերակահավորում են ինքնաթիռի սրահը և ավելացնում նստատեղերի քանակը։

Օրինակ, ըստ որոշ տեղեկությունների, Pobeda-ի ինքնաթիռները ստանդարտ 150-ի փոխարեն ունեն 180 նստատեղ։ 30-ով ավել նստատեղը նշանակում է, որ բազկաթոռներն իրար ավելի մոտ են տեղադրված, ոտքերի համար նախատեսված տարածքն ավելի քիչ է և անհարմար։ Կան տեղեր, որոնք փոքր-ինչ ավելի ընդարձակ են, սակայն դրա համար անհրաժեշտ է վճարել։

Որտեղ նստել

Դասական ավիաընկերությունների դեպքում ընդունված է, երբ ուղևորը խնդրում է իրեն նստեցնել պատուհանի մոտ կամ որևէ այլ տեղ։ Ազատ լինելու դեպքում՝ նրա խնդրանքը բավարարվում է։ Լոուքոսթերներում այդպես չէ՝ ցանկանում ես քո նախընտրած տեղո՞ւմ նստել՝ վճարիր։

Ավելին, ընտանիքով թռչելու դեպքում լոուքոսթերի համակարգը ձեր ընտանիքի անդամներին կարող է նստեցնել սրահի տարբեր տեղերում։ Ցանկանում եք միասի՞ն լինել թռիչքի ընթացքում՝ վճարեք։

Pobeda-ն այս առումով բացառություն չէ։ Թռիչքների ամենաէժան՝ «Ստանդարտ» փաթեթով ուղևորի տեղը որոշվում է ավտոմատ կերպով՝ առանց նրա ցանկությունը հաշվի առնելու։ Ձեր նախընտրած տեղում նստելու համար կամ պետք է լրացուցիչ վճարեք, կամ ընտրեք «Պլյուս», «Պրեմիում» փաթեթներից մեկը, որոնք 20-30%-ով թանկ են «Ստանդարտ» փաթեթից։

Խիստ սահմանափակ ուղեբեռ

Դասական ավիաընկերությունները սովորաբար թույլատրում են հանձնել որոշակի քաշով 1 գրանցված ուղեբեռ և սրահ մտցնել թույլատրելի քաշով ու չափսերով մեկ ձեռքի ուղեբեռ։ Լոուքոսթերների նվազագույն գնով տոմսը ձեզ թույլ է տալիս ունենալ միայն ձեռքի ուղեբեռ՝ այն էլ չափազանց փոքր չափսի (ասենք, կանացի պայուսակ կամ պլանշետ)։ Եթե դա ձեզ չի բավարարում, ուրեմն՝ վճարեք։ Ընդ որում, ցանկալի է նախապես վճարել՝ տոմսը պատվիրելու ժամանակ, որովհետև օդանավակայանում դա շատ ավելի թանկ կարժենա։

Ինչ մոտեցում է այս հարցում ցուցաբերում Pobeda-ն։

«Ստանդարտ» փաթեթով թույլատրվում է մինչև 10 կգ գրանցված ուղեբեռ։ Ձեռքին թույլատրվում է ունենալ միայն կանացի պայուսակ կամ փոքր (Ա4 թղթի չափով) փաթեթ։ Ձեռքի ուղեբեռ ունենալ համար հարկավոր է լրացուցիչ վճարել կամ ընտրել ավելի թանկ «Պլյուս» փաթեթը։

«Պլյուս» փաթեթը թույլատրում է մինչև 10 կգ քաշով ձեռքի ուղեբեռ, սակայն գրանցված ուղեբեռ հանձնելու հնարավորությունից կզրկվեք։

Իսկ եթե ցանկանում եք երկուսն էլ ունենալ, ապա պետք է ընտրեք ամենաթանկ «Պրեմիում» փաթեթը։ Այն թույլատրում է հանձնել մինչև 20 կգ գրանցված ուղեբեռ և մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռ։

Սնունդ

Ավելի ճիշտ՝ սննդի բացակայություն։ Լոուքոսթերները թռիչքի ընթացքում չեն կերակրում։ Pobeda-ն այս հարցում ևս բացառություն չէ։

Թերևս այսքանը բավարար է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթը դեռ չի իրականացվում։

Իսկ երբ այս չվերթն իրականություն դառնա և որոշեք օգտվել Pobeda լոուքոսթերից, չէր խանգարի կարդալ նաև տարբեր ֆորումներում ուղևորների արձագանքները լոուքոսթերների և, մասնավորապես, Pobeda-ի թռիչքների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս