Հովիկ Աբրահամյանի ուշացած նվերը Կարեն Կարապետյանին
Երևի արդեն տեղյակ եք, որ Հայաստանը 5 հորիզոնականով առաջադիմել է Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն 2017։ Հավասար հնարավորություն բոլորի համար» (Doing Business 2017։ Equal Opportunity for All) զեկույցում։ Մենք այժմ գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով 190 երկրների շարքում 38-րդն ենք` նախորդ զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղի փոխարեն։
Հինգ տեղով առաջադիմելը, ինչպես նշվում է զեկույցում, հիմնականում մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն` Սոմալին, ավելացնելու արդյունքում է գրանցվել։
Բացի տեխնիկական պատճառներից, Հայաստանը նաև դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում` վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում։
«Մասնավորապես, երկիրը մեծացրել է վարկերի հասանելիությունը` ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է վարկերի մասով տեղեկատվական համակարգը` անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ։ Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը` կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում»,- նշվում է զեկույցում։
Ի՞նչն է այստեղ ուշագրավ։ Այս արդյունքները թեպետ նոր են հրապարակվում, զեկույցն էլ 2017 թվականի համար է, սակայն երկու ոլորտներում բարելավումները կատարվել են ավելի վաղ` Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք։ Այսինքն, Կարեն Կարապետյանի կառավարությունն ուշացումով ստացավ ՀՀ դիրքի 5 տեղանոց բարելավում նախորդ կառավարությունից։
Կասեք, որ դա կարևոր չէ՞։ Նայած ում համար։ Մենք էլ ենք պարբերաբար գրել, որ Doing Business-ի դերը գերագնահատել չի կարելի. պոտենցիալ ներդրողները միայն այդ զեկույցի վրա չեն հիմնվում։
Դրա հիմքում ընկած են կարգավորումները (օրենքները, որոշումները և այլն), սակայն բոլորը գիտեն` օրենք ու որոշում ընդունելը մի բան է, դրանց կիրարկումն ապահովելը` լրիվ այլ բան։
Ամեն դեպքում, բոլոր կառավարությունները միշտ կարևորել են Doing Business-ի դերը։ Միգուցե կասեք` Կարեն Կարապետյանի կառավարության համար դա կարող է այնքան էլ կարևոր չլինել։
Այդպես չէ, ճիշտ հակառակն է։ ՀՀ նոր կառավարության ծրագրում կարող եք կարդալ. «…գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքներով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով…» (ՀՀ կառավարության ծրագիր 2016, կետ 1.2` Կայուն տնտեսական զարգացում, ենթակետ` ներդրումների խրախուսում և պաշտպանություն)։
Այսինքն` նոր կառավարության համար Doing Business-ը ոչ միայն կարևոր է, այլև կոնկրետ չափելի նշաձող է դրված։ Ճիշտ է, նշված է` 2017 թվականի ընթացքում, սակայն Doing Business-ի զեկույցը հրապարակվել է 2 օր առաջ` կառավարության ծրագրից առաջ։ Այնպես որ, Հովիկ Աբրահամյանը նախատեսված ժամկետից շուտ գրեթե կատարել է այս խնդիրը` առաջընթաց ապահովելով զեկույցում։
Մնում է տեսնել, թե այս բարելավումն ու Էկոնոմիկայի նախարարության անվանման մեջ «ներդրումներ» բառն ավելացնելն իրականում ինչ արդյունք կտան և որքանով կնպաստեն ներդրումների ներհոսքի ակտիվացմանը։
Վերջում, ամեն դեպքում, մի մտահոգիչ հանգամանքի մասին նշենք։
Ներդրումներ ներգրավելը նույնպես մրցակցություն է` երկրների միջև։ Ու այս առումով, եթե կարևորում ենք Doing Business-ը, ապա այդ զեկույցում մեր դիրքն ու տեղաշարժը պետք է դիտարկել համեմատության մեջ` հարևանների ու գործընկերների հետ։
Այս առումով պատկերը բավականին տխուր է։ Վրաստանն առաջադիմել է 7 հորիզոնականով և արդեն 16-րդ տեղում է։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Բելառուսը բարձրացել է 13 տեղով և 50-րդ հորիզոնականից հայտնվել 37-րդում (մեզնից առաջ)։
Ղազախստանն ընդհանրապես փայլուն արդյունքներ է գրանցել. 51-րդ տեղից բարձրացել է 35-րդ տեղը (16 տեղով առաջընթաց)։ Ընդհանրապես, ինչպես նշվում է զեկույցում, երկրորդ տարին շարունակ Ղազախստանն իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է։ Այսինքն, այս երկրների հետ մրցակցության մեջ տանուլ ենք տալիս։
Իհարկե, կարող ենք ինքներս մեզ մխիթարել, որ Doing Business-ում մեր դիրքերն ավելի լավ են, քան Ռուսաստանինը (40-րդ տեղ, 4 տեղով նահանջ), Ղրղըզստանինը (75-րդ տեղ, 2 տեղով նահանջ) կամ Ադրբեջանինը (65-րդ տեղ, 4 տեղով նահանջ)։ Սակայն Ռուսաստանին չի կարելի մեզ մրցակից դիտարկել` ներդրումների ներգրավման տեսանկյունից, քանի որ Ռուսաստանը մեզ համար ավելի շատ ներդրումների աղբյուր է (այսինքն` մրցակցում ենք ուրիշների հետ` ՌԴ-ից ներդրումներ ներգրավելու առումով)։ Իսկ Ղրղըզստանն ու Ադրբեջանը, կարծում ենք, չեն կարող Հայաստանի համար նշաձող լինել, եթե ցանկանում ենք նոր որակի փոփոխություն։
Սա նշանակում է, որ կառավարությունն իր ծրագրում չափազանց համեստ նշաձող է սահմանել` Doing Business-ում 4 տեղով դիրքի բարելավման առումով։ Մեզ ավելի բարձր տեմպ է պետք։
Վերջում նշենք նաև, որ Doing Business 2017 զեկույցի առաջին հորիզոնականում Նոր Զելանդիան է, որին հաջորդում են Սինգապուրը և Դանիան։