Կարեն Կարապետյանը դե-յուրե դեռ ռուսաստանյան ընկերության տնօրենների խորհրդի անդամ է
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ստացել է «Газпром энергохолдинг» ընկերության ենթակայության տակ գտնվող ՕԳԿ-2 ընկերության բաժնետոմսերի 0.009%-ի սեփականատեր։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ընկերությանը։ Մինչ այդ Կարեն Կարապետյանը ՕԳԿ-2-ի բաժնետոմսեր չի ունեցել։
Այս տեղեկատվության մեջ մի քանի հետաքրքիր նրբերանգներ կան։
Նախ, «Կոմերսանտը» գրում է, որ Կարեն Կարապետյանն այդ բաժնետոմսերը ստացել է ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ՝ որպես վարձատրություն (2015 թվականի համար)։ Ընկերությունն այդ մասին տեղեկացրել է հոկտեմբերի 27-ին, սակայն որոշումն ընդունվել է ավելի վաղ՝ հունիսի 8-ին։ Պարզ չէ, ինչու է այդ տեղեկությունը ի հայտ գալիս այդքան ուշացումով՝ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո։
Երկրորդ, անհամապատասխանություն կա Կարեն Կարապետյանի կենսագրության մասով։ «Կոմերսանտը» իր հրապարակման մեջ հիշեցնում է, որ Կարապետյանը 2011 թվականին նշանակվել է «Գազպրոմբանկի» փոխնախագահ, իսկ 2012-ից՝ նաև «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ ռազմավարական զարգացման գծով։ Այս մասը համապատասխանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված՝ Կ. Կարապետյանի կենսագրությանը։
Սակայն «Կոմերսանտը» ավելացնում է, որ 2015 թվականին Կարեն Կարապետյանը նշանակվել է նաև «Газпром энергохолдинг» ընկերության փոխտնօրեն՝ միջազգային նախագծերի գծով։ Համատեղության կարգով, նա նաև «Газпром» խմբի մաս կազմող այլ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է (ТГК-1, «Газпром Кыргызстан» և МОЭК)։ Ահա այս մասին ՀՀ կառավարության կայքում ոչինչ չկա։
Եվս մի ուշագրավ հանգամանք։ Ընկերությունից «Կոմերսանտին» տեղեկացրել են, որ վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը ՕԳԿ-1-ին տեղյակ է պահել, որ այլևս չի մասնակցելու կառավարմանը։ Սակայն Կարեն Կարապետյանին վերը նշված ընկերությունների խորհրդի կազմից դուրս բերելու որոշումը կայացվելու է դեկտեմբերի 16-ին՝ բաժնետերերի արտահերթ ժողովի ժամանակ։ Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը դե-յուրե դեռ հանդիսանում է ռուսաստանյան մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։
Հրապարակման մեջ նշվում է, որ փոքր բաժնեմասը Կարեն Կարապետյանին իրավունք չի տալիս անմիջապես ազդել տնօրենների խորհրդի որոշումների վրա, և մյուս կողմից, չի պահանջում, որ որպես պաշտոնյա՝ նա այդ բաժնեմասը հանձնի հավատարմագրային կառավարման։
Կարեն Կարապետյանի ստացած 0,009% բաժնետոմսերի շուկայական արժեքը, ըստ «Կոմերսանտի» , այս պահին գնահատվում է մոտ 3.6 մլն ռուբլի (մոտ 27 մլն դրամ)։
Նշենք, որ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելու իր հայտարարագրում (լրացված 2016 թվականի սեպտեմբերի 29-ին) նշել է, որ ունի 50 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս։ Հայտարարագրում, սակայն, չի նշվում, թե դրանք որ ընկերության բաժնեմասերն են։