««Երբևէ նման բան չէր ասել, բայց այդ օրը զանգեց ու ասաց՝ մա՛մ, հեռախոսը տու՛ր, մեծից փոքր խոսեմ բոլորի հետ». հերոս Տիգրան Բերակչյանի մայրը մտովի դեռ Արցախի ճանապարհին է

«Հերոսի ծնողները» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Ջեբրայիլում, Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված Տիգրան Բերակչյանի ծնողներին՝ Եվգինե եւ Էդուարդ Բերակչյաններին:

Տիգրանի մայրը շուրջ 16 տարի աշխատել է Երեւանի մանկապարտեզներից մեկո墂մ որպես դայակ, իսկ հայրը ավտոփականագործ է: Տիկին Եվգինեի խոսքով՝ Տիգրանը երկու ծնողի հետ էլ մտերիմ, սակայն ինքնամփոփ էր, չէր սիրում շատ խոսել:

«Տիգրանս ինքնուրույն էր, ինքն իր համար: Շատ խելացի էր ու լավ հիշողություն ուներ, դեռ փոքր հասակում անգիր հիշում էր դեղերի անունները, որ տալիս էի իրեն, երբ հիվանդ էր: Տատիկի ընկերուհիները որ գալիս էին, գնում էր իրենց մոտ ու ասում.  «Գիտես, Գրե՛տ տատի, մաման ինձ էսօր էս դեղն էր տվել»: Շատ շուտ էր մտերմանում մարդկանց հետ, երբ անծանոթ վարորդներ էին գալիս մեր կողմերը, գնում նստում  էր նրանց կողքը, ես էլ ասում էի՝ էնքան ես էդպես անելու, որ մի օր քեզ գողանան, չենք իմանա: Տիգրանս երբեք չէր բռնկվում, երբ նույնիսկ ինչ-որ բան էինք ասում կամ բարկանում: Գնում էր մի տեղ մտնում, ինքն իրեն խոսում, ինքն իրեն հանգստացնում, որ չպատասխաներ»:

Տիգրանը միշտ շատ մտերիմ է եղել դպրոցական ընկերների հետ, ավարտելուց հետո էլ բոլորի հետ կապ է պահպանել:

Կարդացեք նաև

«Երկու որդիներս իրարից շատ են տարբերվում: Օրինակ՝ երբ փոքր տղայիս՝ Նարեկին, դպրոց տարա, առաջին օրը փախավ, չէր ուզում նստել դասի, իսկ Տիգրանիս հետ նման խնդիր չենք ունեցել: Սիրում էր դպրոցն ու դասընկերներին: Անգամ բանակ գնալուց հետո զանգում էին միմյանց, խոսում: Ընկերներից մեկն այլ զորամասում էր ծառայում, մյուսը Ռուսաստանում էր, բայց դա չէր խանգարում, որ իրենց կապն ամուր լիներ:  Նրանք էլ շատ  ծանր տարան էս դեպքերը,  այլ տեղերից զանգում էին իրենց ծնողներին, ասում, որ նման բան են լսել, Տիգրանի մասին հարցուփորձում»:

Տիկին Եվգինեն հուզվեց, երբ հիշեց, թե վերջերս ինչ էր պատմել իրեն Տիգրանի դասղեկը:

«Երկու օր առաջ հանդիպեցինք, ասաց. «Եվգինե, մի բան եմ հիշել, մտքիցս դուրս չի գալիս. մի օր, երբ դասի ժամանակ խոսում էինք բանակի մասին, Տիգրանն ասաց՝ ընկեր Արամյա՛ն, դե, կտեսնեք, ես գնալու եմ Ղարաբաղ ու հետ չեմ գալու»: Դասղեկն ասել էր՝ ես նոր եմ վերլուծում իր ասածները»:

Տիգրանը մեծ ոգեւորությամբ էր պատրաստվում զինվորական ծառայությանը եւ ցանկանում էր ծառայել հենց Ղարաբաղում: 2015 թվականի հուլիսին զորակոչվեց բանակ:

«Գիտեք, առհասարակ,  ո՛չ ես, ո՛չ ամուսինս երբեք էլ չենք խուսափել մեր որդիներին բանակ ուղարկելու մտքից, այդպես էլ մեր որդիներին ենք դաստիարակել: Տիգրանս լիովին պատրաստ էր բանակին: Նույնիսկ սոցցանցում գրել էր, բոլորին ասել, որ տեսեք՝ բանակ եմ գնում: Հուլիսի 14-ին պիտի բանակ գնար, բայց փոխել էր տվել, դարձրել 10-ին: Ես էլ ասի՝ այ տղա, ինչի ես փոխել, ասաց՝ բա մամ, շուտ գնամ, շուտ գամ: Թեպետ միշտ զանգում էինք, զրուցում, ոչինչ չգիտեինք իր բանակային կյանքի մասին, ոչինչ չէր պատմում: Ծառայակիցներից մենակ Բագրատին գիտեի, ով նույնպես պատերազմի ժամա նակ զոհվեց. մեր բակից էր, միասին էին բարձրանում դիրքեր. երբ խոսում էինք, ասում էր՝ մա՛մ, Բգոն բարեւում է: Տիգրանս նկարվել էլ չէր սիրում, կերազեի, որ բանակից գոնե մի նկար ունենայինք»,- ասում է զինվորի մայրն ու հերթականությամբ թերթում որդու նկարներն այն հույսով, որ, այնուամենայնիվ, բանակից մի նկար կգտնի:

Տիկին Եվգինեն պատմում է, թե զորակոչվելիս Տիգրանի ոգեւորությունն այնքան մեծ էր, որ ժամ առաջ ուզում էր ներկայանալ զինկոմիսարիատ:

«Ես որ տեսնում էի իր այդ հանգստությունը, ես էլ էի հանգստանում: Առավոտյան շուտ արթնացավ, 7:30 արդեն տանից դուրս էր ուզում գալ, թե բա 8-ին է գրված, գնանք, որ չուշանանք: Ես էլ ասի՝ տղա՛ ջան, էդ ժամը ծույլերի համար են գրել, որ գոնե 9-ին տեղում լինեն: Չէ, ինքը ուզում էր շուտ գնալ, նստեց մի բան կերավ, հարեւաններից մեկը՝ Բախշիկ պապին, եկավ մնաս բարով ասելու: Տիգրանիս մոտեցավ, գրկեց, ասաց՝ մի լավ տեղ գնաս ծառայես, Տիգրան ջան: Տղաս էլ, թե՝  Ղարաբաղ, Բախշիկ  պապի ջան, էտ ա, Ղարաբաղ: Էս վերջին արձակուրդից էլ բան չհասկացավ էրեխես, հիվանդացավ, հոսպիտալում պառկեց, էնտեղից միանգամից տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ: Որ զանգում, խոսում էինք, ասում էր՝ էլ չեմ դիմանում հոսպիտալում, ուզում եմ զորամաս գնալ: Ասում էի՝ այ տղա, ուրիշները երազում են, որ հոսպիտալում մնան, չգնան ծառայելու, դու ինչ ես ասում: Սիրտը տեղն ընկավ, երբ վերջապես տարան զորամաս»:

Տիկին Եվգինեի խոսքով՝ որդին շատ աշխատասեր էր, նույնիսկ դպրոցական տարիներին էր աշխատում  ՍԱՍ սուպերմարկետում որպես փաթեթավորող:

«Աշխատանքից գալիս էր գիշերը 1-ի կողմերը, 3-ին հազիվ պառկում էր քնելու ու առավոտյան 7:30-ի կողմերը արթնանում էր, որ գնար դպրոց: Ոնց որ անքուն լիներ, բայց չէր նեղվում, իր ապրելակերպն էր էդպիսին: Մի օր շուտ տուն եկավ, թե՝ մա՛մ, աշխատանքից դուրս է եկել: Ես էլ զարմացա, հարցրի՝ ինչն է պատճառը: Եվ պատմեց: Ասում է՝ դրամարկղի մոտ 5000 դրամ է մոռացված եղել: Ասում էր, որ նման դեպքեր էլի են եղել ու իրենք գումարը տվել են դրամարկղ: Տալիս է դրամարկղ, Տիգրանին ասում են, որ պահի իր մոտ, ընդհանուր գումարին չխառնվի, հետո ընդմիջմանը կհանձնի: Դե ասում է՝ մա՛մ, էդ ընթացքում գործերով ընկա, ասացին՝ գնամ, ծխախոտների տուփեր իջեցնեմ, մոռացա գումարը տալ: Երեկոյան հիշեցի, որ տանեմ, ինձ մեղադրեցին, թե ցանկանում էի գումարն ինձ պահել: Ինքն էլ ասել է՝ թե բա, առնվազն հիմար պիտի լինեմ, որ աշխատելով տեսախցիկների տակ, վերցնեմ ինձ:  Տիգրանս մի րոպե անգամ չի մնացել էնտեղ, վերջնահաշվարկի ժամանակ ասել են՝ մի շտապիր, մենք կվերանայենք, ինքն էլ ասել է՝ ինձ պետք չէ, ես դուրս կգամ, ուրիշ աշխատանք կփնտրեմ, չեմ աշխատի մի տեղում, որտեղ վստահություն չկա: Ուրիշ աշխատանք գտավ… Համոզում էի, որ գոնե նախքան բանակ գնալը դուրս գար աշխատանքից, մի քիչ հանգստանար, ասում էր՝ ի՞նչ եմ անում, որ…»:

Տիգրանի համար պատրաստված անկյունում նկարների մոտ շարված էին ձեռքի տարբեր ժամացույցներ: Մայրը պատմում էր, որ Տիգրանը շատ էր սիրում կրել ժամացույց, ամենացանկալի նվերը մշտապես հենց ժամացույցն է եղել:

«Մեկն ուղարկեցի բանակ, բայց, երեւի, թրջվել էր, սկսել էր չաշխատել, մի ուրիշ ժամացույց էր ուզել, ուղարկեցի: Ընկերը Թուրքիա էր գնացել, ինչ-որ բան էր ուզում բերել Տիգրանին, հարցրել էր՝ ինչ է ուզում, նորից ասել էր՝ ժամացույց: Ռուսաստանում ապրող քեռին էլ էր հարցրել, էլի ժամացույց էր ուզել: Ասում էր՝ էս մեկը զորամասում կկապեմ, էս մեկը՝ դիրքերում»:

… Տիգրանի հոր՝ Էդուարդի, համար դժվար էր խոսել ու հիշել ինչ-որ դրվագ որդու կյանքից: Միայն ասում էր, որ պատերազմի թողած վերքը դժվար թե երբեւէ սպիանա:

«Հիմա գոնե գնում եմ աշխատանքի, մի փոքր ցրվում, թե չէ չեմ պատկերացնում՝ ինչ կլիներ, եթե տանը նստեի»:


Տիգրանը ծնողների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 1-ին՝ նախքան դիրքեր բարձրանալը:

«Երբեւէ նման բան չէր ասել, միշտ զանգում էր, բոլորի հետ խոսում, բայց այդ օրը զանգեց ու ասաց՝ մա՛մ, հեռախոսը տու՛ր, մեծից փոքր խոսեմ բոլորի հետ: Մենք էլ, դե, խոսեցինք՝ տատիկը, հայրը, եղբայրը: Ես լսել էի, որ կռիվ է Ղարաբաղում, բայց կարծես չէի պատկերացնում, որ Տիգրանենց մոտ է: Առհասարակ Տիգրանս ասել էր, որ եթե չի զանգում, ուրեմն հարմար չէ, չանհանգստանանք: Չգիտեմ, մի տեսակ հանգիստ էի Տիգրանիս համար: Ամսի 2-ից հետո զանգում էին ինձ, հարցնում՝ արդյոք Տիգրանս ինձ չի՞ զանգել, ես էլ պատասխանում էի՝ չէ, բայց կզանգի»:

Ապրիլի 5-ին ընտանիքն իմանում է, որ Տիգրանն անհայտ կորածների ցուցակում է:

«Բագրատի մայրը եկավ մեր տուն, ասաց՝ գալի՞ս ես, գնանք Ղարաբաղ, ես էլ ասացի՝ գնանք Ղարաբաղ, ի՞նչ անենք: Ասաց՝ հո հիմար չես, մեր էրեխեքի մասին է խոսքը: Ես դեռ ոչինչ չէի պատկերացնում, մինչեւ ինձ չասացին, որ ամբողջ վաշտը չկա: Չգիտեմ՝ ինձ հետ ինչ եղավ, սկսեցի լացել, ինձ ասում էին՝ ինչ ես ամեն բան մտքովդ անցկացնում, դեռ ոչինչ չգիտենք: Հայրն էր գնացել Ղարաբաղ, այնտեղ իմացել, որ անհայտ կորածների ցուցակում է: Իսկ ես չէի ուզում ոչ մի վատ բանի հավատալ, սպասում էի Տիգրանիս զանգին: Այդ օրերին սկսեցին ծանոթներ, բարեկամներ ու հարեւաններ գալ մեր տուն, իմ աշխատակիցները, բայց ես ոչինչ չգիտեի: Փաստորեն, ամբողջ Քանաքեռով մեկ իմացել են, ինձ չեն ասել. գալիս էին, որ, երեւի, հեռվից հասկացնեին: Ես իմացա միայն ապրիլի 11-ին, երբ արդեն մարմինների փոխանակումը կատարվել էր»:


Տիկին Եվգինեն թերթում է հիշողության էջերը… Տպավորվել է որդու ժպիտը. պատմում է, որ երդման արարողության ժամանակ բազում զինվորների մեջ ի վերջո կարողացել է գտնել մի հարազատ ժպիտ:

«Չէի կարողանում որդուս գտնել, ախր, զինվորներն էլ էնքան նման են իրար, ձեռքս կապույտ հովանոց կար, մտածեցի՝ հովանոցը վերեւ-ներքեւ անեմ, նկատի: Ու տեսնեմ՝ մեկն էլ իր գլխարկն է թափահարում: Տիգրանս էր ժպտում հեռվից»:

Ծնողները մեծ դժվարությամբ են համակերպվում իրականությանը, չեն հավատում որդու զոհվելու բոթին, դեռ սպասում են:

«Ես մտքերով ամբողջ օրը Ղարաբաղի ճանապարհներին եմ, նամանավանդ գիշերները: Տիգրանս չկա, բայց մտածում եմ մյուսների մասին. որ քնում են, արթնանում, աշխատում, ապրում ու ուրախանում, Տիգրանիս ու մյուս զինվորների շնորհիվ է:  Դրսում էլ որ երիտասարդների եմ տեսնում, չկարծեք, թե նախանձում եմ, չէ, ուղղակի մտածում եմ՝ եթե հայրենիք է, ուրեմն բոլորի համար է, ուզում եմ, որ բանակը բոլորի համար լինի, ոչ թե միայն իմ նման ծնողների երեխաների: Չգիտեմ՝ ինձ մոտ դեռ չի ստացվում դուրս գալ էդ ահավոր երազից: Ոչ գիշերս է գիշեր, ոչ ցերեկս՝ ցերեկ: Եղանակներն էլ միապ աղաղ գալիս, գնում են: Ինչպես ասեմ, թռչունն ուզում է ճախրել, բայց չի կարող, թեւեր չունի»:

Հերոսի մայրը մի ցանկություն ունի, որ բանակը, զինվորները բոլորից լավ ապրեն, իսկ զինվոր կորցրած ընտանիքների նկատմամբ պետությունն ու մարդիկ ավելի ուշադիր լինեն:

«Ուզում եմ՝ բանակին ավելի լավ նայեն: Ու, հասկանո՞ւմ եք, մենք ամեն ինչից էլ թեպետ հրաժարվել ենք, բայց ամեն դեպքում սկզբում խոստանում էին՝ դուք խնդիր չեք ունենա… Բայց…»:

Սյուզի Մուրադյան
Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Տեսանյութեր

Լրահոս