«Ինչը սխալ է Հայաստանում՝ դա նաև իմ սխալն է. որևէ հայ չպետք է բողոքի իր հայրենիքի խնդիրներից». Անդրե Սիմոնյան

«Դեռ երեկ էր Հոլանդիայի համերգը, իսկ այսօր ուզում ենք կիսվել Ձեզ հետ մեր նոր ալբոմի և համերգի նորությամբ: Համերգ-շնորհանդեսի ժամանակ կկատարենք մեր երկար սպասված չորրորդ ալբոմի երգերը, ինչպես նաև երգեր նախորդ ալբոմներից: Ալբոմն անվանել ենք «Pale Nightingale»…»,- այս հայտարարությամբ էր իր ֆեյսբուքյան էջում հանդես եկել «The Beautified Project»-ը՝ Հայաստանում միակ անգլալեզու ռոք խումբը, որն ունի նաև միջազգային ճանաչում: Թուրք հանդիսատեսի համար երգելու, ալբոմի անվան ընտրության և հայրենիքից հիասթափվելու իրավունք չունենալու մասին 168.am-ը զրուցել է խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ:

«Pale Nightingale»-ն Ձեր խմբի թվով 4-րդ ալբոմն է լինելու: 3-րդ ալբոմը թողարկել էիք 2013-ին: Ո՞րն էր 4-րդ ալբոմի ուշանալու պատճառը:

– Դա պայմանավորված էր 3-րդ ալբոմի հաջողությամբ: Հայաստանից դուրս այն բավականին լավ հաջողություն ունեցավ: Այն մեզ տվեց երկու եվրոպական համերգային շրջագայություն և բազմաթիվ առանձին համերգներ: Այդ պատճառով մենք չէինք կարողանում կենտրոնանալ և ալբոմ ձայնագրել: Ընթացքում մեկ-մեկ երգ էինք ձայնագրում և այդ երգերի համար տեսահոլովակներ նկարահանում: Պարզապես զգացինք, որ ժամանակն է մտնել ստուդիա՝ ևս 4-5 նոր գործ ձայնագրելու:

Ոճային առումով ո՞ր ալբոմին է նման 4-րդը:

Կարդացեք նաև

– Այն ավելի մոտ է մեր 1-ին և 2-րդ ալբոմներին, քանի որ ավելի փոփ-ռոք է, քան ռոք, ավելի մեղեդային ալբոմ է: Հուսամ, որ այն կգրավի ոչ միայն ռոք լսողներին: Ալբոմում զետեղված է թվով 8 երգ:

andre-simonyan

Համաշխարհային շոու-բիզնեսում շրջագայություններն արվում են, որպեսզի վաճառվի՞ ալբոմը, թե՞ ալբոմն է նպաստում շրջագայության հաջողությանը: Ինչպե՞ս է մեզ մոտ դա տեղի ունենում:

Այդ հարցը նման է նրան՝ հա՞վն էր առաջինը, թե՞ ձուն: Ալբոմի շուկան վատ վիճակում է, քանի որ այլևս ոչ բոլորն են գնում ֆիզիկական ալբոմ. կա համացանցը, որտեղից ուզածդ երգը կարող ես ներբեռնել: Ամբողջ աշխարհում շուկան հիմնված է կենդանի երաժշտության վրա: Այն երաժիշտներն են համարվում հաջողակ, ովքեր կարողանում են մեծ թվով համերգային տոմսեր վաճառել:

– Քանի՞ երկիր եք այցելել և որտե՞ղ է եղել համերգի ամենաթանկ տոմսը:

– Ավելի քան տասը երկիր ենք այցելել: Վիեննա և Բեռլին ենք հաճախ այցելում: Տոմսերի գներն ըստ տեղի շուկայի է որոշվում: Վերջին համերգը, որն ունեցանք Հոլանդիայում, 25-30 եվրոյի շուրջ էր տոմսերի գինը: Մեզ ապշեցրեց Հոլանդիայի համերգը, քանի որ մենք այդ երկիր երբեք չէինք գնացել, բայց նվագեցինք իրենց ամենահայտնի սրահներից մեկում: Ես շատ մտահոգ էի, թե ինչպե՞ս է այդքան շատ տոմս վաճառվելու, բայց, ի զարմանս ինձ, վաճառվել էր տոմսերի 80 տոկոսը:

andrey-simonyan-10

andrey-simonyan-8

– Կարծում եմ՝ դա լավ կատարած պրոդյուսերական աշխատանք է նաև: Որքանո՞վ է Հայաստանում զարգացած համերգի անցկացման և տոմսերի վաճառքը գրագետ կազմակերպելու մշակույթը:

– Կան երկրներ, որոնց պրոմոուտերների պրոֆեսիոնալիզմն ուղղակի զարմացնում և հիացնում է: Բայց եղել են նաև երկրներ, որտեղ գնացել ենք համերգի և ընդհանրապես գոհ չեն եղել պրոմոուտերից՝ թե տոմսերի վաճառքի, և թե հյուրանոցում տեղ հատկացնելու առումով…

Իսկ Հայաստանում ո՞վ է զբաղվում Ձեր համերգների կազմակերպմամբ:

Միայն ես:

Գո՞հ եք Ձեր աշխատանքից:

– Ինձ թվում է՝ Հայաստանի շուկայում որևէ ռոք խումբ այսքան երկար չի դիմացել, որքան մենք: Առաջին հայ ռոք խումբն ենք, որ նույն անձնակազմով չորրորդ ալբոմին ենք հասել: Մեր թիմային աշխատանքը չի փլուզվել:

andrey-simonyan-9

andrey-simonyan-7

Ինչո՞ւ է ալբոմը կոչվում «Pale Nightingale»: Ի՞նչ խորհուրդ ունի այն:

Թարգմանաբար նշանակում է՝ գունաթափ սոխակ: Ես շատ եմ նայում «Animal planet» ալիքը, և այնտեղ հաճախ է խոսվում, որ թռչունների ձայնը գնալով պակասում է, և դա գալիս է աշխարհի ջեռուցումից: Այնքան վատ ենք վերաբերվում այս աշխարհին, որ կենդանիները գնալով վերանում են՝ իրենց հետ տանելով իրենց ձայները: Դա համեմատեցինք մեր խմբի ստեղծագործական որոշակի դադարի հետ:

– Ձայնասկավառակի միստիկ նկարը, որի հեղինակը, բնականաբար, միստիկայի սիրահար Արվին Քոչարյանն է, ի՞նչ իմաստ է կրում: Միստիկ լուսանկարն ունի ենթագիտակցանը թափանցելու հատկություն: Ամեն մեկն իրենն է տեսնում կադրում: Ո՞րն էր Ձեր ասելիքը:

– Մեր նախկին ալբոմում 21-րդ դարի Եվային էինք ներկայացրել, ով վտարվում է նաև այս աշխարհից: Աստված հանեց նրան դրախտից, քանի որ իրեն «լավ չպահեց», սակայն նա վտարվում է նաև մեր աշխարհից, քանի որ կարողացել էր նաև այս աշխարհը փչացնել: Իսկ այս ալբոմում նույն աղջիկն է, ով վերադառնում է ավելի պարզ ու մաքուր:

Ինչպե՞ս եք բացատրում Ձեր խմբի հաջողությունը Հայաստանում: Միգուցե դա մեր օտարամոլությունի՞ց է. դուք ներկայացաք՝ որպես անգլալեզու խումբ, մենք էլ կարծեցինք, թե դրսից եք եկել, սկսեցինք «խունջիկ-մունջիկ գալ», բայց պարզվեց՝ հայ եք… Սակայն արդեն ուշ էր՝ Ձեզ սիրեցին:

Կարող է և դա է պատճառը, բայց ասեմ, որ մեր դրսից լինելն ինձ շատ է խանգարել: Ես այստեղ չունեի որևէ ծանոթ, երբ մենք թողարկեցինք ձայնասկավառակը և տեսահոլովակ նկարահանեցինք: Առաջին 2 տարին շատ ենք չարչարվել, որ կարողանանք մտնել հեռուստատեսություն: «Ծանոթ-բարեկամ» տարբերակով չենք սկսել մեր ճանապարհը: Մենք թողարկել էինք մի ալբոմ, որը շատ սիրվեց բոլորի կողմից, սակայն տարվա լավագույն ռոք խումբ մրցանակը շնորհեցին ռեգգի խումբ հանդիսացող «Ռեինկարնացիային»: Այնպիսի թյուրիմացություններ էին լինում, որ ուղղակի խնդալու էր… Կրկին իրոնիա կա այս ամենի մեջ. երբ մեզ դրսից հրավիրում էին համերգների, մենք արդեն mtv էինք մտել, սակայն դեռ առաջին քայլերն էինք անում տեղի հեռուստաընկերություններում:

andrey-simonyan-4

andrey-simonyan-3

Արտերկրում միայն անգլալեզո՞ւ երգեր եք երգում:

Ոչ միայն: Երգում ենք նաև «Կիլիկիան», «Արագիլը»:

Ո՞վ է Ձեր հանդիսատեսը մեր երկրից դուրս: Տեղի հայե՞րն են, թե՞ օտարերկրացիներ ևս կան:

Օրինակ, Բեռլինում, որտեղ մեզ հաճախ են հրավիրում, հանդիսատեսի շարքում ընդամենը երկու հայ ենք հանդիպել, մնացածը գերմանացիներ են եղել: Իսկ օրինակ, Վիեննա գնալիս՝ հանդիպում ենք շատ հայերի, ովքեր մոտակա քաղաքներից են գալիս մեր համերգը լսելու, գալիս են Հայաստանից իրենց կարոտն առնելու: Ինձ շատ զարմացրեց Հոլանդիայի համերգը, որտեղ համերգի էին եկել քաղաքապետարանից՝ տեսնելու, թե հայերն ինչպե՞ս են անգլերեն ռոք երգում:

andrey-simonyan-6

Մինչ օրս ո՞րն է եղել ամենահետաքրքիր համերգը:

Դեկտեմբերին Թուրքիայում կայացած համերգն ինձ համար առանձնահատուկ տպավորիչ էր: Մի մեծ դահլիճ՝ լեփ-լեցուն թուրքեր եկել էին մեզ լսելու: Ով ինչ ուզում է ասել, դա ինձ չի հուզում, քանի որ դա ինձ շատ հպարտացրեց: Ես կանգնեցի բեմում և ներկայացրեցի իմ գրած երաժշտությունը:

Թուրքիայում և՞ս հայերեն երգեր եք կատարել:

Այո, երգել ենք «Կիլիկիա» և «Արագիլ», և այն, ինչ որ հազվադեպ ենք անում՝ նաև Սայաթ-Նովա ենք երգել:

Բազմիցս եմ լսել, որ սփյուռքահայերի մեծամասնության համար Հայաստանն այցելելուց առաջ և հետո բոլորովին տարբեր իրականություններ են: Մի մասն ասում է՝ երկիրը գրկաբաց սպասում է իր հային, մյուս հատվածն ասում է. «Դե, որ եկել ես, մի բանով օգնի»: Գաղտնիք չէ, որ «թալանը» սկսվում է «հայրենիքի տաքսու վարորդին» առնչվելու պահից ի վեր:

Գիտե՞ք, ես իմ հայրենիքից չեմ հիասթափվել, քանի որ միշտ համարել եմ, որ այդ ամենի մեջ նաև մեղքի իմ բաժինը կա: Ինչը սխալ է Հայաստանում՝ դա նաև իմ սխալն է: Եթե ես օտար երկրում առնչվում եմ բացասական որևէ երևույթի հետ, ես կարող եմ դժգոհել: Բայց որևէ հայ չպետք է բողոքի իր հայրենիքի խնդիրներից: Բողոքով ոչինչ չես փոխի, ընդհակառակը՝ պետք է քայլեր ձեռնարկել դա շտկելու համար:

andrey-simonyan-1

Օրինակ՝ Դուք կարողացե՞լ եք ինչ-որ փոփոխություններ մտցնել մեր երկրում:

Այն ամենը, ինչն ինձ ժամանակին նեղացնում էր, այո, ես փորձել եմ շտկել: Ես իմ բնագավառում եմ փոփոխություններ իրականացրել: Եթե ինձ դուր չէր գալիս, որ «Թոփ 10»-ը բաղկացած էր միայն ռաբիս երգերից, ես մտել եմ «Թոփ 10» և այդպիսով խանգարել եմ այդ ռաբիսներից մեկին: Եթե ինձ խանգարում էր ժողովրդի չժպտալը Հայաստանում, ես ավելի լայն էի ժպտում, որ ինձնից սովորեն ժպտալ: Եվ ես՝ որպես մարդ, շատ բան եմ սովորել հայաստանցիներից:

Մենթալիտետի, դաստիարակության տարբերությունը չի՞ խանգարում:

– Անշո՛ւշտ խանգարում է: Բայց ես որ երկրում էլ ապրել եմ՝ օտար եմ եղել: Երբ 11 տարի ապրում էի Պարսկաստանում, դպրոցում ինձ ասում էին, որ ակցենտով եմ խոսում: 11 տարի ապրել եմ նաև Անգլիայում, որտեղ բոլորն ինձ հարցնում էին, թե որտեղի՞ց եմ եկել, որ նման չեմ անգլիացու: Եվ արդեն 11 տարի է՝ ապրում եմ Հայաստանում, ու կրկին ինձ հարցնում են, թե որտեղի՞ց եմ:

andrey-simonyan-2

– Ամեն երկրում՝ 11 տարի, փաստորեն: Հաջորդ երկրի ժամանա՞կն է եկել:

Ընկերներս էլ նույն հարցն են տալիս: 11 թիվն ինձ հետ է:

Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ խմբի համերգն ու «Pale Nightingale» ալբոմի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ Տիկնիկային թատրոնում:

Տեսանյութեր

Լրահոս