Բաժիններ՝

«Ես համամիտ չեմ, որ Հայաստանի մեկուսացում է գնում». Վաչե Գաբրիելյան

Որոշ տնտեսագետների կարծիքով` կառավարության այս ծրագիրն էլ ավելի է խորացնում Հայաստանի մեկուսացումը: Դրա վկայություններից մեկն է, որ 32-էջանոց փաստաթղթում «Իրան» բառը հիշատակվում է միայն 2 անգամ, երբ էներգետիկ ծրագրերի շարքում նախանշվում է «2019 թվականին Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարարության ավարտը» և արտաքին քաղաքականության բաժնում թվարկվում է արտաքին քաղաքականության ուղեգծի իրականացման ուղղվածությունը` «անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացում»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կտրականապես չհամաձայնեց, որ Հայաստանը մեկուսանում է: «Ես համամիտ չեմ, որ մեկուսացում է գնում: Զուգահեռ՝ նաև ակտիվ աշխատանքներ գնում են այլ երկրներում, բայց դա չի նշանակում, որ դա մեկուսացում է»,- ասաց նա:

Կառավարության ծրագրում Իրանի հետ համագործակցության մասին համեստ ձևակերպումների վերաբերյալ Վ. Գաբրիելյանը նշեց, որ, եթե ինքը չի սխալվում, էներգետիկայի ոլորտում համագործակցության խնդիրներ կան, «հենց թեկուզ էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ»: Մեր դիտարկմանը, որ ծրագրում ոչ Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա միջանցքի մասին, ո՛չ Հյուսիս-Հարավ  ավտոմայրուղու, ո՛չ էլ առավել ևս երկաթգծի մասին որևէ մի խոսք չկա, Վ.Գաբրիելյանը պատասխանեց. «Հիմա, մի վայրկյան, նայեմ»:

Ըստ Վ. Գաբրիելյանի` Իրանը հանդիսանում է Հայաստանի համար ռազմավարական գործընկեր, և այդ տեսակետից՝ Իրանը միշտ հաշվի է առնվում: Ի պատասխան հարցին` այդ դեպքում ինչո՞ւ ենք Իրանի հետ համագործակցության ակտիվության առումով զիջում Ադրբեջանին, փոխվարչապետը նշեց. «Կան պատրաստի ենթակառուցվածքներ այնտեղ, և չկան այդ ենթակառուցվածքներն այստեղ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Թե ո՞րը պետք է լինի շահագրգռությունը, որ այստեղի ենթակառուցվածքի վրա էլ գումար ծախսեն, եթե այնտեղ պատրաստի կա, Վ. Գաբրիելյանը վստահեցրեց, որ բազմազանությունը միշտ տրամաբանական է, և նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված է մեկից ավելի ճանապարհներ ունենալով, և Հայաստանն այնպես պետք է անի, որ դրանք լինեն շահավետ:

Այս ընթացքում Վ. Գաբրիելյանը ծրագրում փնտրում էր Իրանի հետ համագործակցության մասին տողերը և, երբ գտավ, մատնացույց արեց. «Էլեկտրահաղորդման գծերի ավարտը, նաև միասնական 4 երկրների էներգահամակարգերի համակցման խնդիրների վերաբերյալ, որ Երևանում ստորագրեցին, դրա շարունակականությունը կա: Բայց դա որպես ենթակառուցվածք է նշված: Իսկ ընդհանրապես Իրանը համարվում է ռազմավարական գործունեություն նաև ԵՏՄ շրջանակներում, նրա հետ ազատ առևտրի պայմանագիր է քննարկվում, և մենք` որպես միակ ցամաքային սահման ունեցող նրանց հետ, ևս ակտիվորեն ներգրավված ենք դրանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս