Բաքվում դարձյալ դոլարային դեֆիցիտ է. դոլարն անհետացել է ադրբեջանական բանկերից
Ադրբեջանում դարձյալ դիտվում է դոլարային աժիոտաժ, գրում է ադրբեջանական haqqin.az պորտալը։ Նշվում է, որ արժութային շուկայում մի քանի շաբաթ տևող կայունությունից և մանաթի փոխարժեքի բարձրացումից հետո որոշ բանկեր սահմանափակել, անգամ ամբողջությամբ դադարեցրել են դոլարի վաճառքը։
Ամիսներ առաջ նմանատիպ աժիոտաժի հետևանքով մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ հատել էր ռեկորդային՝ 1.80 նշագիծը։ Այդ ժամանակ ամերիկյան արժույթն անհետացել էր փոխանակման կետերից, իսկ բանկերը սահմանափակել էին վաճառքը՝ 1 մարդուն վաճառելով 100-200 դոլար։
Միայն Ադրբեջանի Կենտրոնական բանկի և Պետական նավթային հիմնադրամի միջամտությունը, որոնք բանկերին վաճառել էին ռեկորդային՝ 300 մլն դոլար, թույլ տվեցին կանխել դոլարի փոխարժեքի սպեկուլյատիվ աճը, գրում է պորտալը։
Վերջին շաբաթում Ադրբեջանի ԿԲ-ն և Պետական նավթային հիմնադրամը արժութային շուկա ներարկեցին մեծ ծավալի ամերիկյան արտարժույթ, որը գերազանցում էր բանկերի պահանջարկը։ Այդկերպ ապահովվել էր շուկայում դոլարի ներկայությունն ու կայունությունը։
Մանաթը դոլարի նկատմամբ 3 շաբաթ շարունակ ամրացել էր 1.59 AZN/USD մակարդակում, սակայն վերջին մի քանի օրում արժութային շուկայում պատկերը կտրուկ փոխվել է։ Ադրբեջանական բանկերը բարձրացրել են փոխարժեքը և այն ներկայում վաճառվում է 1.65-1.66 AZN փոխարժեքով։
Պորտալը գրում է, թե հայտնի չէ՝ որն է նման կտրուկ աճի պատճառը։ Որոշ բանկերի ներկայացուցիչներ դա բացատրել են դոլարի դեֆիցիտով։
Միաժամանակ, մի շարք բանկեր կասեցրել են դոլարի վաճառքը։