Ադրբեջանում ծաղկում են կալանավորումներն ու ակտիվիստների հետապնդումները. Human Rights Watch
Human Rights Watch միջազային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր 75 էջից բաղկացած զեկույց է հրապարակվել՝ նվիրված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց քննադատողների նկատմամբ հետապնդումների փաստերին։
Նշվում է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց մրցակիցների նկատմամբ կիրառում են լայն բռնաճնշումներ քաղաքական կեղծ մեղադրանքների ճանապարհով։
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների օրենսդրական ու քաղաքական սահմանափակումներն ուղղված են նրան, որ կաթվածահար անեն անկախ կազմակերպությունների գործունեությունը։ Հետապնդումների են ենթարկվում փաստաբանները, իշխանություններին քննադատողների պաշտպանյալները։
«Ազատ արձակելով քննադատների մի խմբի՝ իշխանությունները միանգամից կալանավորում են մյուսներին։ Արդյունքում՝ բազմաթիվ հալածյալներ ստիպված են լքել երկիրը»,- ասվում է զեկույցում։
Տվյալ զեկույցը կազմելիս կազմակերպությունը հարցում է անցկացրել 90 իրավապաշտպանի, ՀԿ-ների ղեկավարների, լրագրողների և կուսակցությունների անդամների շրջանում։
Նշվում է, որ գլոբալ ճգնաժամի և նավթի գների անկման հետևանքով երկրի իշխանությունները փորձում են ֆինանսական օգնություն ստանալ Եվրամիությունից, միջազգային ֆինանսական կառույցներից։
Միաժամանակ, երկրում այս տարի կալանավորվել է 20-ից ոչ պակաս երիտասարդ ակտիվիստ, որոնք մեղադրվում են թմրանյութերի տարածման ու անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ։ Նրանցից շատերը ենթարկվել են կտտանքների։
Նման կալանավորումներն ու ակտիվիստների հետապնդումները ուժգնացել են մինչ Սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի անցկացումը։ Նրանցից շատերը բռնաճնշումների են ենթարկվել Facebook-ում իրենց գրառումների համար։
Բանտերից ազատելով իրավապաշտպաններին և ակտիվիստներին՝ Ադրբեջանի իշխանություններն արգելում են նրանց դուրս գալ երկրից, արգելափակում են նրանց աշխատանքը ՀԿ-ներում։
Զեկույցում նշվում է, որ իշխանությունները հետապնդում են նաև այն ակտիվիստների և լրագրողների ազգականներին ու մտերիմներին, ովքեր լքել են երկիրը։
«Երկրում փաստացի արգելված է միջազգային դոնորների գործունեությունը, որոնց պարզապես վտարել են Ադրբեջանից»,- ասվում է զեկույցում։
Human Rights Watch-ը կարծում է, որ այդ բոլոր խախտումների համար պատասխանատուները պետք է ենթարկվեն վիզային պատժամիջոցների ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից։