«ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ փոխակերպման գործընթացին». Սվիտալսկի

«ՀՀ-ում տնտեսական աճի երկու բաղադրիչ կա»,- այսօր «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» և Ֆ.Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրավիրած «Ազատ շուկայական տնտեսություն. Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով տնտեսական խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական աճի ապահովման իր տեսլականը։

Դեսպան Սվիտալսկին հիշեցրեց, որ այսօր ՀՀ կառավարությունն իր ծրագիրն է ներկայացնում, ու ինքը պատիվ է ունեցել հանդիպելու ՀՀ նորանշանակ վարչապետի հետ, քննարկել նրա հետ Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը։ Սվիտալսկիի խոսքով՝ վարչապետի ուղերձը հստակ էր՝ բարելավել բիզնես միջավայրն ու ներկայացնել կառավարման եվրոպական մշակույթ, սրանք նրա ամենաբարձր առաջնահերթություններից են։ «Սա համընկնում է Եվրոպական միության քաղաքականության հետ: Իսկ եվրոպական միության դիրքորոշումը Հայաստանի հետ համագործակցության տեսանկյունից հետևյալն է՝ մենք հավատում ենք, որ պետք է բարելավենք բիզնես միջավայրը, տնտեսական աճի միտումներ ձևավորենք»,- ասաց դեսպանը։

Նրա կարծիքով՝ շատ հայաստանցիներ, ոչ միայն փորձագետներ, այլև շարքային քաղաքացիներ խոսում են, որ սա բավականին կրիտիկական հանգրվան է ՀՀ տնտեսական զարգացման համար։ Շատ փորձագետներ, դեսպանի դիտարկումներով, համոզված են, որ աճի ավանդական գործոններն այլևս լիովին իրենց սպառել են, և Հայաստանը պետք է աճի նոր միտումներ փնտրի։ «Հայաստանը պետք է շեշտը դնի աճի գոհացուցիչ տոկոսներ ապահովելու վրա, որը կհաղթահարի շատ տնտեսական ու սոցիալական խնդիրներ»,- ասաց Սվիտալսկին։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ տնտեսական աճի երկու կարևոր բաղադրիչ կա, որ պետք է ապահովվեն։ Առաջինը, ըստ նրա, մանր ու միջին բիզնեսի զարգացումն է։ «Եթե դուք համեմատեք Եվրոպական միությանը Հայաստանի հետ, ապա ԵՄ-ում մանր ու միջին ձեռնարկություններն ապահովում են 60-70% զբաղվածություն ու ՀՆԱ, Հայաստանում դա 30% է։ Հայաստանը ետ է մնում ոչ միայն Մոլդավայից, Ուկրաինայից, Վրաստանից, այլ նույնիսկ Բելառուսից՝ մանր ու միջին ձեռնարկությունների դերակատարության տեսանկյունից։ Ուստի պատահականություն չէ, որ ԵՄ-ն մեծ աջակցության մեկնարկ է տալիս մանր ու միջին ձեռնարկություններին, այդ հարցում մեր գլխավոր գործընկերը գերմանական Զարգացման գործակալությունն է։ Մեր դերակատարությունն այստեղ ջանքերին աջակցելն է։ Հայաստանում մանր ու միջին ձեռնարկությունները պետք է մեծ ուշադրության ու աջակցության արժանանան»,- նման համոզմունք հայտնեց ԵՄ դեսպանը։

Երկրորդ բաղադրիչը, նրա կարծիքով. արտաքին ներդրումներն են։ Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն ամենախոշոր արտաքին ներդրողն է Հայաստանում։ «Բայց կրկին մենք հավատում ենք, որ արտաքին ներդրումների միջավայրը պետք է բարելավվի, ներդրումների ներուժը Հայաստանում մեծ է։ Կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաղթահարվեն՝ ներգրավելու համար ավելի շատ ներդրումներ, մասնավորապես՝ քաղաքական. ԼՂ հակամարտության կարգավորում, սա այն գործոններից մեկն է, որը դերակատարություն ունի այս հարցում։ Բայց կրկին մենք հավատում ենք, որ ներուժը մեծ է, քան ներկայումս կա»,- ասաց դեսպանը։ Ըստ նրա՝ սակայն այս երկու բաղադրիչներից առաջինը՝ պետք է վերացնել այն խնդիրները, խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս բիզնես գործունեություն Հայաստանում։ Նրա հավաստիացմամբ՝ ոչ մանր ու միջին ձեռնարկություններ, ոչ արտաքին ներդրողներ Հայաստան չեն գա, եթե բիզնես գործունեություն ծավալելու հիմնական չափանիշերը բարելավված չեն։

Ամփոփելով իր խոսքը՝ դեսպան Սվիտալսկին ընդգծեց. «Հայաստանին շրջադարձ է անհրաժեշտ իր տնտեսական քաղաքականության հարցում, սա ոչ միայն բիզնեսմեններն են ակնկալում, այլև շարքային հայերը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու այս փոխակերպման գործընթացին»։

Տեսանյութեր

Լրահոս