«Պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են». վարչապետը՝ կոռուպցիայի և այլ բացասական երևույթների դեմ պայքարի մասին
«Միայն բոլորիս շահագրգիռ և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները, կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է սկսեն հենց կառավարությունից, պետք է նոր շունչ հաղորդեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերին՝ դրանք դարձնելով ժամանակակից, ճկուն և արդյունավետ. «Այդ համակարգերը սանիտարական մաքրման ենթրակելով՝ պետք է հասնենք նրան, որ նվազագույն ծախսերով ապահովենք առավելագույն արդյունք»։
Վարչապետն ընդգծեց, որ պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է.
«Սրա մասին շատ է խոսվում։ Համակարգերի արդյունավետ գործունեության համար կարևոր է իրավասությունների արդյունավետ բաշխումը։ Կառավարության կոլեգիալ լիազորություններն անհրաժեշտ են միայն առավել կարևոր ռազմավարական խնդիրների լուծման համար։ Կառավարության անդամները պետք է ունենան իրենց վստահված ոլորտի կառավարման բավարար լիազորություններ, և դրան համապատասխան՝ պաշտոնական պատասխանատվություն։ Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը բոլոր օղակներում դարձնել առարկայական, քիչ բյուրոկրատական, պարզ և հասցեական, պետք է հստակորեն իմանանք, թե ինչո՞ւ են որոշումներն ընդունվում կամ չեն ընդունվում, ո՞ր օղակում են դրանք ուշանում, ինչպե՞ս կարող ենք կարճ ժամանակում լուծել քաղաքացիներին հուզող խնդիրներ»։
Կ. Կարապետյանը նշեց, որ տեղական ինքնակառավարման մակարդակում առավել արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով խթանելու են պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ աջակցելով ընտրված մարմիններին առավելագույն օգտավետությամբ. «Հնարավորինս անցնելու ենք մեկ պատուհան սկզբունքով քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու համակարգերին՝ նվազեցնելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք նրանք ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս»։
Կ. Կարապետյանի խոսքով՝ պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի:
«Կարևոր է, որ մենք պարբերաբար հիշենք, որ պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են, կարևոր է, որ պետական մարմնի դուռը թակելով՝ քաղաքացիները որակյալ սպասարկում ստանան»,- ասաց նա։