«Հանրային վայրերում տեսանկարահանվող քաղաքացին իրավունք ունի դիմել և անվճար ստանալ իրեն վերաբերող անձնական տվյալների կրկնօրինակը». Շուշան Դոյդոյան

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում գտնվում է բարձիթողի վիճակում.

«Ունենք միայն բավականին լավ օրենք և մեկ տարվա կիրառման պրակտիկա. Իհարկե, հսկայական աշխատանք է կատարվել, բայց ինչ վերաբերում է իրազեկությանը, ապա դա անհանգստացնող է: Բազմաթիվ մեծ խնդիրներ են առաջ գալիս երկու կողմերի անտեղյակությունից»,- ասաց նա:

Նա նշեց, որ վիճակագրական տվյալներով՝ հարցվողների 62%-ին չի հուզում, թե պետական կամ մասնավոր մարմիններին տրամադրվող իրենց անձնական տվյալների ծավալները հետագայում ինչ ձևով են օգտագործվելու։ Շ. Դոյդոյանը մի կարևոր խնդրի վրա ուշադրություն հրավիրեց.

«Այսօր Երևանում ու դրա սահմաններից դուրս ամեն քայլափոխի քաղաքացիները ենթարկվում են տեսահսկման մասնավոր կառույցներում, խանութներում, փողոցներում, ինչն 90% դեպքերում իրականացվում է առանց անձնական տվյալների պաշտպանության. պատճառներից մեկն այստեղ կարող է լինել իրավակարգավորման բացակայությունը։ Այս բացը լրացնելու, բայց նաև խիստ կարգավորումներ անմիջապես չթելադրելու նպատակով՝ ցանկացած հանրային վայրում տեսահսկում իրականացնողի հանդեպ կարելի է վարչական վարույթ հարուցել: Մահակի ռեժիմն առայժմ չենք կիրառում, թեև դրա լիազորություններն ունենք»։

Նա նկատեց՝ ցանկացած վայրում, եթե քաղաքացուն տեսագրում են, քաղաքացին իրավունք ունի դիմել և պահանջել իրեն վերաբերող նյութերի կրկնօրինակը.

«Տեսանկարահանման ուղեցույց ենք մշակել, որտեղ նաև հստակ նշված է, որ, օրինակ՝ գործատուն, եթե աշխատավայրում կիրառում է տեսախցիկ ու աշխատակիցներին ասում է, թե դա արվում է շենքի անվտանգությունն ապահովելու նպատակով, չի կարող ընթացքում փոխել այդ նպատակը և ասել՝ ես այդ նյութերը կարող եմ կիրառել աշխատողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու նպատակով, որովհետև նա ուշացել է աշխատանքից։ Ինչպես նաև սահմանում ենք այն իրավունքը, որ յուրաքանչյուր սուբյեկտ, ում տեսաձայնագրել են, իրավունք ունի դիմել և անվճար ստանալ իրեն վերաբերող անձնական տվյալների կրկնօրինակը։ Դրան պետք է պատրաստ լինեն տեսահսկողները։ Եթե տեսահսկվողը դիմում է, նրան պարտավոր են 5-օրյա ժամկետում տրամադրել իրեն վերաբերող տվյալների ծավալը»։

Շ. Դոյդոյանը մի կարևոր խնդրի լուծման մասին ևս խոսեց.

«Անցանկալի հաղորդագրություններ տարբեր խանութներից, ծառայություններ մատուցողներից քաղաքացիներն այլևս չեն ստանա։ Հստակ օրենքի պահանջ կդրվի՝ առանց քաղաքացիների համաձայնության՝ արգելվում է նրանց ուղարկել հաղորդագրություններ: Քաղաքացին որևէ խանութից գնում է կատարում, տրամադրում է իր հեռախոսահամարը՝ զեղչերի մասին տեղեկություն ստանալու համար, բայց պարզվում է, որ այդ խանութը ցանց ունի, ու հաճախորդը կրակն է ընկնում. սկսում ես ռմբակոծվել տարբեր խանութներից եկող տեղեկություններով։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պարզ քայլերով քաղաքացին հնարավորություն ունենա դադարեցնել իրեն եկող նմանատիպ հաղորդագրությունների հոսքը»։

Տեսանյութեր

Լրահոս