Թբիլիսիում տոնում են քաղաքի տոնը. Թբիլիսոբան՝ 168.am-ի աչքերով
Հանգստյան օրերին Վրաստանի մարաքաղաք Թբիլիսիի կենտրոնական փողոցները սովորականից մարդաշատ էին՝ տոնական: Ամեն տարի հոկտեմբերի վերջին երկու հանգստյան օրերը թբիլիսցիներն անցկացնում են՝ տոնելով իրենց քաղաքի տոնը: Այս տարի Թբիլիսիի տոնը՝ Թբիլիսոբան (վրաց.՝ თბილისობა), նշվում էր հոկտեմբերի 15-16-ին՝ հյուրընկալելով նաև չափազանց մեծ թվով զբոսաշրջիկների:
168.am-ի տեսախցիկը, YAN Voyage-ի հետ միասին, տեղում՝ Թբիլիսիում, մասնակցեց մայրաքաղաքի տոնին և ահա թե ինչեր բացահայտեց:
Նախ՝ ակնհայտ իրողություն էր՝ սեփական տոնի առիթով քաղաքն առանձնապես օտարամոլ պճնանք չուներ, պարզապես այդ օրերին Թբիլիսի կենտրոնական թաղամասը, ինչպես սովորաբար իրենք՝ թբիլիսցիներն են ասում՝ Հին քաղաքը, սովորականից մարդաշատ էր, մի քիչ ավելի աշխույժ, բարձր տրամադրությամբ:
Ամենամյա համաժողովրդական տոնը, որ նվիրված է բերքահավաքին և Թբիլիսի քաղաքին, տոնվում է երկու օր շարունակ, տոնակատարության ժամանակ քաղաքում կազմակերպվել էին տարատեսակ տոնավաճառներ, ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, ստեղծագործական երեկոներ, մրգի և գինիների փառատոն։
Ամեն տարի այս օրը Թբիլիսիում տեղի է ունենում նաև արվեստի և սպորտի հայտնի գործիչներին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում։ Ամեն տարի քաղաքի տոնի առիթով Թբիլիսին դառնում է տոնակատարությունների կենտրոն՝ վերականգնելով 1500 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքի հին ավանդույթներն ու կենցաղը, կազմակերպվում են ազգային մշակույթը ներկայացնող տարբեր միջոցառումներ:
Զրուցելով թբիլիսցիների հետ, պարզեցինք՝ այս տարի Թբիլիսոբան առանձնահատուկ լավ էր անցնում, քաղաքի բնակիչների մեծ մասը մեր հարցերին պատասխանում էր սեփական քաղաքի նկատմամբ ընդգծված հպարտության և սեփականատիրոջ անկեղծ սրտացավությամբ.
«Ես Թբիլիսում եմ ծնվել և սիրում եմ այս քաղաքը: Մենք ուզում ենք, որ մեր քաղաքը լավագույնը դառնա աշխարհի ներկայանալի մայրաքաղաքների շարքում, և կարծում եմ՝ հասել ենք դրան: Նայեք՝ մեր շուրջը որքան զբոսաշրջիկներ կան, ովքեր հատուկ ժամանել են Թբիլիսի, որպեսզի մեզ հետ միասին կիսեն մեր քաղաքի տոնին նվիրված ուրախությունն ու լավ ժամանակը: Կարծում եմ, եթե ոչ նրանցից բոլորը, ապա գոնե ճնշող մեծամասնությունն այստեղից կհեռանան գեղեցիկ ու անմոռանալի տպավորություններով, այնպիսին, ինչպիսին կարող է հաղորդել միայն Թբիլիսիի յուրատիպ քաղաքային կոլորիտն ու մեր հյուրընկալ ժողովուրդը: Մենք նկատում ենք, որ տարեցտարի այս տոնին մեր քաղաքը ավելի ու ավելի մարդաշատ է դառնում: Սա խոսում է այն մասին, որ մենք ու մեր գեղեցիկ պահպանված քաղաքը հետաքրքիր է դրսից այստեղ ժամանող մարդկանց համար: Առաջարկում ենք ձեզ ևս մի քանի րոպե թողնել ձեր տեսախցիկն ու միանալ մեզ՝ ուրախանալ և զգալ մեր քաղաքի գույները»,- 168.am-ի հետ զրույցում խանդավառված ուրախությամբ ասում է ուսանողուհի Ջվանիա Մխացեսֆիլին:
Երկօրյա տոնակատարությունները կազմակերպելու համար Թբիլիսիի քաղաքապետարանն այս տարի ծախսել է շուրջ կես միլիոն դոլար՝ մոտավորապես նախորդ տարիների չափով:
Դեպի Թբիլիսի՝ Թբիլիսոբայի տոնակատարությանը մասնակցելու համար YAN Voyage-ի հետ իրականացված ուղևորության ընթացքում 168.am-ն այցելեց նաև մայրաքաղաքում գործող երկու հայկական՝ Սբ. Էջմիածին և Սբ. Գևորգ եկեղեցիներ, ինչպես նաև Թիֆլիսի հնագույն հայկական թաղամաս՝ Հավլաբար:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի տոնն առաջին անգամ կայացել է 1979 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Խորհրդային Վրաստանի ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից նշվում է ամեն տարի՝ բացառությամբ 1990-ական թվականների սկզբի քաղաքական անկայուն տարիներին։