«Պատրաստվեք, որ ձեր նկատմամբ տեղի է ունենալու արդար դատավարություն». Զարուհի Փոստանջյանը՝ Դավիթ Հարությունյանին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում (ԸՕ) փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ նրանց քաղաքական թիմը հրաժարվեց այն դրույթից, որ ՀՀ քաղաքացիները, ովքեր ստիպված գտնվում են տարբեր երկրներում, հայաշատ քաղաքներում, չեն կարող քվեարկել, մասնակցել համապետական ընտրություններին.
«1995թ., երբ ընդունվում էր նոր Սահմանադրությունը, թեպետ այն կեղծիքով ընդունվեց, մեր հայրենակիցներին մերժեցին, որպեսզի նրանք չկարողանան օգտվել երկքաղաքացիությունից, փաստորեն նրանք հնարավորություն չունենային զբաղվել քաղաքականությամբ։ 2005թ. իբրև թե փոխվեց Սահմանադրությունը, և թույլ տվեցին, որ ունենանք երկքաղաքացիություն, բայց դրա հետ մեկտեղ՝ ԸՕ-ում այնպիսի փոփոխություններ կատարվեցին, որ օտար երկրներում գտնվող մեր քաղաքացիները չկարողանան քվեարկել։ Հիմա ո՞րն է ձեր մտավախությունը, որ թույլ չեք տալիս ստիպված արտասահմանում գտնվող մարդկանց քվեարկել։ Ձեր մտավախությունն այն է, որ ձեր քրեաօլիգարխիկ համակարգն այլևս չի՞ կարող գործել, թե՞ մտածում եք, որ հայոց խորհրդարանը պետք է համալրված լինի միայն հայ ժողովրդի քրեաօլիգարխիկ ներկայացուցիչներով»։
Դ. Հարությունյանն ի պատասխան՝ ասաց, որ հարցը չի վերաբերում ներկայացված նախագծին.
«Ընդամենը քաղաքական հերթական ելույթն է, չեմ պատրաստվում պատասխանել։ Նախագծի հետ կապված մեկ այլ հարցադրման սիրով կպատասխանեմ»։
Զ. Փոստանջյանն այսպես արձագանքեց.
«Չեք կարող պատասխանել, դրա համար չեք պատասխանում։ Իհարկե, վերաբերում է նախագծին և փոփոխություններին, որովհետև փոփոխություններն արվում են նրա համար, որպեսզի քաղաքացիները կարողանան լիարժեք օգտվել ընտրական իրավունքից։ Մինչդեռ ձեր տրամադրությունն այսպիսին չէ, դուք ցանկանում եք միայն ընտրական իրավունքն ապահովել ձեր քրեաօլիգարխիկ համակարգի համար և ապահովել ՀՀԿ վերարտադրությունը։ Բայց ժամանակն այնպիսին է, որ ավարտին է մոտենում ՀՀԿ պատմությունը։ Պատրաստվեք, որ ձեր նկատմամբ տեղի է ունենալու արդար դատավարություն»։
Դ. Հարությունյանն ի պատասխան՝ ծիծաղեց, ապա նշեց.
«Վերջին նախադասությունը ձեզ մոտ կարծես ավանդույթ է. ցանկացած ելույթ ունեցողի նկատմամբ նույն տեքստն անընդհատ կրկնում եք։ Իրեն հարգող, հարց տալու ընդունակ իրավաբան-պատգամավորը դրա պատասխանն իր մեջ պետք է ունենա, թե ինչո՞ւ ԸՕ-ում դա չկա, ո՞վ է դրա հեղինակը, որ մենք քննարկումների ժամանակ թույլ չենք տվել»։