«Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կիրառած ռուսական սպառազինությունները մատակարարվել էին, երբ պատերազմի սպառնալիքն էականորեն ցածր էր». Սկակով
«Ռուս փորձագետներն ավելի հոռետես և իրատես գտնվեցին, քան հայ փորձագետները»,- այս մասին այսօր «Ռուս–հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ իր հայ գործընկերների մասին ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ռուս-հայկական ռազմական համագործակցության վերաբերյալ հասարակական դժգոհություններին։
Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ իսկապես, Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար կարևոր է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը, քան ՀԱՊԿ-ն։ Ռուս վերլուծաբանը համաձայն է նաև, որ պատերազմը Ղարաբաղում քիչ է վերաբերում Ղրղըզստանին, Բելառուսին, Ղազախստանին, դա նրանց պատերազմն ու գործը չէ, հասկանալի է, որ նրանք Ղարաբաղ ռազմական կոնտինգենտ չեն ուղարկի և չեն միջամտի իրավիճակին։ Սակայն Սկակովը փորձեց իջեցնել հայկական հասարակության և փորձագիտական հանրության «վստահ տոնայնությունն» այս դժգոհություններն արտահայտելիս՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ պայմանագիրը կնքվել է Հայաստանի, և ոչ՝ Ղարաբաղի հետ։
«Սա շատ կարևոր հանգամանք է Ռուսաստանի տեսանկյունից, առավել ևս, երբ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը։ Ստացվում է, որ նույնիսկ Հայաստանի համար Ղարաբաղը մնում է հետխորհրդային Ադրբեջանի մասը»,- նկատեց Սկակովը։
Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն միայն պատերազմի ժամանակ օգնություն հասցնելու ձևաչափ չէ, դա համագործակցության, փոխհարաբերությունների ձևաչափ է, այսինքն՝ փոխհարաբերությունների համակարգ՝ սպառազինության մատակարարում, տեխնոլոգիաների փոխանակում, համատեղ զորավարժությունների անցկացում, ուսուցանում, ահաբեկչության դեմ պայքար, և այլն, և այլն։
«Այսօր, չնայած ամեն ինչի, Հայաստանը ստացել է լուրջ սպառազինության տեսակներ, որոնք ցուցադրվեցին երևանյան զորահանդեսի ժամանակ, դա ողջ աշխարհը տեսավ և Թբիլիսիում, և Թեհրանում, և Բաքվում, և Անկարայում։ Այն, որ դրանք արագ կերպով չեն մատակարարվել, բնական է, քանի որ նման գործարքները կարճ ժամանակահատվածում չեն հասցվում իրենց ավարտին»,- հստակեցրեց Սկակովը։
Ռուս վերլուծաբան Սկակովն արդարացված չի համարում նաև մեղադրանքները Ռուսաստանի հասցեին այն մասին, որ Ռուսաստանը սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, որով ադրբեջանական կողմը թիրախավորել է հայկական դիրքերը։ «Գուցե այդ սպառազինությունն օգտագործվել է վերջին պատերազմական գործողությունների ընթացքում, սակայն պետք է ասել, որ այդ սպառազինություններն Ադրբեջանին մատակարարվել են այն ընթացքում, երբ պատերազմի սպառնալիքն էականորեն ավելի ցածր էր։ Ուզում եմ հիշեցնել, որ շատ հարգարժան հայ փորձագետները երեք-չորս տարի առաջ ինձ վստահեցնում էին, որ ես չափազանցնում եմ վտանգը, որ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինի երբեք, որ այդ ամենը PR է, պրոպագանդա, և այլն։ Այսպիսի տրամադրություններ Հայաստանում կային և բավականին նկատելի էին։ Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր։ Ստացվում է, որ ռուս փորձագետներն ավելի հոռետես էին և իրատես, քան հայ փորձագետները, որոնք ավելի մոտ էին իրադարձություններին, չէին տեսնում այդ վտանգը»,- ասաց Սկակովը։
Բանախոսը նաև ասաց, որ այնքան էլ համաձայն չէ, որ Հայաստանի համար կարևոր են անվտանգության հարցերը Ղարաբաղի հետ կապված, քան տնտեսական, քանի որ դրանք սերտորեն փոխկապակցված են։ «Եթե Հայաստանում տնտեսական ճգնաժամը խորանա, ապա դա միանշանակորեն կանդրադառնա նույն ԼՂ հակամարտությունում Հայաստանի դիրքերի վրա։ Իսկ եթե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարանան, թեև այս սցենարը քիչ հավանական է թվում, ապա դրանից կօգտվեն երրորդ ուժերը, որոնք դա կօգտագործեն Հայաստանի դեմ սադրելով՝ ստեղծելով ռազմական գործողությունների նոր վտանգ։ Ուստի այս ամենը շատ սերտ փոխկապակցված են, ուստի այստեղ առանձնացնել մեր համագործակցությունը տնտեսության ոլորտում և մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ պետք չէ, պետք է դրանք համադրել և օգտագործել թե երկկողմ, թե բազմակողմ համագործակցության ներուժը»,- այս կարծիքին է Ալեքսանդր Սկակովը։