«Այս նախագիծն ընդունում ենք կամ պիտի ընդունենք, քանի որ ինչ-որ վարկային նախագծով մեզ պիտի փո՞ղ տան»

ԱԺ արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն ասաց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս գործող օրենսգրքով բոլոր  տեսակի օգտակար հանածոների համար գործում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը։ Իրավունքը տրվում է առաջնահերթության սկզբունքի հիման վրա՝ բավարարելով առաջին դիմումատուի դիմումը։

«Օրենսգրքով տարբերակված չեն ռադիոակտիվ հումքի, երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները։ Ռազմավարական նշանակություն ունեցող ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նշյալ օրենքի նախագծով նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությանն ընտրելիս՝ հաշվի առնել վերջինիս՝ ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղի քանակը, և այլն»,- ասաց նախարարի տեղակալը՝ ներկայացնելով նախագծի դրույթները։

Նախարարի տեղակալի ելույթի ընթացքում Աժ նախագահ Գալուստ Սահակյանը դիտողություն արեց՝ նշելով. «Ես խնդրում եմ՝ այդ խոսակցությունները հետո՝ ընդմիջման ժամին կշարունակեք։ Չեն կարողանում մարդիկ լսել»։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարդում է ներկայացվող նախագծի բնապահպանական բնագավառում գնահատման եզրակացությունը, որում ասվում է, որ օրենքի ընդունումը շրջակա միջավայրի օբյեկտների, մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի , բուսական և կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա կարող են առաջացնել բացասական հետևանքներ, և հակառակը՝ օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետևանքներ չեն առաջանա։ Ըստ նրա՝ բնապահպանության ոլորտում լիազոր մարմինը տվել է բացասական եզրակացություն, մյուս եզրակացությունները չեզոք են՝ որևէ դրական գնահատական չկա, իսկ հիմնավորումների մեջ ասվում է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրով նախատեսված ֆինանսական վարկի՝ երկրորդ և երրորդ մասնաբաժինների տրամադրման համար նախապայման հանդիսացող սահմանված միջոցառման կիրարկումն ապահովելու նպատակով։ Նա նշեց, որ փաստորեն այս նախագիծն ընդունում ենք կամ պիտի ընդունենք, քանի որ ինչ-որ վարկային նախագծով մեզ պիտի փո՞ղ տան. «Սա ի՞նչ տրամաբանություն է»։ Նախարարի տեղակալն անդրադառնալով Բնապահպանության նախարարության եզրակացությանը՝ ասաց, որ նշվում է երկու դեպք. եթե ընդունվի այս տարբերակով, դեմ են, եթե ընդունվի այն տարբերակով, որն իրենք ներկայացրել են, չեն առարկում, իրենք նախարարության կողմից առաջարկված փոփոխություններն իրականացրել են։ Նա նշեց, որ սա վարկային համաձայնագրի նախապայման է, համաձայնագիրը քննարկվել է ԱԺ-ում, հաստատվել, հավանության արժանացել, դրա կետերից մեկն էլ մրցութային կարգի ապահովումն էր։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ներկայացված նախագծում առաջին, երկրորդ տարբերակ առկա չէ։

Վարդան Այվազյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ մրցույթում հաղթողին հետագայում շահագործման իրավունք չտրամադրվի։ Վարդան Գևորգյանը պատասխանեց՝ հնարավոր է նման բան, քանի որ փաթեթը պետք է ուղարկվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման, և, եթե գնահատումը բացասական լինի, ապա մրցույթը կեղյալ է ճանաչվում, և տվյալ տեղամասը չի տրամադրվում ընդերքօգտագործողին։

Պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին՝ նախարարի տեղակալն ասաց, որ այսօր ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությամբ Հայաստանում ոչ մի կազմակերպություն չի զբաղվում. 2009-2014թթ. այսպիսի ուսումնասիրություններ իրականացվել են, որոշ պաշարներ են հայտնաբերվել, սակայն դրանց շահագործումը տնտեսապես շահավետ չի եղել։ Թևան Պողոսյանն արձագանքեց, որ կարող ենք փաստել՝ ավելի շատ արտաքին մասնակիցների ներգրավման համար ենք դաշտը ձևավորում. «Փաստորեն, ոչ թե մեր ներքին ռազմավարությունից ենք խնդիր լուծում և հասկացել ենք, որ սա մեզ պետք է, այլ՝ այլ բաների՞ համար ենք այսպիսի պայմաններն ապահովում, թե կարող է կառավարությունը նոր ռազմավարությունը բերի, մեջը տեսնելու ինչ-որ բան լինի։ Պարզապես հետաքրքիր է տեսնել սրա բուն խնդիրը։ Միայն և միայն պահանջի՞ն ենք ենթարկվում, թե՞ մենք էլ ենք սրա մեջ ռազմավարություն տեսնում»։ Նախարարի տեղակալն ասաց, որ չէր ասի, թե պահանջին են ենթարկվում, համարում են, որ սա շատ կարևոր և ռազմավարական ճյուղ է։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ ուսումնասիրությունը ծախս է, ներդրում. «Դուք մրցույթ եք կազմակերպում, որևէ կազմակերպության հաղթող եք ճանաչում, և նա մի քանի տարի ուսումնասիրություն է կատարում։ Հաստատում է պաշարները, փորձագիտական եզրակացություններն է հավաքում, և այլն, և դուք հետո շահագործման լիցենզիա նրան չեք տալիս։ Հիմա այդ կազմակերպությունը, որը պիտի գա և ուսումնասիրություն պիտի կատարի, ինչո՞ւ է առանց օրենսդրական երաշխիքի գալու՝ այդ ուսումնասիրությունները կատարի, որով ծախս անի, հետո շատ հավանական է՝ ինքը շահագործողը չլինի»։ Նախարարի տեղակալն ի պատասխան՝ ասաց, որ գործող օրենսդրությամբ ուսումնասիրությունն իրականացնող կազմակերպությունն ունի առաջնահերթություն դիմումի քննարկման ժամանակ։ Ըստ նրա՝ այս պատասխանով ներդրումների հետ կապված մտահոգությունը պիտի որ փարատվի, սակայն նաև այլ խնդիրներ, որոնց մասին հիմա չէր ցանկանա խոսել, բայց իրենք պարտադիր կքննարկեն և լուծումներ կգտնեն։

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ առաջնահերթությունը կամ առավելությունը երաշխիք չեն. «Այդ ներդրողը պետք է օրենսդրորեն երաշխավորված լինի, որ, եթե այդ բոլոր պարամետրերը կատարում է, ինքն էլ շահագործումը պետք է իրականացնի»։

Տեսանյութեր

Լրահոս