«ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միմայն ընդհանուր պաշտպանական և տնտեսական տարածքի ձևավորման շրջանակում». Պուտինի խորհրդական
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում է ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը: Գլազևը, բացի ֆորումի շրջանակում իր ելույթներից, պատասխանել էր հայաստանյան լրագրողների հարցերին։ Մասնավորապես խոսելով ռուս-թուրքական մերձեցման մասին՝ նա նշել է, թե ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը չի ոտնահարում Հայաստանի շահը։ Ավելին, նրա համոզմամբ, Հայաստանը ոչ միայն չպետք է անհանգստանա ռուս-թուրքական հարաբերությունների խորացումից, այլ նաև կարող է օգուտ քաղել դրանից: «Չեմ տեսնում որևէ պատճառ՝ մտածելու, թե Հայաստանի շահը ոտնահարվում է, կամ տուժում են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները: «Որքան խորը լինեն կապերը ոչ միայն Եվրասիական միության ներսում, այլև հարևան երկրների հետ, այդքան ավելի կամրապնդվի քաղաքական կայունությունը, ու կավելանան հնարավորությունները»,- ասել էր նա: 168.am-ը Սերգեյ Գլազևի հետ զրուցել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլից։
– Պարոն Գլազև, կրկին սրվել է ռուս-ամերիկյան առճակատումը Սիրիայում, ինչը հանգեցրեց սիրիական ճգնաժամի շուրջ ՌԴ-ԱՄՆ համագործակցության կասեցմանը։ Սա մի շարք գնահատականների համաձայն՝ կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի վրա։ Ի՞նչ սպասումներ կան այս առնչությամբ։
– Որքանով ես կարող եմ դատել տարբեր միջազգային ֆորումների մասնակցության իմ փորձից, ԱՄՆ-ը սովորաբար խթանում է հակամարտությունների սրացումը և չի օգնում մեղմացնել դրանք։ Այսինքն՝ որտեղ քննարկվում է կոնֆլիկտային իրավիճակ, ամերիկացիներն այնտեղ են, նրանք այդ հակամարտություններն օգտագործում են՝ ելնելով իրենց շահերից։
– Իսկ Ռուսաստա՞նը։
– Մենք հակառակ խնդիրն ունենք։ Մենք խնդիր ունենք կարգավորել հակամարտությունները, որպեսզի դրանք այլևս չլինեն։ Այս հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումները բոլորովին տարբեր են։ Վերջին 10 տարիների ընթացքում, երբ ԱՄՆ-ը սկսեց կորցնել գլոբալ առաջնորդությունը, մենք տեսնում ենք, որ ողջ աշխարհում ընթանում է հակամարտությունների լարում։ Այսինքն՝ այն բոլոր վայրերում, որտեղ ամերիկացիները կարողանում են, ստեղծում են լարվածության գոտիներ, հատկապես՝ համաշխարհային տնտեսության այն գոտիներում, որտեղ նրանք բավարար չափով վերահսկողություն չունեն։ Խոսքն Իրաքի, Լիբիայի մասին է, այս պատերազմներն արհեստականորեն ամերիկացիները ստեղծեցին համաշխարհային տնտեսության այն հատվածներում, որոնք նրանց վերահսկողության տակ չէին։ Հենց այս սկզբունքով նրանք ցանկանում են քաոսային իրավիճակ ստեղծել հետխորհրդային տարածքում, քանի որ կարծում են, թե կորցնում են այստեղ իրենց առաջնորդությունը՝ մեր գոտում։ Նրանք Եվրասիական ինտեգրացիան դիտարկում են՝ որպես սպառնալիք իրենց գաղութային աստվածության համար՝ մեր գոտում, ուստի ի սկզբանե բոլորովին անարդարացիորեն ԱՄՆ-ը խոչընդոտում է Եվրասիական ինտեգրացիային՝ պատմելով, որ դա Խորհրդային Միության վերականգնման փորձ է, ինչը բոլորովին այդպես չէ։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հետխորհրդային տարածքում ամերիկացիներն ամենուր և միշտ խթանում են հակամարտությունները։
– Ձեր նշածը նաև ԼՂ հակամարտությա՞նն է վերաբերում։
– Ես կարող եմ ասել, որ չեչենական իրավիճակը Ռուսաստանում հիմնականում խրախուսվեց, սադրվեց ԱՄՆ-ի կողմից, թեև Ելցինը նրանց համար ամենալավ ընկերն ու գործընկերն էր՝ ընկեր Բիլը, ընկեր Բորիսը, նրանք ընկերություն էին անում, բայց դա չէր խանգարում ընկեր Բիլին սատարել զինյալների ահաբեկչական գործողություններին, իսկ այդ զինյալներին Ռուսաստան էին ուղարկվում արտերկրից։ Կարծում եմ՝ հենց նույն սցենարով Եվրասիական տնտեսական միությունը խափանելու համար կարող են օգտագործել լարվածության ցանկացած կետ, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը։
– Պարոն Գլազև, Դուք մեղադրում եք ամերիկյան կողմին, բայց ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում հակառակ տրամադրություններ են ստեղծվել՝շատերը հենց ռուսական կողմին են մեղադրում ստեղծված իրավիճակի մեջ, հատկապես՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար։ Այս մասին արտահայտվել է նաև ամենաբարձր մակարդակով, իսկ վերջերս ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն է խոսել այս մասին։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը։
– Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարող է կարգավորվել միմիայն ընդհանուր պաշտպանական և տնտեսական տարածքի ձևավորման շրջանակում։ Ես հասկանում եմ, որ դա ոչ այնքան պոպուլյար գաղափար կարող է դիտարկվել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, բայց եթե մենք հանում ենք մաքսային սահմանները, հանում ենք ռազմաքաղաքական սահմանները, ստեղծում ենք անվտանգության ապահովման ընդհանուր համակարգ ՀԱՊԿ-ի շրջանակում։ Դրանով իսկ մենք կարող ենք հեռացնել ռազմական ուժի կիրառումը մեր անվտանգության ընդհանուր գոտու ներսում, մենք այսկերպ դա անհնար ենք դարձնում։ Իսկ եթե վերացնում ենք մաքսային սահմանները, հեշտացնում ենք մարդկանց տեղաշարժը, բեռնափոխադրումները, համապատասխանաբար՝ ստեղծում ենք պայմաններ համատեղ արտադրությունների զարգացման և տնտեսական կապերի ամրապնդման համար, որը ճիշտ կառավարման դեպքում կարող է հիմք դառնալ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Ուստի, իմ կարծիքով՝ մենք պետք է ձգտենք, որպեսզի Անդրկովկասի բոլոր երկրները միանան ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։
– Խոսքը նաև Ադրբեջանի՞ մասին է, որը ցանկություն չի հայտնում միանալ այդ պրոյեկտներին։
– Այո, ես այդպես եմ պատկերացնում լուծումը։
– Դատելով վերջին ցուցանիշներից, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, Ռուսաստանի տնտեսությունից՝ ԵՏՄ-ն այդքան էլ գրավիչ միություն չէ, որպեսզի այսօր խոսք գնա այդ միության ընդլայնման մասին։
– Իհարկե, ի սկզբանե Հայաստանում բացասական էին սպասումները Եվրասիական տնտեսական միությունից։ Ես ցուցանիշներին անգիր չեմ տիրապետում, բայց այսօր անցկացվող համաժողովի ժամանակ ԵՏՄ պաշտոնյան ցուցանիշ ներկայացրեց, համաձայն որի՝ Հայաստանից ԵՏՄ տարածք արտահանման ծավալներն աճել են 70%-ով, սա կարծում եմ՝ լուրջ ցուցանիշ է։ Ի դեպ, այս ցուցանիշը գրանցվել է Ձեր նշած պայմաններում։