«Դեֆոլտի վտանգը մեծ է». Հարություն Մեսրոբյան

168.am-ի զրուցակիցը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն է

– Պարոն Մեսրոբյան, Երևանում այսօր անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարվել է, որ Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Ես նման հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Կառավարումը լուրջ գիտություն է, և բառացի լոզունգային հայտարարությունները, այդ երևույթները կառավարմանը հետաքրքիր չեն։ Միշտ պետք է ցանկացած հայտարարություն անելիս հասկանալ ունակությունների, հնարավորությունների, արգելանքների այդ ամբողջ համամասնությունը։ Նման գեղեցիկ լոզունգներ ասելու ժամանակը, իմ կարծիքով, Հայաստանի համար անցել է։ Այսինքն՝ էություն չեմ տեսնում նման հայտարարություններ անելու, թե Հայաստանը կդառնա տուրիզմի կենտրոն, կրթության կենտրոն, եվրասիական ինտեգրացիայի կենտրոն… բավական է, էլի, գործ եք անում՝ արեք, չեք անում՝ մի արեք։ Հայտարարություններով հո չի՞։

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն էլ հայտարարել է, թե Հայաստանի տնտեսությունը ԵՏՄ անդամակցությունից հետո արձանագրում է «տպավորիչ ցուցանիշներ»։

– Դա կրկին ընդամենը հայտարարությունների շարքից է։ Կառավարման մի պարզ սկզբունք կա՝ աչքը տեսնի, ձեռքը շոշափի։

– Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վ.Պուտինը նրան շնորհավորեց 10% տնտեսական աճի կապակցությամբ, վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է գտնվում, երեկ էլ՝ Պուտինի Հայաստան գալուց առաջ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը դեֆոլտի վտանգի առջև է կանգնած։ Այս տեսակետներից որի՞ հետ եք ավելի համամիտ, ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը։

– Պարզ տրամաբանություն կա՝ վերջին տարիներին ՀՀ պետական պարտքը կտրուկ աճեց, դրա մեծացման արագությունն աճեց, դրան գումարած՝ նվազում են բյուջեի հավաքագրումները, դրան գումարած՝ ընդհանուր տարբեր ոլորտներում ակնհայտ երևում է նահանջ։ Չեմ ուզում թվերի դաշտ մտնել, ցանկացողը կարող է վիճակագրական ծառայությունից նայել։ Այդ պայմաններում նորից անդրադառնում ենք հայտարարություններին։ Կրկնում եմ՝ ես հայտարարություններ չեմ մեկնաբանում։

– Իսկ Ձեր կարծիքով՝ Հայաստանը դեֆոլտի վտանգի առջև կանգնա՞ծ է, թե՞ ոչ։

– Մեզ մոտ պետական պարտքն արդեն անցել է ՀՆԱ-ի 50%-ը։ Կան պետություններ, որ եթե պարտքը 100%-ն էլ անցնի, միևնույն է, դեֆոլտ չի լինի, օրինակ՝ Միացյալ Նահանգները, որի պետական պարտքը բյուջեից մի քանի անգամ է մեծ։ Դա աննորմալ երևույթ է, բայց նրանց փրկում է այն, որ իրենց պարտքն արտահայտված է դոլարով, և այդ դոլարն իրենք են տպում։ Այսինքն՝ թուղթ, որի անունը դոլար է, ծածկում է պարտքը, որի անունը նույնպես դոլար է։ Մենք նման հնարավորություն ունե՞նք։ Մեր պարտքը դոլարով է, մենք տպում ենք դրամ։ Հետևաբար՝ դեֆոլտի վտանգը մեծ է։ Սա տնտեսագիտություն է, սա հայտարարություն չի։ Բայց դա չի նշանակում, որ կլինի դեֆոլտ։ Բայց եթե շարունակենք այսպես ախմախ ձևով պետությունը կառավարել, պարզ է, կլինի դեֆոլտ։ Մեզնից է կախված։ Պետք է ոչ թե հայտարարություններ անենք, այլ արդյունք տանք։

– Ձեր կարծիքով՝ նման հայտարարությունների նպատակը ո՞րն է, ի՞նչ նպատակ են հետապնդում։

– Քաղաքական՝ և՛ արտաքին սպառման, և՛ ներքին սպառման համար։ Ուրիշ ոչ մի բան մի փնտրեք։

Տեսանյութեր

Լրահոս