Սիրիահայի բախտը

Սիրիայի դեպքերը քաղաքական նոր ընթացք են ստանում։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում են Հալեպի ռմբակոծության մեջ։ Ռուսական օդուժի հարվածներն արևմտյան շատ քաղաքական գործիչներ որակեցին` «պատերազմական հանցագործություն»։ Այս դեպքերին ուշադիր հետևում ենք նաև մենք՝ հայերս։ Մեր ուշադրության կենտրոնում սիրիահայ համայնքն է։ Արդեն չորս տարուց ավելի ձգվող սիրիական պատերազմի ընթացքում հայաստանյան քաղաքական շրջանակներն ու պետական գործիչները հնարավորինս զգուշավոր էին Սիրիայի հայկական համայնքին վերաբերող հարցերում։ Վերաբերմունքի պատճառը հասկանալի էր։

Սիրիահայ համայնքը հայտնվել է ծանր իրավիճակում։ Հիմա նույնիսկ ստույգ հայտնի չէ անգամ, թե երբեմնի 150 հազարանոց համայնքից որքան մարդ է մնացել։ Փորձագետները կարծում են, որ «Արաբական գարունի» նախօրեին Սիրիայում մոտ 60 հազար էր ապրում։ Նույն փորձագետներն ասում են, որ այդ երկրում հիմա մնացել է 10-14 հազար հայ։ Նրանք նշում են, որ այդ թվից Հալեպ քաղաքում ապրում է 4-6 հազարը։ Իսկ այդ քաղաքը հայտնվել է սիրիական բանակի ու ռուսական օդուժի գրոհի կենտրոնում։

70-ականներին լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերին հայ համայնքը կարողացավ մշակել ու պահել, այսպես կոչված, «դրական չեզոքության» քաղաքականությունը։ Ենթադրվում էր, որ նման մի բան կհաջողվի իրագործել Սիրիայում։ Այս կարծիքին կարծես բոլորն էին՝ թե՛ սիրիահայ համայնքի աշխարհիկ ու հոգևոր ղեկավարները, թե՛ հայաստանյան իշխանություններն ու քաղաքական ուժերը։ Բայց անցած շաբաթ իրադրությունը կտրուկ փոխվեց։

Պատերազմի սաստկացման առաջին օրերին յոթ հայ զոհվեց։ Ու հիմա հայերն ամենուրեք փորձում են հասկանալ, թե որքանով էին ճիշտ այն մարդիկ, ովքեր սիրիահայ համայնքի ապագայի խնդիրները քննարկելիս` փորձում էին խուսափել տարհանում կազմակերպելու ծրագրերից։ Մինչ հայաստանյան ու համայնքային ավագանին խուսափում էր տարհանումից, ակնհայտ է, որ սիրիահայերի մեծ մասն ինքնուրույն ու անկազմակերպ լքել է Սիրիան։

Համայնքի հետ կապեր ունեցողների տվյալներով՝ նրանք հիմնականում արտագաղթել են Եվրոպա, Կանադա և նույնիսկ Ավստրալիա։ Կարմիր խաչի հայկական գրասենյակի տվյալներով՝ պատերազմի շրջանում Հայաստան ներգաղթել է մոտ 5 հազար ընտանիք։ Ու հիմա արդեն ակներև դարձավ այն, որ մենք բաց ենք թողել տարհանում կազմակերպելու հարմար պահը։ Ազգային առաջնորդները` թե՛ Սփյուռքում, թե՛ հայրենիքում, չհանդգնեցին իրենց վրա վերցնել նման պատասխանատվություն։

Մինչդեռ կար Իսրայելի պատմական օրինակը։ Ավելի ճիշտ՝ օրինակները։ Իսրայելը Եթովպիայից երեք անգամ կազմակերպել և իրականացրել է հրեաների տարհանում։ Դրանցից ամենահայտնին ու վերջինը «Սողոմոն» օպերացիան էր։

1991թ. մայիսին Իսրայելի ազգային փոխադրող ավիաընկերությունը և զինված ուժերը 36 ժամվա ընթացքում 14 հազար 325 հրեայի Եթովպիայից փոխադրեցին իրենց երկիր։ Այդ պահին հրեա ավագանուն հավանաբար չէին հետաքրքրում եթովպիական համայնքի պահպանման խնդիրները։ Չէր հետաքրքրում նաև այն, որ Եթովպիայի հրեաներն այլադավան էին ու այլախոս։

Նրանց հավանաբար միայն մեկ հարց էր հետաքրքրում՝ փրկել իրենց հայրենակիցներին սպառնացող վտանգից։ Իսկ մենք անլրջացած` միայն սիրիահայ համայնքի պատմական լավ օրերն էինք հիշում ու խոսում սիրիահայ գաղթօջախի պահպանման կարևորության մասին։ Ազգային ոչ մի կառույց չփորձեց կազմակերպել թեկուզ միայն մանկահասակ երեխաների տարհանումը։

Հայաստանյան իշխանություններն էլ, ոչինչ չանելով, հանկարծ որոշեցին հումանիտար օգնություն առաքել սիրիահայերին։ Որքան էլ տարօրինակ լինի, այս քայլը զարմացրեց առաջին հերթին` հենց իրենց՝ սիրիահայերին։ Մեր իշխանությունները, չգիտես ինչո՞ւ, աջակցության ծրագիր կազմելիս չէին էլ փորձել պարզել, թե ինչի՞ կարիք ունեն սիրիահայերն ու մասնավորապես՝ Հալեպում ապրող մեր ազգակիցները։ Չէին պարզել ու հիմնականում սննդամթերք էին ուղարկել։ Մինչդեռ, համայնքի ներկայացուցիչների խոսքերով, իրենք պարենի կարիք չունեն։

Ճիշտ նման հուզական պոռթկումով ապրիլ ամսին, հախուռն ու անկազմակերպ, սնունդ անվան տակ` ԼՂՀ թխվածք ու հրուշակեղեն առաքվեց։ Բայց դա հասարակական պոռթկումի դրսևորում էր։ Նման կերպ կարող է վարվել «անկազմակերպ» հասարակությունը։ Բայց Սիրիա մարդասիրական օգնություն առաքել էր ՀՀ իշխանությունը, որը պարտավոր է գործել ոչ թե` զգացմունքային պոռթկման արդյունքում, այլ` տրամաբանված։ Բայց դժվար թե ինչ-որ մեկն այդ ծրագրում պետական կամ ազգային մտածողության տարր գտնի։ Թեկուզ այն պատճառով, որ մեր իշխանությունները հումանիտար օգնություն Սիրիա առաքեցին ռուսական ինքնաթիռներով։ Իսկ դա ակնհայտ քաղաքական բացթողում է։ Մեղմ ասած։

Ռուսաստանը վաղուց կողմ է սիրիական կոնֆլիկտում։ Հետևաբար` այդ քայլը ոչ մի կերպ չի կարելի համադրել համայնքի չեզոք դիրքորոշման հետ։ Չեզոքության դիրքորոշումով համայնքը ստիպված է աներևակայելի ջանքեր գործադրել իր ֆիզիկական գոյությունն ապահովելու համար։ Մի կողմից, որպես օրինապաշտ քաղաքացիներ` աջակցելով իշխանություններին՝ սիրիական բանակի կազմում կռվող մոտ 30 հայ երիտասարդ զինծառայող է զոհվել։ Մյուս կողմից` պետք է փորձել լեզու գտնել ընդդիմության ու արմատական ուժերի հետ։

Ի վերջո, եթե չհանդգնեցինք համայնքի տարհանման ծրագիր մշակել, պիտի ենթադրենք, որ համայնքն այնտեղ ապրելու է։ Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի հակամարտությունը։ Հակամարտություն, որի մասին հաստատ միայն մեկ պնդում կարելի է անել՝ դրա վերջն առայժմ չի երևում։

Տեսանյութեր

Լրահոս