Ֆինանսների նախարարի դրական սպասումները՝ ընդդեմ ԿԲ-ի հեռանկարների վատթարացման
Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո տնտեսական աճի հեռանկարների վատթարացում է արձանագրել՝ կապված 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշների հետ: Սակայն ԿԲ այս գնահատականը, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ առանձնապես էական չէ։
«Դրա մեջ առանձնապես բան չկա, իրենք անընդհատ վերագնահատումներ են անում։ Այս դեպքում նորից նվազման ուղղությամբ գնահատում է եղել՝ պայմանավորված ծանր իրավիճակով։ Այսինքն՝ տնտեսական աճի նախկինում պլանավորված գնահատականները պարզապես նվազեցվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Եղիազարյանը։
Դիտարկմանը, որ օրերս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ արտաքին ազդակների բարելավման պայմաններում մյուս տարի սպասումները դրական են լինելու, Ա.Եղիազարյանը նշեց, որ նախարարը նկատի ունի, որ հաջորդ տարի վիճակը կկայունանա՝ հաշվի առնելով, որ բյուջեի ծախսերը կկրճատվեն, դրա հետ կապված լրացուցիչ պարտք չի ներգրավվի, և այդ կերպ կփորձեն կարգավորել, կայունացնել իրավիճակը։
Հարցին՝ արդյոք ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանկն իրար չե՞ն հակասում, տնտեսագետը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ԿԲ-ի ու Ֆիննախարարության հակասությունն ինչումն է, բայց դրանք միայն գնահատականներ են։ Ի՞նչ է նշանակում՝ արտաքին միջավայրի հետ կապված դրական սպասումներ. դրանք նույնպես գնահատականներ են, և չի նշանակում, որ բացարձակ ճշմարտություն է, և անպայման այդ գնահատականներին համապատասխան զարգացումները կընթանան։ Կարելի է գնահատել նաև, որ արտաքին միջավայրի հետ կապված՝ կարող է՝ դրական տեղաշարժեր չլինեն, հակառակը՝ կարող է նորից բացասական լինել»։