«Հանրային միջոցներից ֆինանսավորվող և մինչև 5 մլն դրամ մուտք ունեցող հ/կ-ները պետք է ենթարկվեն աուդիտի». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացնելով Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի հիմնադրույթներն ու կատարված փոփոխությունները՝ նշեց, որ նախագծով հ/կ-ներին իրավունք է վերապահվել իրենց աշխատանքներում ներգրավել կամավորների, և ըստ Բարեգործության մասին օրենքի՝ նշվում է՝ ովքեր են կամավորները, որոնց հ/կ-ները կարող են ներգրավել՝ պայմանագիր կնքելու միջոցով։

Հաջորդ փոփոխությունը, ըստ նախարարի՝  վերաբերում է կազմակերպության գործունեության հաշվետվությանը.

«Գործող օրենքն այս հարցն առհասարակ չի կարգավորում, և բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել այն հանգամանքը, թե ինչպես, որ միջոցներով և գործունեության որ ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնել ու ինչպես։ Համապատասխան փոփոխությամբ  մասնավորապես նշվել է՝ եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել այդ հաշվետվությունը։ Հաշվետվությունը չհրապարակելու համար վրա է հասնում Վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը։ Նաև՝ հանրային միջոցներից ֆինանսավորվող և մինչև 5 մլն դրամ մուտք ունեցող հ/կ-ները պետք է ենթարկվեն աուդիտի, և հաշվետվությանը կից ներկայացվեն նաև այդ աուդիտի արդյունքները»:

Այս հարցում, արդարադատության նախարարի խոսքով՝ ավելի լիբերալ մոտեցումներ են ամրագրված այն դեպքերի նկատմամբ, երբ հ/կ-ներն ունեն մասնավոր ֆինանսավորում։

Տեսանյութեր

Լրահոս