Ինչ է սպասվում հաջորդ տարի՝ ըստ Բյուջե-2017-ի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի մասին արդեն գրվել է։ Սակայն բյուջեում կան նաեւ այլ հետաքրքիր տվյալներ ու կանխատեսումներ՝ ընթացիկ ․ հաջորդ տարիների համար։
Մամուլում արդեն նշվել է որ 2017 թվականի բյուջեով՝ 2017 թվականին սպասվում է 3.2% տնտեսական (ՀՆԱ-ի) աճ։ 2016 թվականի բյուջեով, հիշեցնենք, կանխատեսվում էր 2.2% աճ։ 2017 թվականի բյուջեի ուղերձում նշվում է որ այս տարի տնտեսական աճը կլինի կանխատեսվածից բարձր՝ 2.4 տոկոս։ Թվում է՝ ամեն ինչ լավ է, տնտեսությունը աճում է ավելի արագ քան կանխատեսվում էր։ Սակայն այդպես չէ. Կառավարությունն ինքը ամենեւին լավատես չէ մի շարք կարեւոր ցուցանիշների հարցում։
Ինչպես տեսնում եք այս աղյուսակում (որը վերցված է 2017 թվականի բյուջետային ուղերձից)՝ տնտեսակական աճի ֆոնին՝ ներդրումների մակարդակը կշարունակի նվազել։ 2015 թվականին ներդրումների մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 20.8 տոկոսը, այս տարվա վերջին այն կնվազի մինչեւ 20.2 տոկոս իսկ 2017 թվականին կհասնի 19.1 տոկոսի։
0.2 տոկոսային կետով կնվազի նաեւ սպառման մակարդակը՝ ՀՆԱ-ի 90.4 տոկոսից հասնելով 90.2 տոկոսի։
Ըստ առանձին ոլորտների՝ ամենաբարձր աճի տեմպը 2017 թվականին կգրանցի արդյունաբերությունը՝ 5.5 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտը, ըստ կառավարության կանխատեսումների, կաճի 4 տոկոսով, ծառայությունները՝ 2.8 տոկոսով։
Շինարարությունը ըստ բյուջետային կանխատեսումների՝ 2017-ին վերջապես դուրս կգա անկումային շրջանից եւ կգրանցի զրոյական աճ։ Իսկ 2016 թվականի արդյունքներով շինարարությունը կունենա 1.5 տոկոս անկում (ի դեպ, այս տարվա ցուցանիշների ֆոնին՝ շինարարության գծով կանխատեսումը խիստ լավատեսական է թվում. 2016 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը կրճատվել է 7.5%-ով):