Հայաստանի ժամանակը

Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը պետք է անակնկալ համարել ոչ միայն՝ Հայաստանի զինված ուժերի սպայակազմի, հրամանատարության ու շարքային զինվորների, այլ առաջին հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար։ Ոչ թե՝ որովհետև այդ մասին մոտ մեկ ամիս հայկական մամուլը չէր գրել ու ադրբեջանաթուրքական մամուլը չէր արտագրել, այլ որովհետև, ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան երկրներում գրեթե ոչ ոք չէր կարող հավատալ, որ այդ նշանակումն իրականանալու է։

Չէին կարող հավատալ, որովհետև ենթագիտակցորեն չէին ցանկանալու հավատալ, քանզի ենթագիտակցությունը, որը բանականությունից բացի՝ հայրենասիրություն ծնողներից է, թույլ չէր տալու ցանկանալ։

Որովհետև թույլ տալուց առաջ հասցրած է լինելու գիտակցությանն ազդակ ուղարկած լինել այն մասին, որ որքան էլ քարոզչական պատերազմներում կարևոր են «Իսկանդերներն» ու «Սմերչերն» ու անօդաչուները, իրական պատերազմում, այս դարի պատերազմում հաղթելու են ոչ թե բեղավոր ու ֆիդայակերտ արտաքինով պաշտպանության նախարարներ ունեցող բանակները, այլ հատկապես նրանք, որոնց հրամանատարները ֆիդայականությունը պաշտում են միայն՝ որպես պատմական մասունք, իսկ բեղերից ամենասարսափեցնողը համարում են Վիլյամ Սարոյանինը, ու անգամ՝ ոչ Անդրանիկինը։ Զորավար։

Եվ ահա, մեր ադրբեջանցի և թուրք թշնամիների ղեկավարները՝ աշխատանքային ժամին ուրախություն հայտնելով Վիգեն Սարգսյանի նշանակման առիթով ու դա փոխանցելով ենթականերին՝ որպես պատերազմող երկրի բանակն ուսյալ ու չզինված ու ոչ պատերազմախոս մեկին վստահելու անթույլատրելիության դաս, աշխատանքից հետո մտածել չցանկանալով՝ մտածել չկարողանալու պատճառով, մտածելու ու հասկանալու են, որ հոկտեմբերի 3-ին տրվել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմը նաև դե յուրե ու համաշխարհայնորեն ճանաչելի մանդատով ու պարտադրանքով պարտվելու գործընթացի մեկնարկը։

Նրանց հռետորաբանությունն ինքնադիմադրելու է՝ դա չհասկանալու համար, բայց նրանց կարդացածն ու լսածը, շփվածն ու տեսածն ավելի ուժեղ է գտնվելու ու հասկացնելու է, որ Վիգեն Սարգսյանի նշանակումը Հայաստանի զինված ուժերի հրամանատարի պաշտոնում՝ ոչ թե՝ անձի, այլ՝ տեսակի, ոչ թե՝ տեսակի, այլ՝ տեսակներից ավելի երիտասարդի, ոչ թե՝ երիտասարդի, այլ՝ երիտասարդներից ուսյալի, ոչ թե՝ ուսյալի, այլ՝ ուսյալ-լուսավորյալի, ու ոչ թե՝ ուղղակի լուսավորյալի, այլ՝ լուսավորվածը գործի վերածել կարեցողի ու այդ կարեցումով գործը խաղաղության ծառայեցնել փորձողի, ու այդ փորձով հաջողության հասնողի ու հաջողությունը խաղաղության պայմանագրով ամրապնդողի ու այդ ամրապնդումը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար պատմական եզակիության վերածողի նշանակում է։

Հասկանալու են, որովհետև չեն կարողանալու չհասկանալ, որ Հայաստանի զինված ուժերն այլևս մարտնչելու են՝ իրականում հանուն խաղաղության, ու անելով առավելագույնը՝ կրակը որպես խաղաղության հաստատման վերջին միջոց օգտագործելու համար։ Դա հասկանալով՝ չեն կարողանալու չտեսնել հայկական բանակի՝ պատերազմելու  պատրաստ լազերային խոցիչներն ու անօդաչու ռմբակոծիչները, հրասայլերն ու այդ սայլերի գիշերային ռազմարահետները ոչ միայն՝ ժամանակակից լուսարձակներով, այլև՝ դրանից առաջ իրենց հայացքների ցոլքով լուսավորող հայ զինվորներին։

Տեսնելու են դա ժամանակի մեջ, որը վաղվա ժամանակն է, բայց արդեն եկող ժամանակն է ու ճանապարհին գտնվող ժամանակն է ու դեպի Հայաստան հասնող ժամանակն է։ Ու եթե լավ նայեն, տեսնելու են նաև մեր հավաքական-համազգային հույսերն առ իրենց գիտակցություն ու ողջամտություն, ու խոնարհումն այդ ողջամտության այն դրսևորման համար, որն առանց փամփուշտի իսկ ու առանց պայթյունի անգամ ստորագրելու է ոչ թե՝ պարտության կամ կապիտուլյացիայի, այլ՝ հաշտության, ոչ թե ուղղակի հաշտության, այլ նույն հողակտորի՝ պետական սահմաններից առաջ առուների հուներով սահմանազատված տարածքում մարդկանց հաշտ բնակվելու մասին դաշնության փաստաթուղթը, որը լինելու է ոչ թե համաշխարհային ոսկեզօծ կնիքներով դաջված պահարանանմուշ, այլ ընդամենը հավաստիք՝ առ այն, որ այլևս չենք կրակելու իրար՝ ոչ թե՝ որովհետև պակաս զինված ենք ու նվազ սպառազինված, այլ՝ ուժեղ ենք այնքան, որ սիրում ենք կյանքը, բոլոր մարդկանց՝ մեր լեռնաշխարհի այս և այն կողմում ապրողների կյանքը, որի իրավունքը ճանաչված է ոչ միայն համանախագահող երկրների, այլև ողջ աշխարհի, իմա՝ մարդու կողմից։
Վիգեն Սարգսյանի նշանակումը կարևոր է։ Ժամանակի ու տարածության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս