«Վիգեն Սարգսյանը նշանակվում է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է». Սերգեյ Մինասյան
«Վերջին ուժային բլոկի նախարարներն էլ արդեն փաստացի նշանակված են, ու փոփոխություններ կլինեն նաև անվտանգային, ուժային բլոկերի համակարգերում։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվում է պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը գնում է Վիգեն Սարգսյանի տեղը, Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը զբաղեցնելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, և ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, երևի թե, արդեն նշանակվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Բացի այդ, ինչպես և սպասվում էր, ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը վերանշանակվել է այդ պաշտոնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որի խոսքով՝ Նալբանդյանի վերանշանակման պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի համար կարևոր են որոշ այլ հատկանիշներ, որոնք այդքան էլ տեսանելի չեն հանրության համար։
«Առաջին հերթին՝ այն հանգամանքը, որ Էդվարդ Նալբանդյանը, հանդիսանալով սովետական դպրոցի դիվանագետ, բավականին անհարմար գործընկեր է Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների համար։ Իհարկե, սովետական դիվանագիտական դպրոցն ունի իր թերությունները, և դա նաև նրանում է, որ ինֆորմացիոն դաշտում Նալբանդյանն այդքան էլ տեսանելի չէ, բայց միգուցե նախագահի հաշվարկներով՝ դա լիովին կոմպենսացվում է նրա մյուս հատկանիշներով»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի նշանակմանը, ապա, ըստ քաղաքագետի՝ այստեղ ևս տրամաբանությունը հասկանալի է. «Իհարկե, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր մակարդակի պաշտոնյա էր, բայց ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտ էր բարձրագույն ղեկավարության ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ ի դեմս նախագահի, և այստեղ Վիգեն Սարգսյանի գործոնը՝ որպես նախկին աշխատակազմի ղեկավար ու ոլորտին տեղյակ մարդ, հասկանալի էր»։
Քաղաքագետի կարծիքով՝ որոշ ձեռքբերումների հետ մեկտեղ՝ Վիգեն Սարգսյանի առաջ բավականին լուրջ խնդիրներ են կանգնած. «Կարծում եմ՝ բացի այն առաջնահերթ հարցերից, որոնք պետք է լուծվեն, նաև պետք է հեռանկարային լուծումներ գտնել, ու նոր նախարարի համար առաջնահերթ պետք է լինի նոր ռազմական դոկտրինն ու ընդհանրապես անվտանգության և պաշտպանության ոլորտում կոնցեպտուալ փաստաթղթերի ստեղծման, զսպման ռազմավարության մշակումը»։
Փոփոխությունները, ըստ նրա՝ կունենան դրական հետևանքներ. «Հասկանալի է, որ հասարակությունը սպասում էր փոփոխությունների, բայց չպետք է մոռանալ Սեյրան Օհանյանի ծավալած գործունեությունը։ Հենց նրա ժամանակ էր, որ ՊՆ-ն հանդիսացավ, երևի թե, ամենաբաց գերատսեչություններից մեկը մեր պետական համակարգում, ինչը Սեյրան Օհանյանի անձնական որոշումն էր։
Օրինակ՝ այն փաստը, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում ոչ ոք չուներ անվստահություն ՊՆ-ի կողմից ներկայացվող թվերի ու տվյալների նկատմամբ, դա մեծ արդյունք էր։ Բայց դրա հետ մեկտեղ՝ հասկանալի է, որ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է, և Վիգեն Սարգսյանի դեպքում փաստացի ունենք մի իրավիճակ, երբ նշանակումը՝ իր քաղաքական մասշտաբներով, ՊՆ-ի նկատմամբ ուշադրության աստիճանի բարձրացման ինդիկատոր է հանդիսանում։
Վիգեն Սարգսյանի նշանակումը պետք է առնվազն խթանի նոր ուղղություն պաշտպանական ոլորտում, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարարի նշանակումը նույնպես քաղաքական մեսիջ ունի. արցախցի զինվորականի նշանակումը Ադրբեջանին, արտաքին ու ներքին լսարանին ուղղված մեսիջ էր՝ ավելի կոշտ ու վճռական ռազմական քաղաքականություն իրագործելու»։