Բաժիններ՝

Մահացել է Ժենյա Կաֆյանը

Կյանքի 92-րդ տարում մահացել է Արցախի վաստակաշատ ուսուցչուհի Ժենյա Կաֆյանը:

Ժենյա Կաֆյանը մի քանի տասնամյակ Ստեփանակերտի համար 1 միջնակարգ դպրոցում զբաղվել է սերունդների կրթության և դաստիարակության գործով: Հատկապես մեծ է նրա ավանդը խորհրդային հասարակարգում հայոց լեզվի և գրականության նկատմամբ սերունդների մեջ սիրո սերմանումը:

Ժենյա Կաֆյանը ծնվել է 1924թ.-ի հուլիսի 15-ին Հադրութի շրջանի Վանք յուղում՝ շինարարի ընտանիքում: Հայրը՝ Շամիր Կաֆյանն էր, իսկ մայրը՝ Շուշան Ավանյանը: Տան 11-րդ երեխան էր Ժենյա Կաֆյանը: Այն ժամանակ երեխաներին դրպրոց տանում էին 8 տարեկանից, սակայն իր գիտելիքների աչքի ընկնող բնատուր տվյալների պատճառով նա դպրոց հաճախեց բոլորից մեկ տարի շուտ՝ յոթ տարեկանից: Կրթության հանդեպ սերը փոքրիկ Ժենյային ստիպում էր ամեն օր, արհամարհելով բոլոր դժվարությունները, հաղթահարել բավականին երկար ճանապարհ՝ դպրոց հաճախելու համար:

1941թ.-ին գերազանցությամբ և գովասանագրով ավարտելով դպրոցը՝ Ժենյան ցանկանում է ուսումը շարունակել Երևանի բժշկական ինստիտուտում: Որպես իսկական հայ աղջիկ նա պարտավոր էր հաշվի նստել հոր կարծիքի հետ նաև մասնագիտություն ընտրելու ժամանակ, իսկ հայրը կարծում էր, որ բժշկի մասնագիտությունը կնոջը հարիր մասնագիտություն չէ: Հոր կարծիքով իր դուստրը պետք է ընտրեր այնպիսի մասնագիտություն, որը առչություն կունենար երեխաների դաստիարակության հետ: Հետևաբար նա դստերը հորդորում է ընդունվել մանկավարժական ինստիտուտ: Արդյունքում նա ընդունվում է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժին:

1946թ-ին ավարտելով ուսումը, աշխատանքի է անցնում Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

Ամուսնու՝ վաստակավոր բժիշկ Եղիշե Աթայանի հետ ծանոթացել է նույն տարում: Տակավին երիտասարդ Եղիշե Աթայանը որպես բժիշկ գործուղվել էր Ծամձոր: Հենց ծամձորի դպրոցում էլ տեղի է ունեցել իրենց առաջին հանդիպումն ու ծանոթությունը: Ամուսնանալուց հետո Ժենյա Կաֆյանը ամուսնու հետ տեղափոխվում է ամուսնու հայրենի գյուղ՝ Դիզափայտ:

1953 թվականին տիկին Ժենյան, ամուսնու և երեխաների հետ տեղաոխվում է բնակվելու Ստեփանակերտ:

Ստեփանակերտում Ժենյա Կաֆյանը ընդունվում է աշխատանքի թիվ 1 միջնակարգ դպրոց, իսկ Եղիշե Աթայանը՝ մարզային հիվանդանոց: Քանի որ տիկին Ժենյան շատ էր սիրում ընտանիքն ու երեխաներին՝ նա թոռնիկների լույս աշխարհ գալուց հետո, որոշում է թողնել աշխատանքը և անձամբ զբաղվել նրանց դաստիարակության գործով:

2016 թվականի սեպտեմբերի 28-ին կյանքին հրաժեշտ է տալիս Ժենյա Մայրիկը: Որպես իսկական հայուհի նա իր կյանքն ու ողջ էությունը նվիրեց ընտանիքին ու արժանի սերունդ դաստիարակելու սրբագույն գործին: Եվ այնքան մարդիկ, որ եկել էին վերջին հրաժեշտը տալու, խոսում է նրա ստեղծած հարգանքի մասին:

Նրա մարդկային կերպարը միշտ թարմ է մնալու մարդկանց հիշողության մեջ:

artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս