«Երբ անտառ էինք գնում, թռչուններն ուղեկցում էին Լևոն Խեչոյանին. զարմանալու բան էր». Մովսես Մանուկյան
Օրերս առիթ եղավ լինելու Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, ու գիշերելու հնարավորություն ունեցա հենց այն սենյակում, որտեղ ապրել ու ստեղծագործել է հայ արձակագիր Լևոն Խեչոյանը։ Սենյակ 302. պարզ, հասարակ մի սենյակ, որտեղ իր լավագույն ստեղծագործություններն է գրել հայտնի արձակագիրը։ Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանին խնդրեցի պատմել Լևոն Խեչոյանի և մյուս գրողների՝ այնտեղ անցկացրած օրերի, նրանց նախասիրությունների, նախընտրած հանգստի տարբերակների մասին։
– Պարոն Մանուկյան, ինչո՞ւ էր հատկապես այդ սենյակն ընտրել Լևոն Խեչոյանը, ի՞նչն էր իրեն գրավում այնտեղ։
– Նախ՝ այդտեղից բացվող տեսարանն էր շատ լավը. երևում է Փամբակի լեռնաշղթան։ Հետո, երբ երկար ես աշխատում նույն սենյակում, դառնում է հարազատ միջավայր։ Երևի նաև դա նկատի ունենալով՝ նա ընտրեց այդ սենյակը, որովհետև երկար էր մնում։ Ինքն իր նկատմամբ շատ բծախնդիր էր, շատ ծանր էր աշխատում, մանրակրկիտ։ Վերջին գիրքը՝ «Մհերի դուռը», 7 տարի գրում էր, երևի հարյուրավոր օրինակներ արտագրել էր. ձեռագրով էր աշխատում։ Դեռ էլի կաշխատեր, եթե այդ հիվանդությունը չլիներ, քանի որ կարծում էր՝ անելու բաներ կան վրան։
– Սենյակում երկա՞ր էր աշխատում. օրվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ էր անցկացնում այնտեղ։
– Կոնկրետ ժամ չուներ. գիշերներն էլ էր աշխատում, առավոտ ծեգին էլ էր սիրում աշխատել։ Ցերեկները միասին մի քիչ թափառում էինք անտառում։ Բնությունից կարողանում էր էներգիա վերցնել, շատ հստակ կապ ուներ բնության հետ։ Օրինակ՝ երբ անտառ էինք գնում, թռչուններ կային, որ իրեն ուղեկցում էին. Զարմանալի բան է, բայց ես ականատես եմ եղել։ Ոչ մեկի հետ նման բան չի կատարվել։ Ինքը սուլոցի մի եղանակ ուներ, որ երբ սուլում էր, անտառում երգող թռչուններն իրեն ձայնակցում էին։ Ես հարյուր անգամ փորձել եմ, չի ստացվել։ Կամ՝ դեպք է եղել, երբ հանդիպել ենք գազազած շների, ես փորձել եմ քար նետել, բայց մի քանի րոպե հետո այդ շները եկել են իր մոտ, ու սկսել է նրանց շոյել։
– Գիտեմ, որ օրվա ընթացքում երկար էր սոված մնում, ու կարծեմ՝ դա բացատրում էր նրանով, որ գրողը սոված վիճակում ավելի լավ է գրում։
– Ժուժկալ էր ուտելու մեջ, չէր սիրում շատ ուտել։ Շատ ուտելը խանգարում է ամեն ինչին։ Բայց միտումնավոր չէր, որ պետք է սոված մնա, որ լավ գրի։ Համարյա նույնն էր նաև Մուշեղ Գալշոյանը. երբ նա տարվում էր գործով, եթե ընդմիջեիր, ասեիր՝ Մուշեղ, հաց ուտելու ժամն է, ամբողջ օրը բան չես կերել, ներվային տեսարան կարող էր սարքել։ Պետք է թողնեիր՝ հանգիստ իր գործն աներ, կամ շատ մտերիմ մարդ պետք է ընդմիջեր իրեն, թե չէ աշխատողները որ գնում-ընդմիջում էին, նա կարող էր ափերից դուրս գալ, թե՝ ինչո՞ւ եք խանգարում։ Նույնն էլ Լևոնն էր։ Երկար շփումների արդյունքում հասկացել եմ, որ, եթե լուրջ գործ են անում, իրենց ներամփոփ վիճակ է պետք։ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տունն այդ հնարավորությունը տալիս է, որ գրողը կտրվի առօրյայից, կենցաղային, ընտանեկան հոգսերից, բարեկամների զանգերից, ու այստեղ առանձնանա, ստեղծվի այն ներամփոփ վիճակը, որը նպաստում է ստեղծագործական աշխատանքին։ Նույնն էլ՝ Հրանտ Մաթևոսյանը. նա էլ կարող էր ողջ օրը բան չուտել, եթե աշխատում էր։ Իրենք իրենց հանդեպ շատ բծախնդիր էին (տառի, բառի հանդեպ), իսկ դա շատ կենտրոնացում է պահանջում, երևի այդտեղից էր գալիս։
– Լևոն Խեչոյանի սենյակը վերանորոգվե՞լ է իրենից հետո։
– Այո, սենյակում որոշ բաներ թարմացրել ենք։
– Ընկերները հիշում են, որ ստեղծագործելիս՝ Լևոն Խեչոյանը միշտ նույն բաճկոնակն (ժիլետ) է հագել, որևէ բան կպատմե՞ք դրա վերաբերյալ։
– Շատ դժվարությամբ էր նոր բաների գնում, անգամ, եթե հարմար չէր, հին էր, շատ դժվար էր բաժանվում։ Դա ավելի շատ բնավորության գիծ էր։
– Ընկերները հաճա՞խ էին այցելում նրան։
– Այո, իհա՛րկե այցելում էին։ Դե՛, երկար էր այստեղ մնում։ Կարող էր մինչև անգամ երկու ամիս այստեղ մնալ, եթե որոշակի գործ կար, որ պետք է աներ։
– Ստեղծագործական պրոցեսի մասին կիսվո՞ւմ էր Ձեզ հետ։
– Ես խուսափում էի նման բաներից, որովհետև, իր բնավորությունն իմանալով՝ աշխատում էի այդ ընթացքում քիչ միջամտել։ Երբեմն պահ էր լինում, որ ասում էր՝ այսօր գյուտի նման ինչ-որ մի բան եմ արել, ու պատմում էր։ Իսկ երբ ստեղծագործական պրոցես չէր, ենթադրենք՝ իրար հետ գնում էինք Ղարաբաղ կամ Լոռի, այդ ժամանակ խոսում էինք և՛ գրվածի, և՛ստացվածի, և՛ չստացվածի մասին։ Բայց գրելու ընթացքում աշխատում էի չմիջամտել։
– Իսկ Հրանտ Մաթևոսյանից ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք։
– Նրա վերջին շրջանը, ցավոք, գրականաստեղծ ամենալավ շրջանը չէր, ու իր այդ վիճակից շատ էր տառապում։ Ստեղծագործական միջին շրջանը չգիտեմ, բայց վերջին շրջանում, երբ շատ մտերիմ էինք, դժվարությամբ էր գրում ու չմահավան էր իր արածին։ Նա շատ լավ հասկանում էր իր արածի արժեքն ու գիտեր՝ նախորդի համեմատ՝ ավելի լա՞վն է, թե՞ ոչ։ Եթե գտնում էր, որ նախորդի արժեքը չունի, իրեն դա չէր բավարարում, թեև դա կարող էր բարձր արժեք ունենալ։
– Բացի ստեղծագործելուց, զբոսնելուց՝ գրողներն այստեղ ինչո՞վ էին սիրում զբաղվել։
– Խեչոյանը թափառումներ էր շատ սիրում, իսկ Մաթևոսյանին ընկերներն էին այցելում, ու հատկապես՝ այն ժամանակ, երբ հասկանում էր, որ չի հաղթահարում այն, ինչ ուզում է անել, տրվում էր խմիչքին։ Միասին կոնյակ էինք խմում, ու սիրում էր, որ միշտ լավ կոնյակ լինի։ Բայց այն դժվար տարիներն էին, ու երբեմն ոչ ես էի կարողանում կոնյակ հայթայթել, ոչ ինքն էր գտնում, ու այդ հարցը փորձում էինք լուծել։
– Այդ դժվարին տարիներին ապագայի մասին ի՞նչ կանխատեսումներ էին անում։
– Երկուսն էլ այդ գործընթացի մեջ էին. Լևոնի մի ոտքն այստեղ էր, մյուսը՝ Ղարաբաղում, Հրանտ Մաթևոսյանն էլ շատ կապված էր Վանո Սիրադեղյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ու, բնականաբար, նրանց հետ միշտ զրույցներ էր ունենում, խորհրդակցում էին իր հետ, շատ բաներ հաշվի էին առնում։ Ապագայի մասին նրանց կանխատեսումներն ավելի դրական էին, քան այն, ինչ մենք հետո ունեցանք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: