Պետդումայում օրենք են մշակում նախագահին վիրավորելու համար պատասխանատվություն սահմանելու մասին
Ռուսական «Իզվեստիա» պարբերականը գրում է, որ ՌԴ Պետդուման օրենք է մշակում նախագահին վիրավորելու համար պատասխանատվություն սահմանելու մասին։ Նշվում է, որ որպես օրենքի բնօրինակ է ծառայել «ԽՍՀՄ նախագահի պատվի ու արժանապատվության մասին» օրենքը։
Գաղափարի հեղինակն է պատգամավոր Ռոման Խուդյակովը։ Վերջինիս խոսքով՝ ինքը ղեկավարվել է 1990 թվականի միութենական «ԽՍՀՄ նախագահի պատվի և արժանապատվության մասին» օրենքով։
Պատճառը, որը պատգամավորին մղել է մշակել օրինագիծը, եղել է ծանոթությունը YouTube-յան մի շարք տեսահոլովակների հետ, որտեղ պարունակվում են ուղղակի վիրավորանքներ Ռուսաստանի նախագահի հասցեին։
Բացի օրենքի մշակումից՝ Խուդյակովը դիմել է նաև ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային և Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով քրեական գործ հարուցել իրեն վրդովված տեսահոլովակների տեղադրման փաստի առնչությամբ։
Օրենսդիրը կարծում է, որ նման կոնտենտը ուղղակիորեն ընկնում է ՌԴ ՔՕ 319-րդ հոդվածի տակ՝ «Իշխանության ներկայացուցչի վիրավորանք»։
Այսօրվա դրությամբ ցանկացած պաշտոնյային վիրավորելը, այդ թվում՝ երկրի նախագահին, ընկնում է ՌԴ ՔՕ 319-րդ հոդվածի տակ, որը նախատեսում է տարբեր պատիժներ՝ ընդհուպ մինչև 1 տարվա ուղղիչ աշխատանքներ։ Օրենսդիրն առաջարկում է ՌԴ նախագահին վիրավորած անձանց համար սահմանել ավելի խիստ պատիժ։
«ԽՍՀՄ նախագահի պատվի ու արժանապատվության մասին» օրենքը, որին հղում է կատարում Խուդյակովը, նախատեսում էր մինչև 3 տարվա ազատազրկում, ԶԼՄ-ների կիրառմամբ՝ մինչև 6։
Հարկ է նշել, որ Ռոման Խուդյակովը միակ պատգամավորը չէ նախկին ԽՍՀՄ տիրույթում, ում գլխում ծագել է երկրի ղեկավարին պաշտպանելու խորհրդային փորձը։
Օրինակ՝ Բելառուսում և Ղազախստանում ներկայումս էլ նախատեսված են հոդվածներ՝ նախագահին վիրավորելու համար։ Բելառուսի ՔՕ 368-րդ հոդվածը նախատեսում է առավելագույն պատիժ՝ մինչև 3 տարի ազատազրկմամբ, Ղազախստանի ՔՕ 373-րդ հոդվածը՝ մինչև 3 տարի ազատազրկում նախագահին հրապարակավ վիրավորելու համար։
Մաքսային միության սահմաններից դուրս՝ տարբեր երկրների քրեական իրավունքում հանդիպում են նմանատիպ հոդվածներ։
Օրինակ՝ Լեհաստանում նախագահին վիրավորելու համար հնարավոր է 3 տարով հայտնվել բանտում, Ադրբեջանում՝ 2 տարով, Թուրքիայում՝ 4 տարով։