Կարեն Կարապետյանի կառավարության երկու առաջնահերթ քայլերը
«Այսօր 2 կարևոր հարց կա, որոնց, եթե որևէ կառավարություն պատասխան չտվեց, նա չի կարող առաջընթաց ապահովել։ Առաջինը՝ Իրանի հետ կապված հարցն է, թե որքանո՞վ ենք մենք ազատ Իրանի հետ հարաբերություններում, մյուսը՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա եվրոասոցիացման մասին շրջանակային համաձայնագիրը, պատրա՞ստ ենք ստորագրելու, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ դրանք հիմնական երկու արտաքին գործոններն են, որոնք պետք է այլընտրանք ապահովեն մեր տնտեսության զարգացման համար և ցույց կտան, թե որքանով մենք ի վիճակի ենք տնտեսական քաղաքականություն իրականացնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով կառավարության կազմի փոփոխությունների ու, իր կարծիքով՝ նոր կառավարության առաջնահերթ քայլերի մասին։
Անդրադառնալով տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նորանշանակ նախարարների անելիքներին՝ Ա.Եղիազարյանը նշեց, որ տրանսպորտն անմիջականորեն վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, այսինքն, թե մենք որքանով ի վիճակ կլինենք արագ լուծել «Հյուսիս-Հարավ» մայրուղու և երկաթուղու հարցերը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ծով չունեցող երկիր է, և ի սկզբանե ունի մրցակցային ոչ բարենպաստ դիրք՝ ծով ունեցող երկրների համեմատ, օրինակ՝ Վրաստանի, թե՛ ներդրումների իմաստով, որովհետև ծով ունեցող երկրները ներդրումների համար ավելի գրավիչ են, միանգամից ապրանքներն արտահանվում են համաշխարհային շուկաներ, և թե՛ հեռավորության իմաստով, այսինքն՝ մեր երկրի դիրքն անբարենպաստ է. «Եվ այս առումով մեզ նման երկիրը մի հնարավորություն ունի՝ շատ լավ ճանապարհներ, կոմունիկացիաներ և հարաբերություններ ստեղծել ծովի ելք ունեցող երկրների հետ, մասնավորապես՝ Վրաստանի և Իրանի, որը մեզ կապահովի ելք համաշխարհային շուկա, մասնավորապես՝ ավելի մոտ տարածաշրջաններ՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Կենտրոնական Ասիա։ Եթե այս խնդիրները չլուծվեն տրանսպորտի քաղաքականության մեջ, ապա ես չգիտեմ, թե ինչ խնդիրներ պետք է լուծվեն»։
Էներգետիկ ոլորտում, Ա.Եղիազարյանի կարծիքով, ընդհանրապես խնդիր կա՝ համակարգի արդիականացման, գեներացնող հզորություններ ստեղծելու, դիվերսիֆիկացնելու էներգակիրների ներկրումները.
«Միաժամանակ հնարավորություն ունենք և պետք է փորձենք օգտագործել դա, որ արդյոք կարո՞ղ ենք դառնալ տարանցիկ երկիր իրանական գազի համար։ Էներգետիկ անվտանգության և անկախության այս համալիր խնդիրներն են, որ առանց համապատասխան ներդրումների և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների զարգացման՝ անհնար է լուծել»։
Ա.Եղիազարյանը նշեց, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որ միշտ ուշադրության կարիք ունի. «Գյուղատնտեսությունը պետք է դարձնել արտադրողական, ինչպես զարգացած երկրներին է բնորոշ, բայց դա, հասկանալի է, բարդ լուծելի խնդիր է, որ մի տարում չի լուծվելու։ Եվ դա կապել նորաստեղծ կառավարության հետ, չեմ կարծում՝ այս պահին ճիշտ է։ Բայց դա ամենակարևոր ոլորտն է, և առանձին մեծ թեմա է»։