Հագուստի թագավորը. ինչպես է Zara-ի հիմնադիրը դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Իսպանացի Ամանսիո Օրտեգան այս տարի սեպտեմբերի 9-ին գլխավորել է աշխարհի ամենահարուստ անձանց ցանկը, որը կազմել է Forbes ամսագիրը։ Rbc.ru կայքը գրում է, որ Zara խանութների ցանցը, որը 40 տարի առաջ ստեղծվել է երկաթուղայինի և սպասուհու որդու կողմից, կայուն կերպով մեծացնում է եկամուտները։ Նորաձևության աշխարհում ամենամեծ՝ «Inditex» ընկերության հիմնադրի ունեցվածքը (ընկերությունն իր մեջ ներառում է Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Bershka, Oysho, Uterque, Lefties բրենդերը) Forbes ամսագիրը գնահատել է 78 մլրդ դոլար։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ունեցվածքը 100 մլն դոլարով զիջել է Օրտեգայի ունեցվածքին։ Եվ չնայած օրեր անց Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է ցանկը՝ Ամանսիո Օրտեգան արդեն 3 տարի շարունակում է գտնվել լիդերների եռյակում, իսկ նրա ընկերությունը լիդեր է իր ոլորտում։ Zara խանութների ցանցը տարածվել է ողջ աշխարհում, իսկ նրա՝ «արագ նորաձևության» կոնցեպցիան նորաձևության հին տներին ստիպում է փոխել իրենց բիզնես մարտավարությունը։
Հպարտ երեխա
Ամանսիո Օրտեգան ծնվել է 1936թ. մարտին՝ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերից մեկում, որը 60 բնակիչ ուներ։ Օրտեգան երեխաներից կրտսերն էր։ Ընտանիքն աղքատ կյանքով է ապրել. «Հորս ստացած գումարի չափը կազմում էր 300 պեսետ։ Չասեք, թե այն ժամանակվա համար դա վատ չէր։ Ընտանիքում երեք երեխա կար. մեծը՝ Անտոնին, Պեպիտան՝ միակ դուստրը, և ես։ Այդ գումարը երբեք չէր բավականացնում մինչև ամսվա ավարտը ձգելու համար»,- ասել է Օրտեգան։
Առաջին անգամ Ամանսիոն աշխատանքի է ընդունվել 13 տարեկան հասակում։ Աշխատել սկսել նրան ստիպեց մթերային խանութում տեղի ունեցած մի դեպք. Ամանսիոն խանութ գնացել էր մոտ հետ՝ գնումների համար։ «Վաճառասեղանն այնքան բարձր էր, որ ես չէի տեսնում, թե ով է խոսում մայրիկիս հետ, բայց տղամարդու ձայն էի լսում, ով այնպիսի մի բան ասաց, որ ողջ կյանքումս հիշում եմ՝ «Խոսեֆա, ես շատ եմ ցավում, բայց այլևս չեմ կարող մթերքը քեզ պարտքով վաճառել»։ Ես շոկի մեջ էի»,- պատմել է նա։ Նրա կենսագրության հեղինակը նշում է, որ դեռ մանուկ հասակից Ամանսիոն շատ հպարտ է եղել. այս նվաստացումը նրան ստիպել է թողնել դպրոցը և սկսել օգնել ընտանիքին։
Նա աշխատանքի է անցել փոքրիկ խանութ-նորաձևության սրահում և ամբողջ օրը ծանրաբեռնված վազվզել է։ «Ես լվանում էի, փաթեթավորում, շփվում գնորդների հետ, երբ շատ մարդ էր լինում։ Կարծես թե մեր հաճախորդներն իմ մասին պատմում էին մեր ղեկավարին, քանի որ նկատում էին, որ այն պահից, ինչ ես գնացել էի խանութ, ես աշխատանքին շատ լուրջ էի վերաբերվում և մեծ պատասխանատվությամբ»,- հիշում է Օրտեգան։
Նորաձևության այդ սրահում տիրող մթնոլորտը ձևավորել է նրա վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ՝ որպես գործունեություն, որի նպատակը հեռու է միայն գումար աշխատելու ակնկալիքից։ «Ես, որպես թանկարժեք իր, պահում եմ առաջին պայմանագիրս Gala-ի հետ»,- ասում է նա։ Այդ խանութը դեռևս աշխատում է. «Թվում է՝ այն սառել է ժամանակի մեջ։ Զոլավոր վերնաշապիկներ, գլխարկներ ձկնորսության համար և մորթե սվիտերներ… նրանք մինչ այժմ վաճառում են նույն իրերը, իսկ Ամանսիոն միստր Աշխարհն է»,- ասել է «Զրոյից մինչև Zara» գրքի հեղինակ Կսաբյե Բլանկոն։
15-ամյա ղեկավար
Մեկ տարի աշխատելով Gala-ում՝ նա որպես ասիստենտ՝ աշխատանքի անցավ ավելի հեղինակավոր խանությում՝ La Maja-ում, որտեղ այդ պահին աշխատում էին նրա ավագ եղբայրն ու քույրը։ Նրան արագ նշանակեցին մենեջեր, իսկ նրա փոխարեն աշխատանքի անցավ 16-ամյա Ռոզալիա Մերա Գոյենչենան, ում հետ նա ամուսնացավ երկու ամիս անց։ Անհրաժեշտ փորձը ձեռք բերելով՝ Ամանսիոն դուրս եկավ աշխատանքից և 17 տարեկան հասակում՝ 1963թ., հիմնեց իր առաջին ընկերությունը՝ GOA Confessiones-ը (Ամանսիոյի անվան, ազգանվան, հայրանվան առաջին տառերն են՝ դասավորված հակառակ ուղղությամբ)։ Սկզբնական կապիտալի չափը կազմում էր 2.5 հազար պեսետ (20 եվրոյից պակաս)։
Փոքր արհեստանոցում կանացի խալաթներ էին վաճառում, որոնք շատ լավ էին վաճառվում։ Նորից ներդնելով աշխատած գումարների մեծ մասը՝ Ամանսիոն արհեստանոցը ոտքի կանգնեցրեց և գտավ անձի, ով նրանից գնեց ողջ արտադրանքը։ Նրա նպատակը մեծ արտադրությունն էր։ 10 տարվա աշխատանքի ընթացքում Օրտեգան կապեր հաստատեց կատալոնյան տեքստիլ արտադրողների հետ, որոնք նրան թել էին վաճառում, հզորացրեց արտադրական կարողությունները և հաճախորդների մեծ բազա ստեղծեց։ 1970-ականներին նա զբաղվում էր ապրանքի տարածմամբ և աշխատանքի ընդունեց դիզայներների խումբ, իսկ 1975թ. բացեց իր առաջին խանութը։ Նա ցանկացավ այն անվանել Zorba` «Գրեկ Զորբա» ֆիլմի կերպարի անունով, սակայն կերպարի անունն օգտագործելու իրավունք չստացավ։ Խանութն անվանվեց Zara:
Արագ նորաձևություն
Zara-ն Inditex ընկերության ամենաճանաչված բրենդն է։ Նրան հաջողություն է բերել մարտավարությունը, որը հակասում է սկզբունքների մեծամասնությանը, որոնցով աշխատում էր շուկան։ Zara-ն աշխատում է առանց միջնորդների և գործակալների։ Ի տարբերություն հագուստ արտադրողների մեծ մասի, որոնք աութսորսինգ են օգտագործում, իր հագուստը մեծամասամբ ինքն է պատրաստում։ Ընկերությունն անձամբ է զբաղվում նյութերի գնումներով, դիզայնով, տարածմամբ։ «Մեր բիզնես բանաձևը կառուցված է փոքր սկզբունքի վրա՝ մենք գերադասում ենք յուրաքանչյուր իրով ավելի քիչ գումար աշխատել, բայց ավելի շատ իրեր վաճառել»,- բացատրել է Օրտեգան։
Գլխավորն արագությունն է՝ նոր իրի մոդելավորման, արտադրության և խանութ հասցնելու համար սահմանված է առավելագույնը 2 շաբաթ։ Zara-ում մեծ քանակով դիզայներներ են աշխատում։ Մյուս կազմակերպություններին դժվար է դիմանալ այս արագությանը. երբեմն մոդելավորման վրա շաբաթներ են ծախսվում, ինչի արդյունքում նոր հավաքածուն խանութում է հայտնվում տարվա ընթացքում 2-3 անգամ։ Իրերը խանութ հասցնելու համար պետք է 48 ժամից ավելի չծախսվի։ Zara-ն չի փորձում առավելագույնը մեծացնել թողարկման քանակը. նոր մոդելները տարածվում են սահմանափակ քանակով և նորացվում են յուրաքանչյուր ամիս։ Նույնիսկ ամենապահանջված մոդելրները խանութում երկու ամսից ավելի չեն մնում։ Այս կերպ գնորդները հետաքրքրված են լինում. այն դեպքում, եթե մյուս խանութներ գնորդները տարվա ընթացքում 4 անգամ են գնում, ապա Inditex ընկերության խանութներում լինում են տարվա ընթացքում գրեթե 17 անգամ։ Zara-ն դարձել է «արագ նորաձևություն» հասկացության հոմանիշը։ Արդյունքում՝ Zara-ն կարիք չի ունենում ստացված եկամուտը գովազդի վրա ծախսելու համար՝ իր մրցակիցներին մշտապես գերազանցելով եկամտի չափով։ 2015թ. Inditex ընկերության զուտ շահույթը մեծացել է 14.8 տոկոսով՝ հասնելով 3.2 մլրդ դոլարի։ Համեմատության համար նշենք, որ H&M ընկերության շահույթը 2015թ. կազմել է 2.5 մլրդ դոլար, իսկ GAP-ինը՝ 920 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ Inditex ընկերությունը վերջին 10 տարիների ընթացքում միայն ավելացրել է իր եկամուտը։
«Անմարդկային» էնտուզիաստ
Ընկերության ղեկավարի պաշտոնում գտնվելու ողջ ընթացքում (պաշտոնը նա լքել է 2011թ.՝ 75 տարեկան հասակում) նախընտրել է կառավարել այնտեղ կատարվող բոլոր գործընթացները։ Նույնիսկ տոները, այդ թվում՝ Նոր տարին և իր ծննդյան օրը, նա անցկացրել է աշխատանքի վայրում։ Նա հիշում է, որ ամենաշատն իրեն դուր էր գալիս ժամանակ անցկացնել դիզայնի բաժնում. նա սեփական գրասենյակ չի ունեցել։ «Իմ աշխատանքը փաստաթղթային չէ, այլ աշխատանք՝ ֆաբրիկայում»,- բացատրել է բիզնեսմենը։
«Աճն ապրելու մեխանիզմն է։ Առանց աճի՝ կազմակերպությունը մահանում է։ Այն պետք է ապրի հանուն մարդկանց, ովքեր աճ են ներդնում։ Այժմ, երբ ես 72 տարեկան եմ, ես զգում եմ նույն բանը՝ չես կարող դադարել աճել և զարգանալ»,- մի առիթով ասել է նա։
Այսօր արդեն Zara-ն ավելի քան 2,1 հազար խանութ ունի աշխարհի 88 երկրներում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը