Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ. Euronews-ի անդրադարձը

Euronews-ն անդրադարձել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրականացված ռազմական գործողություններին` հետադարձ հայացք գցելով ապրիլյան դեպքերին արդեն 5 ամիս անց:  Euronews-ը զրուցել է երկու կողմերի ներկայացուցիչների հետ: «Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ» վերտառությամբ հոդվածում ասվում է, որ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսումն արթնացրեց ավելի քան 20 տարի շարունակ սառեցված հակամարտությունը: Հայկական կողմի զինվորները հազիվ 20 տարեկան կլինեին, սակայն նրանցից ոմանք արդեն պատերազմելու փորձ ունեին:

«Մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր ընտանիքը եւ բոլոր նրանց, ովքեր ապրում են այս հողի վրա»,- ասել է զինվոր Արամ Եգորյանը:

Հայաստանի հաղթանակով 1994 թվականին կնքված հրադադարից հետո բախումները պարբերաբար շարունակվում էին: Euronews-ի թղթակիցը եղել է շփման գծի հյուսիսում, որտեղ էլ տեղի են ունեցել ապրիլյան ծանր բախումները: «Մեզ չի թույլատրվում անցնել այս խրամատներից այն կողմ: Հակառակ կողմում` 100 մ հեռավորության վրա, կանգնած են ադրբեջանական զինվորները»,- պատմել է Euronews-ի թղթակիցը:

Ստանալով հայ կամավորների աջակցությունը` ԼՂ բանակը պատրաստ է յուրաքանչյուր պահի դիմակայելու ադրբեջանական կողմի հարձակումներին: «Սկսած 1994-ից` հակառակորդը մշտապես խախտել է զինադադարը: Հենց նրանք սկսեցին ապրիլյան ռազմական գործողությունները: Մենք այժմ պետք է ավելի լավ պատրաստվենք, եւ եթե այն կրկնվի, այս անգամ շատ հզոր դիմադրություն ենք ցույց տալու»,-ասել է հյուսիսային ճակատի հրետանային գնդի պետ Սեւակ Սարդարյանը:

Կարդացեք նաև

Թալիշ գյուղից տեղահանված բնակիչներից Գարիկ Օհանյանը թղթակցին ցույց է տվել, թե ինչ է մնացել իր տնից: «Սա իմ տունն է: Ես 20 տարի տանջանքով աշխատել եմ, կառուցել իմ տունը. 20 տարի: Այստեղ 9 մարդ էր ապրում: Տեսեք, ոչ մի բան չի մնացել: Ամեն ինչ քանդված է: Ես չգիտեմ` ինչ անել»,-պատմել է նա:

Թալիշ գյուղից 15 կմ այն կողմ Թարթառի շրջանն է, որտեղ թղթակիցը հանդիպել է ադրբեջանցի զինվորներին: Այնտեղ նրան թույլ են տվել նկարահանումներ անել ընդամենը 30 վայրկյանում եւ հեռանալ: Թղթակցի խոսքով` ապրիլին Թափկարակոյունլու գյուղում բնակիչներ չեն եղել, սակայն գյուղը զգալի վնասներ է կրել եւ այժմ վերականգնման փուլում է: Ինչպես Թալիշում, այնպես էլ այդ գյուղում բոլորը վախենում են ռազմական գործողությունների վերսկսումից:

«Խնդրի լուծման միակ ճանապարհը պատերազմն է: Ինձ համար այլ տարբերակ չկա»,- ասել է գյուղի բնակիչներից Ֆաիգ Մուստաֆաեւը:

Հոդվածում նշվում է, որ չնայած միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն պայքարում է տնտեսությունը զարգացնելու եւ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:

«Մենք հավատում ենք, որ պետք է ԼՂՀ-ն վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ: Արդեն երկու անգամ` 1991 եւ 2006 թվականներին ժողովուրդը կողմ է քվեարկել է հանրապետության անկախության ճանաչմանը: Պետք է հաշվի առնել ժողովրդի որոշումը եւ դարձնել այն անկյունաքար հետագա կարգավորման գործում»,-ընդգծել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այն է, ինչ է Կարեն Մաթեւոսյանը եւ իր ընտանիքը երկար ժամանակ է` ցանկացում են տեսնել: Կարենը եւ իր ընտանիքը վերապրել են Սումգայիթի ջարդերը: «Սարսափելի էր: Նրանք մարդկանց ողջակիզում էին, բռնաբարում կանանց, նույնիսկ երեխաներին: Ոչ մեկին, նույնիսկ իմ ոխերիմ թշնամուն չեմ ցանկանում անցնել այն ամենի միջով, որ մենք ենք անցել այդ երեք օրը Սումգայիթում»: Կարենը եւ կինը չեն պատկերացնում, որ երբեւէ կարող են լքել Ղարաբաղը` իրենց նախնիների, այժմ նաեւ իրենց հողը:

Ստեփանակերտում Euronews-ի թղթակիցը հանդիպել է Թումո կենտրոնի սաներից մեկին, ով կորցրել է իր քեռուն պատերազմի ժամանակ: Դա ոգեշնչել է նրան պատրաստել իր առաջին նախագիծը` ֆոտոցուցահանդես` նվիրված առաջնագծում հայ զինվորների առօրյային:

«Ես ցանկանում էի, որ նայելով այս նկարներին` հանրությունը տեսներ մեր ուժը, մեր ոգին, որ այս տղամարդիկ միշտ պատրաստ են: Ես ցանկանում էի ցույց տալ դրական կողմերը, ոչ բացասական, որոնք ես տեսել եմ»,-նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս