«Պատերազմի և մեծ կորուստների վտանգը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը կշարունակի ներկայիս արտաքին քաղաքականությունը»

Մեր զրուցակիցն է Janeգs Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Վերջին շրջանում ակտիվ զարգացումներ տեղի ունեցան Հայաստանի շուրջ` աշխատանքներ են տարվում ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, ձևավորվում է նոր Ռուսաստան-Իրան-Ադրբեջան-Թուրքիա առանցք, Թուրքիան գործողություններ սկսեց Սիրիայում։ Տարածաշրջանն ակտիվ գործընթացների մեջ է, որոնցից Հայաստանը դուրս է մնացել։ Ի՞նչ է խոստանում այս քառակողմ համագործակցությունը, վերջին զարգացումները տարածաշրջանին։

– Շատ դրական զարգացումներ են մասնակից երկրների համար։ Տնտեսական կապերը ենթադրում են ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն, թեև չեմ կարծում, որ, օրինակ, Ռուսաստան-Իրան կամ Ռուսաստան-Թուրքիա կուռ դաշինքների հիմքեր կան։ Տնտեսական առումով այս երկրներն իրար փոխլրացնում են, հետևաբար` բոլորն էլ շահագրգռված են համագործակցել։ Քաղաքական առումով գոնե մոտակա մի քանի տարիներին ևս նրանց շահերը համընկնում են։ Բայց եթե տնտեսական կապերը հզորանան, պետք է սպասել ավելի լուրջ քաղաքական առանցքի ձևավորման։ Կարևոր մայրուղիների կառուցումը, համատեղ ներդրումները նավթային և ոչ նավթային ոլորտներում, ռազմական առևտուրը, բոլորն այս համագործակցության բաղադրամասերն են։

Ադրբեջանի համար սա լավ լուր է։ Բաքուն կարողացավ ցույց տալ, որ լուրջ գործընկեր է, ի տարբերություն Հայաստանի։ Չնայած Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններին Իրանի թրքախոս համայնքների իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի` Պարսկաստանի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումների շուրջ, Բաքուն կարողացավ հիմք դնել Իրանի հետ ապագա տնտեսական համագործակցությանը։ Սա պատահականություն չէր, այլ Բաքվի հետևողական և հավասարակշիռ արտաքին քաղաքականության արդյունք։
Միևնույն ժամանակ, Հայաստանի աճող մեկուսացումը ևս պատահական չէ։ Սա ուղղակիորեն կապված է Ռուսաստանի կողմից տարվող հայկական պետությունը փաստացի կլանելու քաղաքականության հետ։ ՀՀ բոլոր նախկին և ներկայիս իշխանությունները հավասարապես ընդունել են փաստացիորեն ռուսական արբանյակ դառնալու տարբերակը։

Կարդացեք նաև

Բնականաբար, սա թուլացնում է Հայաստանի տարածաշրջանային դիրքը և տնտեսական գրավչությունը մյուս երկրների համար։ Ի դեպ, նույն Ռուսաստանի համար էլ Հայաստանը գրավիչ գորրծընկեր չէ, ի տարբերություն Ադրբեջանի։ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանն իր կատարյալ հսկողության տակ պահել ստրատեգիական նպատակների համար։ Բաքուն, իհարկե, հաջող արտաքին քաղաքականություն է վարում, բայց շահեց հենց Հայաստանի սխալների շնորհիվ։

– Մի կողմից` ռուս-թուրքական համագործակցության վերականգնումը, մյուս կողմից` խորացող տարաձայնությունները Սիրիայում, ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա` հաշվի առնելով այն, որ թուրք պաշտոնյաներից մեկը խոսել էր այն մասին, թե ԼՂ հակամարտությունը կքննարկվի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափում։

– Նախ` Ռուսաստանն ամեն դեպքում կշարունակի փորձել մենաշնորհ ունենալ ԼՂ-ի հարցում, այլ խոսքով` դառնալ գլխավոր «խաղաղարարը»։ Ռուսաստանի նպատակը մեկն է` թույլ չտալ ԼՂ հակամարտության վերջնական լուծում, այդ թվում` նաև ռազմական լուծում, այլ օգտագործել այն` Ադրբեջանն ու Հայաստանն իր հսկողության տակ պահելու համար։ Լավագույն դեպքում Մոսկվայի համար հայերը կհամաձայնեն որոշ շրջաններ հանձնել Ադրբեջանին, իսկ Ալիևը փոխարենը կհամաձայնի, որ ռուս զինվորներ տեղակայվեն ԼՂ-ում` իբրև խաղաղապահներ։ Այս տարբերակը կարող է նաև ռազմական ճանապարհով իրագործվել, երբ հայկական կողմը կկորցնի այդ տարածքները նոր պատերազմում, բայց Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա, որ Ադրբեջանը հասնի տարածքային առավելության` առանց համաձայնելու ինտեգրվել ռուսական ծրագրերում։

Ռուս-թուրքական մերձեցումը լուրջ գործոն է ԼՂ հակամարտության դեպքում։ Թուրքիան, իհարկե, կցանկանար ազատվել Ադրբեջանի արտաքին քաղաքական շահերն իր սեփական շահերի հաշվին սպասարկելուց, այսինքն` Հայաստանի հետ սահմանները բացել։ Բայց Թուրքիայի ղեկավարությունը գիտակցում է, որ ազգայնական ընտրազանգվածն առանց նախապայմանների սահմանների բացումը գուցե չների։ Ուստի, Թուրքիայի համար կարևոր է ոչ թե` ԼՂ կոնֆլիկտի լուծումը, այլ հայկական կողմից որոշ շրջանների հանձնումն Ադրբեջանին Ռուսաստանի միջոցով։ Որքան էլ սերտ լինեն Բաքվի և Անկարայի հարաբերությունները, ամեն դեպքում Թուրքիան Ադրբեջանը դիտարկում է` իբրև Ռուսաստանի ազդեցության գոտի։ Մեծ դեր չեմ տեսնում Թուրքիայի համար։ ԼՂ հարցում դեր ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ը և հայաստանյան հասարակությունը` իր հստակ ընդդիմությամբ Ռուսաստանի ներկայիս պլաններին։

Ուկրաինայի, Սիրիայի կոնֆլիտների հետ մեկտեղ, Ռուսաստանը շահարկելու է ԼՂ կոնֆլիկտում իր ազդեցությունը։ Այս կոնֆլիկտները Ռուսաստանի համար լծակներ են` Արևմուտքին ցույց տալու, որ Մոսկվան ամեն դեպքում, գոնե մոտակա տարածաշրջանում, ազդեցիկ երկիր է, գերտերություն, որ Մոսկվայի հետ համագործակցելն Արևմուտքի շահերից է բխում, հակառակ դեպքում` կարող են լինել ակտիվ ռազմական բախումներ, անկայունություն, ուր ԱՄՆ-ը գուցե ստիպված լինի ռեսուրսներ օգտագործել։ Այս հակամարտություններում նոր էսկալացիաները Պուտինը կշարունակի օգտագործել դիվանագիտական մեկուսացումից դուրս գալու համար։ Ինչպես տեսնում ենք, Սիրիայի և ԼՂ-ի դեպքում այս տակտիկան աշխատում է։ Լավագույն դեպքում, Պուտինի նպատակն է` հասնել նրան, որ Արևմուտքն ընդունի, որ իր երկիրը գերտերություն է և պետք է տեղ ունենա մեծ տերությունների սեղանին։ Կոնֆլիկտների վերահսկմամբ և շահարկմամբ, և ոչ թե` դրանց լուծմանը նպաստելով` Ռուսաստանը փորձելու է գոնե Հարավային Կովկասում Արևմուտքին ստիպել այն ճանաչել` իբրև Մոսկվայի ազդեցության գոտի։ Բնականաբար, սա ենթադրում է, որ, ի վերջո, արևմտամետ ուժերը կճնշվեն Վրաստանում։

– Այս զարգացումների ֆոնին` հետաձգվեց կամ չեղարկվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումն ապրիլյան պատերազմից հետո, որը պետք է կայանար կրկին Ռուսաստանում։ Զուգահեռաբար` Հայաստանում շարունակվում է հողերի հանձնման անթույլատրելիության մասին դիսկուրսը։ Ձեր տպավորությամբ` ո՞րն է խնդիրն այս պահին բանակցային գործընթացում, և ի՞նչը խոչընդոտեց երրորդ նախագահական գագաթաժողովի կայացմանը։

– Հստակ է, որ նախագահական հանդիպումը պետք է ծավալվի ռուսաստանյան պլանի մանրամասների շուրջ։ Նաև հստակ է, որ հայկական կողմից, ըստ էության, միակողմանի զիջումներ պահանջելը կարող է մեծ բողոքի ալիք բարձրացնել Հայաստանում։ Բացի այդ, ամենակարևորն այն է, թե Մոսկվան և Բաքուն ինչի շուրջ կհամաձայնվեն, այսինքն` ի՞նչ է ստանալու Բաքվից Մոսկվան` ներկայիս փուլային տարբերակը բանակցությունների կամ պատերազմի միջոցով առաջ մղելու դեպքում։ Ամեն դեպքում, սա ժամանակավոր դադար է, հնարավոր է` նաև կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մոտակա ներքաղաքական իրադարձությունների հետ։

– Ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում ԼՂ հակամարտության գոտում, հաշվի առնելով, ինչպես նշեցիք, հակամարտող երկրների ներքաղաքական կյանքում սպասվող փոփոխությունները. Հայաստանում`ընտրությունները, Ադրբեջանում` սահմանադրական փոփոխությունները։

– Պատերազմի վտանգը մեծ է, բայց նաև չպետք է մոռանալ, որ նման լարված վիճակը կարող է երկար շարունակվել, քանի որ վախը հոյակապ գործիք է Ռուսաստանի ձեռքին։ Հետաքրքիր է, որ հողերի հանձնման խոսակցությունը լայն հնչեղություն ունի Հայաստանում, բայց քիչ է խոսվում Ռուսաստանի հետ ռազմական ինտեգրացիայի մասին, և, թե ինչպես է այն թուլացնում Հայաստանի պետականությունը, ուստի` լուրջ կասկածի տակ դնում նաև ԼՂ-ի ապագան։ ՀՀ բանակն իր պետականության ամենակարևոր կառույցներից է, և ցանկացած քայլ` այս կառույցը փոխելու, լուրջ հետևանքներ կունենա։ Պատերազմի սպառնալիքն օգտագործելը Ալիևի համար ևս շատ օգտակար է։

Ապրիլյան պատերազմը լրջորեն ամրապնդեց Իլհամ Ալիևի ներքաղաքական դիրքերը, քանի որ նա առաջին նախագահն է, որ կարողացավ փոքր, բայց որոշ տարածքներ գրավել։ Նա ցույց տվեց, որ հայկական բանակն անպարտելի չէ, և, որ չնայած կաշառակերության մեղադրանքներին, ամեն դեպքում ադրբեջանական բանակը լրջորեն վերազինվել է վերջին տարիներին։ Այս հաղթական մթնոլորտը, նաև դիվանագիտական հաջողությունները Իրանի և Ռուսաստանի հետ, կօգնեն Ալիևին առաջիկա հանրաքվեում։ Բայց մեծացել են նաև ադրբեջանցիների ակնկալիքները և պատերազմով հարցերը լուծելու ցանկությունը, միևնույն ժամանակ` տնտեսական խնդիրներն են խորացել, ինչը կարող է դրդել Ալիևին հերթական ռազմական գործողությանը։

Պատերազմի և մեծ կորուստների վտանգը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը կշարունակի իր ներկայիս արտաքին քաղաքականությունը։ Երևանը ունի մեկ ստրատեգիական դաշնակից` ի դեմս Ռուսաստանի։ Ռուսաստանը ցանկանում է լիակատար տնտեսական և ռազմական ինտեգրացիա, բայց այս պլաններում ԼՂ-ն տեղ չունի։

Հայաստանը կամովին ընտրել է բացարձակ ռուսական կախվածություն` հուսալով, որ կպաշտպանի ԼՂ-ն, կստանա տնտեսական օգուտ, այդ թվում` նաև էժան էներգետիկ ներկրումներ, և լուրջ ներդրումներ, ինչպես նաև` շուկայական գնից ցածր սպառազինություն։ Ինչպես տեսնում ենք, բոլոր հարցերում Երևանը լուրջ թերհաշվարկ է արել։

Ավելին, Հայաստանը չի ցանկանում և չի կարող իր միակ ստրատեգիական դաշնակցին ստիպել կատարել իր դաշնակցային պարտականությունները։ Ադրբեջանը կշարունակի արդյունավետ օգտագործել պատերազմի սպառնալիքը բանակցություններում, քանի դեռ Հայաստանը շարունակում է մասնակցել նման բանակցություններին, մնում է թույլ և մեկուսացած, իսկ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի շահերի հաշվին իր հարաբերությունները սերտացնել Ադրբեջանի հետ։ Եվ վերջապես, այս վտանգը կմնա, քանի դեռ լուրջ արևմտյան հակազդեցության չկա, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է ռեսուրսներ ծախսել Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից Հայաստանին օգնելու, ուր թե՛ իշխանությունները, և թե՛ գրեթե ողջ համակարգային ընդդիմությունը նախընտրում է Եվրասիական ինտեգրացիան կամ հայտարարում, որ Հայաստանն աշխարհում դաշնակիցներ չունի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կրկին Արևմուտքի համար այս երկրի ստրատեգիական կարևորությունը նվազել է` համաշխարհային էներգետիկ շուկան արագ փոխվում է, իսկ Ադրբեջանը շատ էներգետիկ ռեսուրսներ չունի։ Բացի այդ, կրկին Հայաստանի նման` Ադրբեջանն էլ նախընտրում է ոչ արևմտյան արժեքներ, քանի որ երկուսն էլ գտնվում են օլիգարխիկ նեղ խմբի ձեռքում, որը պատրաստ է ոստիկանական բռնությունների։

– Ադրբեջանի նախագահի լիազորությունների ընդլայնումն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա։

– Ուղղակի ազդեցություն կարող է չունենալ։ Բայց այս քայլով Ալիևն ավելի է մերձենալու պուտինյան Ռուսաստանին, ինչը պետք է մտահոգիչ լինի հայկական կողմի համար։

Տեսանյութեր

Լրահոս