«Պետք չի եզը վերցնել ու տակը հորթ ման գալ». Հերմինե Նաղդալյան

«Ես ընկալեցի այդ հայտարարությունն այն բազմաթիվ վերլուծությունների և քննարկումների ոգու ներքո, որ մշտապես ունեցել և հայտարարել է ՀՀԿ-ն ու ՀՀԿ լիդերները և ներկայացուցիչները: Մենք միշտ սթափ և օբյեկտիվ գնահատականներ ենք ունեցել բոլոր խնդիրներին, բոլոր պրոբլեմներին, որ կան թե’ մեր տնտեսության մեջ, թե’ մեր հասարակության կյանքին վերաբերող բազմաթիվ տարբեր ոլորտներում, միշտ ունեցել ենք սթափ, օբյեկտիվ մոտեցում, խնդիրները ձևակերպել ենք, փորձել ենք լուծումներ տալ: Դրանց մի մասին լուծումներ տրվել են, մի զգալի մաս մնացել է: Չեմ կարծում, որ ամեն բառի տակ, որ լսում եք մեր ներկայացուցիչներից, պատգամավորներից, պետք է միկրոսկոպով վերցնել, ուսումնասիրել և բաներ ման գալ: Մեր հայկական հին և բարի ավանդույթն է, ասում են` եզը վերցնում, տակը հորթ են ման գալիս: Կարծում եմ, որ վարչապետն ի նկատի է ունեցել այն հանգամանքները, որ կարող են եղած լինել երբևիցե որևէ երկրում, որևէ ժամանակներում, որևէ պայմաններում կամ որևէ նեգատիվ երևույթ, որը տեսականորեն կամ գործնականորեն կարող էր լինել կամ գոյություն ունենալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ Հայաստանում  այլևս բիզնեսներ չեն խլվելու:

«Ճիշտն ասած` ես այդ պահը չեմ լսել, գուցե ինչ-որ մի պահ ուշադրությունս այլ բանի է եղել, դրա համար չեմ կարող լավ մեկնաբանել,- հավելեց Հ. Նաղդալյանը և կրկին շեշտեց,- Պետք չի եզը վերցնել ու տակը հորթ ման գալ»:

Ըստ նրա` բազմաթիվ խնդիրներ կան տնտեսության մեջ, դրանց մի մասն օբյեկտիվ է, մի մասը` սուբյեկտիվ, բայց ՀՀԿ-ն երբեք չի փորձել խեղաթյուրել, այլ փորձել է միշտ ճիշտ հասկանալ, որ ճիշտ լուծում տան. «Իհարկե, 25 տարի շրջափակման մեջ գտնվող երկրի տնտեսությունը ծանր վիճակում է լինելու, իհարկե, փոքր շուկա, փոքր գնողունակ հնարավորություններ ունեցող շուկայի խնդիրները բավականին ծանր են լինելու: Մենք տարիներ շարունակ փորձում ենք այլ երևույթներ օգտագործելով՝ կոմպենսացնել, նեյտրալիզացնել այն վատ, ծանր կողմերը, որ ունի մեր տնտեսությունը: Դրա համար գնում ենք առավել լիբերալ տնտեսության ու օրենսդրության՝ առավել ազատականացնելով բիզնեսի հնարավորությունները: Կառավարության նախկին գերակայությունները պետք է  շարունակվեն, այսուհետ պետք է աշխատենք ավելի նախանձախնդիր, ավելի ճշգրիտ այդ քայլերն իրականացնել»:

Նորանշանակ վարչապետի գործունեության ազատության վերաբերյալ կարծիքները Հ.Նաղդալյանը մեկնաբանել չցանկացավ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս