«ԵՏՄ-ին անդամակցությունը ռազմաքաղաքական առումով միակ քայլն էր, այլ քայլ չկար». Վահագն Խաչատրյան
2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին: 2014 թ. ապրիլին Ազգային ժողովը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին միանալու օգտին: Դեմ էր միայն 7 պատգամավոր՝ «Ժառանգություն» խմբակցության 4 անդամները, ՀԱԿ-ից` Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը, ձեռնպահ էր մնացել ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակա էր քվեարկությունից: Արդյունքում՝ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ դարձավ 2015 թ. հունվարից։ ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ էր արդարացված Հայաստանի ընտրությունը:
– Ամենակարևորը, որի մասին 3 տարի առաջ ես ու իմ համախոհները խոսել ենք, և մեր դիրքորշումը հետևյալն էր, որ ռազմաքաղաքական առումով դա միակ քայլն էր, այլ քայլ չկար: Այսինքն՝ ՀՀ-ն չէր կարող ռազմական ու քաղաքական դաշինքներում մի համակարգում լինել, իսկ տնտեսական առումով՝ այլ դաշտում: Այսինքն՝ ընտրություն չէր էլ կարող լինել:
Գուցե և դրանից առաջ Արևելյան գոծընկերության շրջանակներում ԵՄ-ին ՀՀ ինտեգրման շուրջ մնացած բոլոր քննարկումները մեծ ավանտյուրա էին, որովհետև իրականում դա չէր էլ կարող իրականանալի դառնալ: Եղավ այն, ինչ եղավ: Երկրորդ խնդիրն էլ կա, որի մասին մենք խոսել ենք, և ես շարունակում եմ պնդել, որ ՄՄ-ին ՀՀ-ի լիակատար անդամակցությունը տնտեսական առումով անհնար էր, և կյանքը ցույց տվեց, որ այդ հանգամանքը որոշակի դժվարությունների առաջ է կանգնեցնում Հայաստանին, որովհետև տնտեսական մաքսային միություններ լինում են այն երկրների միջև, որոնք ունենում են ընդհանուր սահմաններ:
Մենք ՄՄ-ի ոչ մի անդամ երկրի հետ սահման չունեինք: Եվ երբ մենք սա որպես փաստարկ էինք բերում, ես շատ լավ հիշում եմ, որ նախկին կառավարության անդամները և ղեկավարը փորձում էին հակառակը խոսել, բայց երբ որոշում կայացվեց, որ պետք է գնան ՄՄ, արդեն հակառակ հիմնավորումն էին անում: Սկզբում իրենք ասում էին, որ ճիշտ է, սահման չլինելը մեզ ՄՄ անդամ լինելու հնարավորությունից զրկում է, բայց հետո, երբ սեպտեմբերի 3-ին որոշեցին, նույն հաջողությամբ սկսեցին հիմնավորել, որ չի խանգարում: Բայց իրականում դա խանգարող հանգամանք է:
Եվ, ի վերջո, 3-րդը՝ բոլորին այդ հարցը հետաքրքրում է, կա՞ր արդյոք որևէ հաշվարկ ՀՀ իշխանությունների կողմից, որը կհիմնավորեր` ՄՄ-ին, հետո` ԵՏՄ-ին մեր անդամակցելու հանգամանքը: Այն ժամանակ ես գիտեի, որ այդպես է, հիմա ավելի համոզված եմ, որ որևէ հաշվարկ չի եղել:
Այսինքն՝ տնտեսական արդյունավետության առումով որևէ հիմնավորում բերել և ասել, թե հաշվարկել են, որ ՀՀ-ին ավելի ձեռնտու է լինել ԵՏՄ կազմում, քան ԵՄ-ի հետ պայմանագիր կնքել Արևելյան գործընկերության շրջանակներում, դա չկար: Հետագայում մի քանի այդպիսի վերլուծություններ եղան, որոնցում ավելի շատ ենթադրություններ էին՝ «եթե Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցվի…», «եթե ատոմակայան կառուցվի…», «եթե …», այդ դեպքում Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հնարավորություն կստանա ՀՆԱ-ն մոտ 3% ավելացնել: Բայց իրականում դրանք ռեալ հաշարկներ չէին, դրանք ենթադրություններ էին, իսկ երբ մի երկիր պատրաստվում է մի միության մեջ մտնել, առաջին հերթին սեղանին այդ հաշվարկները պետք է դրվեն և դրանք հիմք ընդունվեն:
– Ռազմաքաղաքական նպատակահարմարության հետ կապված, հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, այսօ՞ր էլ գտնում եք, որ արդարացված էր անդամակցությունը:
– Միանշանակ, որևէ փոփոխություն չկա: Իրականում մենք այդ ռազմաքաղաքական առումով պետք է կարողանանք մեր առավելություններն օգտագործել, և այդ դեպքում, կարծում եմ, ձեր հարցադրումներն ինձ ուղղված չէին լինի: Մենք ուղղակի այդ առավելությունները չենք օգտագործում, ավելին, տարիներ շարունակ կարողացանք այդ առավելությունները մսխել և ինչ-որ առումով նաև անհաջողություններ ունենալ: Բայց ես հուսով եմ, որ այդ ապրիլյան դեպքերն էլ գոնե դաս կլինեն, և մենք կկարողանանք ռազմաքաղաքական առումով մեզ տրված հնարավորությունն օգտագործել: Նորից եմ կրկնում՝ չի կարելի ռազմական, քաղաքական առումով լինել մի միության կամ խմբի մեջ, իսկ տնտեսական առումով փորձել գնալ այլ խմբի մեջ:
Առավել ևս, սրա մասին ևս պետք է խոսել, որ Արևելյան գործընկերության հարաբերություններում շանտաժի էլեմենտ կար, որ «կամ-կամ» էին ասում, «և-և»-ը ասում էին՝ չի աշխատի, այսինքն՝ կա՛մ Հայաստանը պետք է լինի ԵՄ Արևելյան հարևանության շրջանակներում անդամ, կա՛մ չի կարող լինել, և ՄՄ-ն խանգարում է: Բայց հետո պարզվեց այն, ինչ հիմա է կատարվում, որ թեկուզև վերջնական ձևակերպված չէ, որ կան ԵՄ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակներ, որոնք որևէ ձևով չէին խանգարի, որ ՀՀ-ն դառնար ԵՏՄ անդամ:
Ամենաբարձր մակարդակով հանդիպումների ժամանակ ԵՄ պաշտոնյաններին սրա մասին ասվել էր՝ Հայաստանին մի տարեք փորձության և «կամ-կամ»-ի ընտրության: Քաղաքական իմաստով նման «կամ-կամ»-ի ընտրությունն ամենավտանգավորն է: Միշտ պետք է փորձել համագործակցության եզրեր գտնել: Չէի ուզի այդ օրինակը բերել, բայց տեսեք, թե ինչ եղավ Ուկրաինայում: Շատ տեսանելի և վտանգավոր է, բայց ես չեմ ուզում, որ մենք՝ որպես պետություն, նման ճակատագրական իրավիճակներում հայտնվենք, որովհետև դա շատ վտանգավոր հետևանքներ է ունենում: