Ջիվան Ավետիսյան. «Լավ ֆիլմով պետք է լուրջ հարցեր բարձրացնել, փորձել ինչ-որ բան փոխել»
Հայաստանի ազգային կինոակադեմիան հեղինակավոր «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը ֆիլմ ներկայացնելու երեք հայտ է ստացել: Կինոնկարներից մեկը՝ երիտասարդ, բայց արդեն ճանաչված կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն է: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է ռեժիսորի հետ:
-Նախորդ՝ «Թևանիկ» ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականին: Երբ սկսեցիք «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները, որը նույնպես արցախյան պատերազմի մասին է, մտավախություն չկա՞ր, որ գուցե այն չկրկնի «Թևանիկի» հաջողությունը:
-Բնականաբար, ամեն նոր աշխատանք սկսելիս լինում են վախեր. արդյոք կկարողանա՞ս քայլ առաջ անել, թե ոչ: Հիմա, երբ ֆիլմը պատրաստ է, վստահ կարող եմ ասել, որ այն հաջողված է: Ներկայումս մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի «Վերջին բնակիչը» ֆիլմը տարածում գտնի և ավելի մեծ հաղթանակներ ունենա, քան «Թևանիկը»: Չենք ցանկանում դոփել նույն տեղում:
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ամենն իրականացնելու համար:
-Համագործակցում ենք կինոարտադրության ոլորտում հեղինակություն վայելող դիստրիբյուտորների հետ: Նրանք երաշխավորում են, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը մեծ տարածում կունենա ամբողջ աշխարհում: Այժմ աշխատում ենք ֆիլմի թարգմանության ուղղությամբ: Այն պետք է թարգմանվի ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով: Անգլերեն տարբերակն արդեն կա:
-Ֆիլմում ներգրավվել են այլազգի նշանավոր դերասաններ: Հե՞շտ էր նրանց հետ համագործակցելը:
-Պարսիկ դերասան Հոմայուն Էրշադիի հետ աշխատելը գերագույն հաճույք էր: Նկարահանումների ժամանակ կարող էր ինձ հետ համաձայնության չգալ այս կամ այն հարցի շուրջ, բայց չէր ճնշում: Նա ինձ աջակցում էր՝ ինձ հետ համամիտ չլինելով: Դա հիանալի զգացողություն է: Չտեսնված մարդ է, դերասան, ընկեր: Ամենաբարդ իրավիճակներում անգամ կարողանում էր համապատասխան բառեր գտնել քաջալերելու համար: Աշխատել ենք նաև հույն և լիտվացի դերասանուհիների հետ, որոնք իրենց առաջ դրված խնդիրները փայլուն են կատարել:
– Ի՞նչ կասեք Սոս Ջանիբեկյանի մասին: «Թևանիկ» ֆիլմում նա դրական հերոսի է մարմնավորում, իսկ «Վերջին բնակիչը» կինոժապավենում՝ բացասական: Ինչու՞ այդպես…
-Սոսը մեծ շնորհ ունեցող, տաղանդավոր դերասան է: Իսկապես լավ ընկեր: Մեր համագործակցությունը ստացվում է: Նա մեծ հնարավորություններ ունեցող արտիստ է: Ցանկացա նրան այլ տեսանկյունից ներկայացնել հանրությանը: Կարող է լիարժեք մարմնավորել և՛ չար, և՛ բարի, և՛ տգեղ, և՛ գեղեցիկ հերոսների:
-Դուք մի շարք փառատոնների եք մասնակցել: Ի՞նչ են դրանք տալիս ռեժիսորներին:
-Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ պետք է մասնակցի բազում փառատոնների, շրջապատ ստեղծի, շփումներ հաստատի, ֆինանսավորում գտնի: Ես 2008-ից մասնակցում եմ փառատոնների և հասկանում եմ դրանց կարևորությունը: Դրանք փորձի փոխանակման համար հիանալի հարթակ են ստեղծում: Պետք է բախվել փառատոնային իրականությանը, սովորել, պետք է տեսնել, հասկանալ՝ ովքեր են քո մրցակիցները և կատարելագործվել:
-Հայտ եք ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը ներկայացվի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ֆիլմն արդեն ներկայացված է «Golden Globe» մրցանակաբաշխությանը, որն ասես «Օսկարի» համար հարթակ լինի: Կարծում եմ՝ այսօր արցախյան հարցը հանրությանը ներկայացնելու միջոցներից մեկը այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցելն է: Աշխատում ենք մի մասնագետի հետ, ում շնորհիվ հունգարական և պարսկական 2 ֆիլմ «Օսկար» են շահել:
–Համաշխարհային հանրությունը կընկալի՞ ֆիլմի ուղերձը:
-Տարբեր ազգերի ներկայացուցիչներ տարբեր կերպ են ընկալում ֆիլմերը: Նրանք հաճախ այնպիսի միտք, իմաստ են գտնում օտար ֆիլմերում, որոնց մասին հեղինակները չէին էլ մտածել: Նրանք ամեն ինչ ընկալում են այն ազդակների օգնությամբ, որոնք ավելի մոտ են իրենց: Ֆիլմը քաղաքական ուղերձ ունի, և մենք փորձելու ենք ուղերձը հասցնել համաշխարհային լսարանին:
-Ֆիլմն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Արցախում ցուցադրվե՞լ է:
-Դեռ ոչ, բայց նախատեսում ենք մեծ պրեմիերա իրականացնել: Արցախն այն վայրն է, որն ինձ դրական ազդակներ է հաղորդում: Ինձ այնտեղ սպասում են միշտ: Անկախ ամեն խնդրից՝ Արցախում ինձ լավ եմ զգում: Հպարտանում եմ Արցախ աշխարհով:
–Երիտասարդ ռեժիսոր եք և արդեն մեծ աշխատանքներ եք կատարել: Ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել:
-Մի անգամ կարդացի, որ երբ Չերչիլն արդեն թոշակառու էր, նրան հրավիրում են ելույթ ունենալ հեղինակավոր լսարաններից մեկում: Ելույթը լսելու են գալիս աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հետաքրքրասերներ: Երկարատև լռությունից հետո Չերչիլը հետևյալն է ասում. «Երբեք, երբեք, երբեք մի՛ հանձնվեք»: Այս խոսքերից հետո լքում է դահլիճը՝ զարմանքի մեջ թողնելով հանրությանը: Մտածում եմ, որ անգամ եթե պարտվելու ես, միևնույն է, չի՛ կարելի հանձնվել: Պետք է մինչև վերջ գնալ թե՛ ֆիլմ նկարահանելիս, թե՛ պատերազմում: Աղջիկ սիրելիս էլ պետք է գնալ մինչև վերջ: Կիսա տ բան պետք չէ անել: Փորձում եմ այդպես անել. անմնացորդ եմ նվիրվում:
–Կխոսե՞ք ձեր ապագա ծրագրերի մասին:
Դեռ իրականություն չդարձած ծրագրերի մասին չեմ բարձրաձայնի, բայց նշեմ, որ շատ եմ սիրում աշխատել: Կարծում եմ՝ մարդուն ոչինչ չպիտի խանգարի հասնել նպատակներին: Ֆիլմեր եմ նկարահանում հանուն արվեստի: Լավ ֆիլմով պետք է լուրջ հարցեր բարձրացնել, փորձել ինչ-որ բան փոխել: Իմ ֆիլմերը կյանքի և սիրո մասին են:
Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը