Հայաստանի ամենավտանգավոր թշնամին

Այսօր սեպտեմբերի 1-ն է։ Օր, որը տոնացույցում նշված է՝ որպես Գիտելիքի օր։ Օր, որը պաշտոնյաների օգնականների աշխատանքային ժամանակացույցում նշված է՝ որպես շնորհավորական ելույթներ գրելու օր։ Օր, որը քաղաքացիների զգալի մասի համար տոնական օր է ոչ թե՝ գիտելիքի մեծարման, այլ՝ այն պատճառով, որ խորհրդանշում է հերթական պարտադիր ծախսերը կատարած լինելու ու դրանից ձերբազատված լինելու երջանկությունը։

Օր, որը մեր արժեքային համակարգում ամենանշանակալիներից մեկն է՝ բովանդակության նկատմամբ ձևի հաղթանակի իմաստով։ Որովհետև այսօր ոչ միայն հազարավոր մանուկներ գնում են դպրոց, այլ նաև համարյա նույնքան հազարավոր պատանիներ գնում են համալսարան, ինստիտուտ՝ բուհ։ Գնում են բարձրագույն կրթություն ստանալու։ Գնում են, որովհետև այդպիսին է սովորույթը, որն իր գռեհկությամբ նույնիսկ սովորույթ չէ, այլ ադաթ։

Բայց տոները, անկախ ամեն ինչից, կարևոր են։ Հատկապես այն հանրույթների համար, որոնցում ծեսը կենսական նշանակություն ունի։ Իսկ քանի որ օրը տոնական է, տոնն էլ՝ կարևոր, ուստի պետք է լսել տոնական օրվա առթիվ հղված ու հղվելիք բոլոր ուղերձներն ու շնորհավորանքները։

Պետք է լսել ու լսեցնել հատկապես առաջին անգամ դպրոց ու համալսարան գնացող երեխաներին ու դեռատիներին։ Լսեցնել է պետք ոչ թե գիտելիքի մասին դատարկաբանություններով նրանց անաղարտ մտքերը պղտորելու համար, այլ պետք է լսեցնել՝ որպես կյանքի առաջին դաս։ Դաս, որը սովորեցնում է, որ կյանքում նրանք այլևս տեսնելու ու զգալու, զգալու ու ապրելու են միանգամայն այլ երևույթներ, բայց լսելու են դրանց հակառակի մասին։

Պետք է լսեցնել երեխաներին այդ ելույթներն ու ուղերձները՝ որպես նրանց կարդացած հեքիաթների պատգամների գործնական դրսևորում՝ սուտ չխոսելու, չկեղծելու, չխաբելու ու չմոլորեցնելու մասին։

Պետք է լսեցնել, որովհետև այսօր նրանք գիտելիքի ու լավ սովորելու մասին ուղերձներ են լսելու մարդկանցից, ովքեր ուղերձներ հղելու իրավունք են ստացել՝ գիտելիքի նկատմամբ օրգանական ատելության, գիտելիքն ու միտքը ծաղրելու, տգետ լինելու կամ անձամբ տգետ չլինելով՝ տգիտությունը խրախուսելու արդյունքում։

Պետք է լսեցնել, որովհետև նրանք ուղերձներ ու շնորհավորանքներ են լսելու մարդկանցից, որոնց մեծամասնության համար սեպտեմբերի 1-ը ոչ թե Գիտելիքի օրն է, այլ ռակի սեզոնի փակումն ու խաշի սեզոնի բացումն ազդարարող ամսաթիվ։

Երեխաները, ովքեր առաջին անգամ այսօր դպրոց են գնալու, և ուսանողները, ովքեր այսօր առաջին անգամ այլևս դպրոց չեն գնալու, ապրում ու, ըստ ամենայնի, տևական ժամանակ ապրելու են միջավայրում, որն իր բնույթով հակագիտական է, հակամարդկային է ու հակագաղափարական է ու հակաարժեքային է։

Այդ երեխաներն ապրում ու ապրելու են ցածր մարդկանց հասարակությունում, որովհետև այդ հասարակության բարձր խավում, ուղենշող խավում հայտնվել են մարդիկ, որոնք գիտելիքի վրա հիմնված հասարակությունում լինելու էին այնտեղ, որտեղ մեր այսօրվա իրական գիտնականներն ու ուսուցիչներն են, իսկական դերասաններն ու իսկական գրողներն են։ Այսինքն՝ լինելու էին հասարակության գերփոքրամասնության շարքերում, այսինքն՝ նրանց գոյությունը հավասար էր լինելու գրեթե չլինելիության։

Բայց քանի որ և քանի դեռ նրանք այնտեղ չեն, կրթությունը կապ չի ունենալու կյանքում իրացվելու, լավ մասնագետ ու արժանապատիվ քաղաքացի դառնալու, ինքնաբավ ու երջանիկ մարդ կազմավորվելու հետ, այլ լինելու է ընդամենը հանրային պարտադիր անբովանդակ ծեսերից մեկը, ինչպես անհամ խոզի բուդը՝ ամանորյա սեղանին, կամ քավորկնոջ անճաշակ դեկոլտեն՝ հարսանիքին։

Որովհետև, ինչպես նշված ու չնշված շատ անբովանդակություններ, կրթություն ստանալը դարձել է պարտադիր ու պարտադրված, ու այդպիսին դառնալով՝ դարձել է հակագիտական ու հակակրթական։

Այսօր հնչած ու հնչելիք բոլոր ուղերձներում շեշտվելու է, որ լավ սովորելն անհրաժեշտ պայման է լավ մարդ ու լավ քաղաքացի դառնալու համար։ Շեշտվելու ու կեղծվելու է, որ կրթված ու բանիմաց երիտասարդներինն է Հայաստանի վաղվա օրը։ Կեղծվելու ու չի ասվելու, որ Հայաստանում լավ ապրելու և սոցիալական ու քաղաքական աստիճանակարգում բարձրանալու համար պարտադիր է ոչ թե Պլատոնի կամ Դյուրքհեյմի, այլ գաղութից ուղարկված քսիֆ կարդալու իմացությունը…

Անկախ ամեն ինչից, այսօր սեպտեմբերի 1-ն է, ու, թեկուզ ծիսական, բայց գիտելիքի օրը։ Իսկ գիտելիքը, բացի մեխանիկական իմացությունից, մարդուն տալիս է նաև հույս, որ մտքով, գաղափարով կարելի է հնարավոր դարձնել անհնարինը։ Հույս, որ, եթե գիտությունը կարողացել է փոխել անգամ մարդու բջջի կառուցվածքը, ուրեմն հնարավոր է փոխել նաև այն հասարակությունն ու պետությունը, որի ամենակենսական բջիջներն ու օրգան-համակարգերը պատված են մտածողության քաղցկեղով։

Այսօր բազմաթիվ երեխաներ առաջին անգամ դպրոց են գնալու, և առաջին անգամ այլևս դպրոց չեն գնալու ուսանողներ, որոնց մեջ, վստահաբար, կարող են լինել Հայաստանում իրական հեղափոխություն իրականացնողները։ Դրա համար, այո, պետք է գիտելիք և ժամանակ ու համբերություն։ Որովհետև տգիտությունն ամենավտանգավոր ու ամենադժվար պարտվող թշնամին է։

Շնորհավոր գիտելիքի օրը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս