«Էրդողանը, Պուտինն ու բռնապետների ամուր կապերը». The Washington Post
Այն պատմությունը, որը ես լսել եմ Անկարայից Skype-ով, ուղեկցվում էր բազմաթիվ աղմուկներով, թե´ նոր էր, թե´ տարօրինակորեն արդեն ծանոթ: Ես խոսում էի մի գիտնականի հետ, մարդու, որը հավատում է ազատությանն ու ազատ շուկային, և նա ինձ պատմում էր կալանավորումների, ձերբակալությունների և իր գործընկերների վրա կրակոցների մասին, The Washington Post-ում հրապարակված իր «Էրդողանը, Պուտինն ու բռնապետների ամուր կապերը» հոդվածում գրում է հետխորհրդային տիրույթի, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցով ամերիկացի փորձագետ Էնն Էփլբաումը:
«Շահին Ալփայը (Sahin Alpay) 72-ամյա լիբերալ լրագրող է` Եվրոպայում շփումների մեծ քանակությամբ: Օրհան Քեմալ Չենգիզը (Orhan Kemal Cengiz) իրավապաշտպան շարժման ակտիվիստ է և լրագրող: Իսհան Դագին (İhsan Dagi) միջազգային հարաբերությունների ոլորտում պրոֆեսոր է և ժողովրդավարության տեսաբան: Եղել են նաև ուրիշներ: Նրանցից ոչ ոք չի աջակցել հուլիսին ձախողված պետական հեղաշրջմանը, ասաց նա ինձ: Նրանցից ոչ ոք «գյուլենական» չէ: Նրանցից ոմանք ավելի վաղ հոդվածներ են հրապարակել Գյուլենի կողմնակիցներին պատկանող թերթերում, սակայն այսօր դրանք փակ են, մյուսները չեն արել: Նրանց միավորում էին միանգամայն այլ բաներ` նրանք բոլորն էլ «լիբերալ» են՝ Թուրքիայի չափանիշներով: Նրանց Թուրքիայի նախագահը վտանգավոր է համարում: Լիբերալները կասկածի տակ էին դնում նրա հարձակումները ԶԼՄ-ների և դատական համակարգի վրա: Լիբերալները հետաքննում էին նրա կոռուպցիոն գործունեությունը: Լիբերալները ցանկանում են սահմանափակել պետության իշխանությունը:
«Թշնամիների» մի ողջ դասի հայտնաբերումն ու ոչնչացումը հին բռնապետական պրակտիկա է, ու այդ դասին կարելի է դասակարգել մարդկանց կալանավորումները ոչ թե այն բանի համար, թե ինչ են արել, այլ՝ թե ովքեր են նրանք: Դա ուժի նշան չէ: Հակառակը, այդպես են վարվում բռնապետները, որոնք վախ են զգում կամ պարանոյայի են ենթակա, երբ իրենց մեկուսացած են զգում, երբ մտավախություն ունեն, որ իրենց շրջապատը կարող է մշակել նրանց իշխանությունից զրկելու գաղտնի պլաններ:
Նրանք օգտագործում են բռնությունը, քանի որ վախենում են կորցնել աջակցությունը:
Բռնապետները, որոնք վախենում են իրենց թշնամիներից, փորձում են իրենց դաշնակիցներ գտնել: Սակայն նրանք չեն ուզում ունենալ այնպիսի դաշնակիցներ, որոնք կքննադատեն իրենց արածները: Այդ պատճառով Էրդողանը ձախողված հեղաշրջումից և հակառակորդներին ճնշելուց հետո սկսեց ձգտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփմանը»,- գրում է հոդվածագիրը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրում երկու նախագահների` Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը և սեղանի վրա դրված նրանց դիմանկարներով ափսեներին:
Վերջինս նշում է, որ Պուտինի ճնշման մեթոդները տարբերվում են Էրդողանի ռազմավարությունից: Նա զանգվածային կալանավորումների փոխարեն՝ օգտագործում է նպատակաուղղված բռնությունը:
Լրագրողներին վախեցնելու համար նա անում է այնպես, որ նրանցից որևէ մեկին, ժամանակ առ ժամանակ, սպանում են, իսկ օլիգարխներին վախեցնելու համար նա նրանցից մեկին 10 տարով բանտ է նստեցնում:
Նա վերահսկում է տնտեսությունը ԽԾԲ-ների և «օտկատների» օգնությամբ և դա հասնում է անհավանական չափերի:
Բայց, ինչպես և Էրդողանին, Պուտինին անհրաժեշտ է ընկերակցություն: Նրանց երկուսին էլ առանձնացնում է պարանոյիկ վախը` նրանք վախենում են թշնամիներից, որոնց չեն կարող տեսնել: Երկուսն էլ հասկանում են, որ բնակչության զգալի մասն իրենց չի սիրում:
Նրանք երկուսն էլ հասկանում են, որ գիտնականներն ու մտավորականները, որոնք կալանավորված են Անկարայում կամ դարանակալված են Մոսկվայում, միշտ իրենց դիմակայելու են, անգամ՝ եթե նրանց ուժով ստիպեն լռել:
Երկուսն էլ հասկանում են, որ նրանց անձնական իշխանության համար ամենամեծ սպառնալիքը բխում է այն գաղափարներից և սկզբունքներից, որոնք այդ մարդիկ ներկայացնում են:
Նրանք երկուսն էլ գրեթե պատերազմական վիճակում էին միմյանց հետ ընդամենը մի քանի ամիս առաջ, սակայն նրանց հանդիպումը վկայում է այն մասին, ինչը դժվար է հասկանալ բազմաթիվ արևմտյան քաղաքական գործիչների:
Եթե Թուրքիան շարունակեր մնալ ժողովրդավարական, Էրդողանը կդիմեր իր արևմտյան դաշնակիցներին` խնդրելով օգնել իրեն՝ ճնշել Ռուսաստանին:
Սակայն շփումն Արևմուտքի հետ նույնպես նշանակում է շփում արևմտյան գաղափարների հետ:
Բայց երբ իրավիճակն իսկապես լրջանում է, բռնապետները, առաջին հերթին, ընտրում են այլ բռնապետների, ասված է հոդվածում: