«Ինչո՞ւ է Ռուսաստանը պարբերաբար ապակայունացնում իրադրությունը Հարավային Կովկասում»
168.am-ի զրուցակիցն է էներգետիկ հարցերով ուկրաինացի փորձագետ, «Ռազմավարություն XXI» գլոբալիզացիայի կենտրոնի նախագահ Միխայիլ Գոնչարը
– Պարոն Գոնչար, ստորագրվել է իրանական բնական գազը Հայաստանի տարածքով Վրաստան փոխադրելու մասին պայմանագիրը: Այն ինչպե՞ս կազդի տարածաշրջանային զարգացումների վրա:
– Ես դա կդիտարկեմ՝ որպես տարածաշրջանում էներգետիկ ոլորտում Իրանի դիրքի ուժեղացում, և նախ և առաջ՝ եռակողմ ֆորմատում՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Մեծ, ազդեցություն կամ ինչ-որ հիմնարար նշանակություն այն չի ունենա, որովհետև խոսքը դեռևս մատակարարումների բավականին փոքր ծավալների մասին է, քանի որ ներքին գազային շուկայի ծավալները՝ և´ Հայաստանի, և´ Վրաստանի, մեծ չեն: Բացի դա, հայկական գազի շուկան պատկանում է «Գազպրոմին»՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 100%-ով «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է: Այդ պատճառով ես վստահ չեմ, որ «Գազպրոմն» առավելագույն բարենպաստ ռեժիմը կստեղծի, որպեսզի իրանական գազը զբաղեցնի Հայաստանի շուկայի գեթ կեսը:
Ես հեռու եմ այն մտքից, որ «Գազպրոմը» կգործի ինչպես բարեգործական կազմակերպություն, քանի որ մինչ այս Հայաստանի շուկայում նրա բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ նրա քաղաքականությունն ավելի շուտ շահամոլական է, այսինքն՝ փորձում է ավելի շատ փող պոկել: «Գազպրոմը» մանիպուլյատիվ ձևով հայտարարում է, որ Հայաստանը ստանում է ամենաէժան գազը, սակայն «Հայաստան» ասելով՝ պետք է հասկանալ «Գազպրոմ Արմենիան», որը ներքին շուկայում գազը վաճառում է կրկնակի թանկ գնով:
Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ նրանք չեն ցանկանա կորցնել իրենց եկամուտները, և այդ պատճառով ես կարծում եմ, որ այժմ «Գազպրոմը» չի համաձայնի, որ Հայաստանը որևէ այլ գազ ստանա, մասնավորապես՝ իրանական: Իսկ Վրաստանն այլ պատմություն է, այնտեղ իրավիճակը քիչ այլ է, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազային խոշոր ծրագրի շրջանակներում Վրաստանը գազ է ստանում Ադրբեջանից: Եթե իրանական գազը հասնի Վրաստան, ապա այնտեղ ձևավորվում է օպտիմալ դիվերսիֆիկացված կառուցվածք, որի դեպքում ռուսական գազը Վրաստանի համար այլևս վտանգավոր չի լինի, այն չի տա քաղաքական ճնշումների հնարավորություն, քանի որ ամեն պահի կարելի կլինի ռուսական գազը փոխարինել ադրբեջանական և իրանական գազով:
Եվ պետք է արժանին մատուցել Վրաստանի էներգետիկ քաղաքականությանը, քանի որ այս պայմանագիրն այդ առումով որոշակի հաջողություն է: Խոսելով գլոբալ արդյունքների մասին՝ կարելի է հիշել հին նախագծի մասին, որը դեռ 90-ականների սկզբից քննարկվում էր, հետո պարբերաբար հիշում էին դրա մասին, երբ կա´մ Իրանից էին գալիս Ուկրաինա, կա´մ մեր պատվիրակությունն էր մեկնում Իրան, մասնավորապես՝ իրանական գազը Հարավային Կովկասով (Հայաստան, Վրաստան), Սև ծովով Ուկրաինա և Եվրոպա հասցնելու մասին:
– Հենց օրերս Իրանի նավթի նախարարը խոսել է այդ մասին, որ Ուկրաինան և Իրանը պայմանավորվում են իրանական նավթն ու գազը դեպի ԵՄ տարանցելու մասին:
– Այդ նախագծի մասին առաջին հիշատակումը, որքան հիշում եմ, եղել է 1992 թ.-ին, այսօր 2016 թ.-ն է:
– Բայց այն ժամանակ աշխարհաքաղաքական իրողություններն այլ էին:
– Այո, հասկանալի է, որ այն ժամանակ Իրանի շուրջ ամենաօպտիմալ բարենպաստ մթնոլորտը չէր, բայց հարցը միայն դա չէ: Խնդիրն այլ է: Այս օրերին էլ ուկրաինական պատվիրակությունն է Թեհրանում, և այդ պատճառով է խոսվում այդ նախագծի մասին: Սակայն գործն առաջ չի գնում: Այստեղ հիմնարար խնդիրներ չկան, բայց «Գազպրոմը» զուր չէր ջանք թափում, երբ Հայաստանն Իրանի հետ համաձայնություն էր ձեռք բերում գազատար կառուցելու մասին: «Գազպրոմը» նվազագույնի հասցրեց այդ խողովակաշարի տրամագիծը: Եվ այսօր գործող գազատարը՝ թե´ Հայաստանի, թե´ Վրաստանի, ունակ չէ տեղափոխել գազի մեծ ծավալներ, որը թույլ կտար հաջողությամբ իրականացնել այդ նախագիծը: Որպեսզի նման նախագիծը տնտեսապես շահավետ լինի, դրանով փոխադրվող գազի ծավալը պետք է առնվազն տարեկան 30 մլրդ խմ լինի:
Այսինքն՝ դրա համար պետք է կառուցել լիովին նոր գազատրանսպորտային համակարգ՝ Վրաստանի տարածքով, Սև ծովով: Բայց թե այսօր ինչ իրավիճակ է Սև ծովում, բոլորին լավ հայտնի է՝ տեղի է ունենում ուժեղացված ռազմականացում, Ղրիմն օկուպացված է Ռուսաստանի կողմից և, բնականաբար, Ռուսաստանին իրանական գազը Եվրոպայում հարկավոր չէ, որովհետև այն մրցակից է այնպես, ինչպես մրցակից է հայկական կամ վրացական շուկաներում: Եվ, հավանաբար, նրանք կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ապակայունացնեն իրադրությունը ճանապարհին՝ Վրաստանում, Հայաստանում, որպեսզի այդ նախագիծը երբեք իրականություն չդառնա:
Բնականաբար, վերջին շաբաթներին ձեզ մոտ տեղի ունեցած իրադարձությունները՝ Էրեբունիի, Խորենացիի մոտակայքում, որքան էլ ունենան ներքին արմատներ, պայմանավորված լինեն զուտ ներքաղաքական պայքարով, կամ ունենան արտաքին խթանիչներ, ամեն դեպքում, դա աշխատում և տեղավորվում է մրցակից իրանական գազը Եվրոպա տեղափոխող այդ պոտենցիալ, հիպոթետիկ խողովակաշարերի ճանապարհին իրավիճակի ապակայունացման ռուսական կոնցեպցիայի մեջ: Սա հիմնական ֆունդամենտալ խնդիր է: Այլ խնդիրներ՝ տեխնիկական կամ ֆինանսական, դրա նման նախագծի համար կարելի է հեշտորեն լուծել: Բայց իրական խնդիրն ավելի գլոբալ և խորն է:
– Դուք տարիներ առաջ ասել էիք, որ գազաէներգետիկ կայսրությունը հաղթում է ժողովրդավարությանը: Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ արտահայտությունը նաև այսօ՞ր է արդիական:
– Այո, ցավոք սրտի, ակտուալ է, հատկապես, եթե մենք դիտարկենք ներկայիս Եվրոպան: Ես միշտ եվրոպացի գործընկերներիս ասում եմ, թե ինչո՞ւ դուք չեք դիտարկում դեպի Եվրոպա գազի փոխադրման այլ հնարավորություններ, չէ՞ որ դրանք կան, ինչո՞ւ է ամեն ինչ պտտվում «Հյուսիային հոսք 2»-ի շուրջ, չէ՞ որ կա կենտրոնաասիական գազը, որը ներկայումս չունի լիովին իրացման հնարավորություններ, որովհետև Ռուսաստանը շրջափակել է իր տարածքով փոխադրումը դեպի Եվրոպա, հնարավորություն կա՝ ստանալ ադրբեջանական գազն ավելի շատ, քան հիմա է, հնարավորություն կա ստանալ թուրքմենական և իրանական գազ, որոնց ճանապարհները չեն անցնում Ռուսաստանով, իսկ դուք բոլորդ չեք հրաժարվում ռուսական ուղիներից:
Եվ դա նույնպես խոսում է այն մասին, որ, պայմանականորեն ասած, «շրյոդերի էֆեկտը» Եվրոպայում շատ ուժեղ է աշխատում, այսինքն՝ այնտեղ շատ են քաղաքական գործիչները, որոնք պատրաստ են աջակցել ռուսական նախագծերին, բնականաբար, ոչ առանց ակնկալիքների: Դրա համար էլ մենք ունենք նման իրավիճակ, երբ որևէ այլ գազի համար, մասնավորապես՝ այս դեպքում, քննարկում ենք իրանականը, շատ դժվար կլինի հաղթահարել այդ արգելքն ու մուտք գործել եվրոպական շուկա: Առավել ևս՝ դրա գլխավոր հակառակորդը հենց Իրանի դաշնակիցն է, որովհետև Ռուսաստանն ավանդաբար աջակցում էր Իրանին, բայց այդ 2 երկրներն էներգետիկ կարգավիճակով շատ լուրջ մրցակիցներ են, որովհետև Իրանում գազի պաշարները պակաս չեն, քան Ռուսաստանում, որոշ գնահատականներով՝ անգամ քիչ ավելի են: Նույնը նավթի առումով է: Այսինքն՝ նրանք մրցակիցներ են, և այժմ, երբ Իրանը դուրս է եկել պատժամիջոցների ռեժիմից և սկսում է շուրջբոլորը նայել:
Դա նաև զուգահեռ վերաբերում է իրանական նավթի հնարավոր մատակարարումներին Կենտրոնական Եվրոպայի շուկա, որը նախկինում չէր իրականացվում: Իհարկե, այդ ամենը պետք է նյարդայնացնի Ռուսաստանին, որը պետք է փորձի ինչ-որ բան ձեռնարկել: Եվ այս դեպքում որևէ բան նախաձեռնել ուղիղ Իրանի դեմ բարդ կլինի, իսկ մյուս խաղացողների դեմ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի այդ հեռանկարային նախագծի հաղորդակցության շղթան աշխատի, այսինքն՝ Հայաստանի, Վրաստանի դեմ, այստեղ գործիքակազմը հայտնի է և առկա: Եթե Ադրբեջանն ու Թուրքմենստանն ի վերջո համաձայնության գան անդրկասպյան գազատարի կառուցման շուրջ, ապա խնդիրներ կծագեն նաև Ադրբեջանում:
Ավելի ճիշտ ասած՝ կա ընդհանուր խնդիր, որը Ռուսաստանն արդեն թեստային ռեժիմում փորձարկել է: Խոսքը Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է: Հարկավոր է մտածել, թե ինչպես հակազդել:
– Իսկ ի՞նչ ճանապարհներով կամ միջոցներով կարելի է հակազդել դրան:
– Ամեն մեկն իր հերթին՝ այստեղ որևէ բան անել դժվար թե կարողանա, որովհետև շատ տարբեր պոտենցիալ կա, եթե համեմատենք Հայաստան-Ռուսաստան կամ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները: Անհրաժեշտ է հստակ միջազգային համագործակցություն և, բնականաբար, դրանում պետք է ներգրավել Եվրոպական միությանը, Եվրոպական հանձնաժողովին, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն ոչ միայն ռուսական նախագծերի, այլև ուրիշ նախագծերի վրա: Բնական է, որ այդ խնդիրը պահի տակ լուծել հնարավոր չէ, պետք է համակարգել ձևաչափը: Կարծում եմ՝ իրանական կողմը դրան պատրաստ է: Ավելին՝ ԵՄ-ի կողմից կա Իրանի հետ հնարավորինս ամբողջական ծավալով հարաբերությունները վերականգնելու ավելի մեծ հակվածություն: Ես կարծում եմ, որ մեզ հարկավոր է դա օգտագործել, նկատի ունեմ՝ այս միջանցքի գծով ստեղծել բանակցային ձևաչափ, դրանում ներգրավել Եվրոպային և փորձել որևէ բան անել: Եվ առաջին հերթին՝ լուծել Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները, որպեսզի Ռուսաստանը չմտածի, թե դա իր ետին բակն է հարավում և կարող է անել այն ամենը, ինչ որ ցանկանում է: