Բաժիններ՝

Իսրայելի բանակը Դամասկոսում թիրախավորել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբի տարածքը

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) թիրախավորել է Դամասկոսի շրջանում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքերի համալիրը։

Այս մասին հայտարարել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։«Քիչ առաջ ԻՊԲ-ն հարվածել է Սիրիայի Դամասկոսի շրջանում գտնվող սիրիական ռեժիմի ռազմական շտաբի մուտքին։ ԻՊԲ-ն շարունակում է հետևել զարգացումներին և Սիրիայի հարավում դրուզ բնակչության դեմ ռեժիմի գործողություններին։

Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան՝ ԻՊԲ-ն հարվածներ է հասցնում տարածքին և պատրաստ է տարբեր սցենարների», – նշվում է Telegram-ում տարածված հայտարարության մեջ։

Իր հերթին, Դամասկոսում Syria TV հեռուստաընկերության թղթակիցը հայտնել է, որ երկու հաջորդական պայթյունի ձայներ են լսվել, որոնք համընկել են մայրաքաղաքի վրայով իսրայելական անօդաչու թռչող սարքի թռիչքի հետ։ Սակայն ծուխ կամ անսովոր շարժում չի նկատվել։

Սիրիական SANA գործակալության թղթակիցն էլ հայտնել է, որ Դամասկոսում պայթյուն է լսվել, որի հանգամանքները ճշտվում են։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ Իսրայելը կշարունակի հարվածել Սիրիային, եթե իշխանությունները չհեռացնեն զորքերը երկրի հարավում գտնվող աս-Սուեյդա քաղաքի տարածքից, որտեղ ապրում են դրուզները։

Ավելի վաղ աս-Սուեյդա քաղաքում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումներ էին տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Բռնությունը հանգեցրել է Սիրիայի կառավարության միջամտությանը, որը բախումների ժամանակ կորցրել է 18 զինվորի։

Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել են աս-Սուեյդա քաղաք՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ՝ անվտանգությունը պահպանելու և կայունությունը վերականգնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս