
«Կուզեի, որ մենք թույլ չտայինք նաև Սյունիքի մարզը դարձնել Հյուսիսային Կորեա, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Կրասնոդարի երկրամաս». Ռուբեն Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Կարծում եմ՝ սթափ վերլուծության ժամանակը դեռ կգա, այսօր դեռ կրքերը բորբոքված են»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով հուլիսի 17-ից «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի գրավման և դրա շուրջ ծավալված իրադարձությունների մասին:
Ըստ նրա՝ և՛ մեր առօրյա կյանքը, և՛ այն, ինչ վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ, ապացուցեց, որ ամեն ինչին սովորել է պետք, պատրաստվել է պետք, ուսումնասիրել է պետք, աշխատել է պետք.
«Նույնիսկ, եթե հեղափոխություն ես անում՝ պետք է հեղափոխական լինես, պատրաստվես՝ ինչպես ես հեղափոխություն անում: Մենք հաճախ հայրենասիրությունը դարձրել ենք դրոշ, որն արդարացնում է բոլոր տեսակի տաղանդների բացակայությունը. մեզ մոտ բոլորը խոսում են հայրենասիրությունից: Մենք կրթական, գիտական համակարգը գցել ենք մի կողմ և ասում ենք՝ առաջնորդվում ենք սրանով, սրանք հայրենասեր են. շատ բարի, բայց հայրենասիրությունը մասնագիտություն մի դարձրեք: Եթե ես դերասաններին ասեմ՝ դուրս եկեք բեմ և կատարեք ձեր հայրենասիրական պարտքը, և ի՞նչ, կստացվի ներկայացո՞ւմ»:
Ռ. Բաբայանի խոսքով՝ երբ մենք նայում ենք մեր քաղաքական դաշտին, նրանցից, թերևս, մեկ-երկու ներկայացուցիչներ են այս 10-15 տարիների ընթացքում զարգացում ապրել. «Հիմնականում մենք տեսնում ենք, որ նույն մակարդակի վրա են: Ընդ որում, կապ չունի՝ նրանք ընդդիմությունի՞ց են, թե՞ իշխանությունից, այդ մարդիկ չեն զարգանում, հնարավոր չէ այդպես կյանքում ապրել՝ անցյալ դարի մտածողությամբ, ու համարել, որ դա սկզբունքայնություն է: Դա սկզբունքայնություն չէ, դա ժամանակն ընկալելու բացակայությունն է»:
Ռ. Բաբայանը նկատեց, որ այսօր ատելությունը շատ-շատ է, իսկ արտելության արդյունքում ոչինչ չի ծնվում, որևէ բան ծնվում է միայն սիրո արդյունքում.
«Երբ բոլորը խոսում են՝ ոչ մեկը չի լսում, սա փաստ է, իսկ երբ ոչ մեկը չի լսում, բոլորին թվում է՝ իրենք արդարացի են: Ես կարծում եմ, որ մենք կաթիլ առ կաթիլ պետք է այդ ատելությունը վերացնենք: Եթե մենք չհասկանանք, որ զարգացած հասարակությունը ոչ թե նա է, որտեղ մեկի կարծիքը ճնշում է մնացած կարծիքներին, որտեղ միայն իմ կարծիքն է ճիշտ, մնացածը սխալ է, մենք ոչ մի տեղ չենք շարժվի, մի բռնապետությունը կփոխարինի մյուս բռնապետությանը: Ի՞նչ տարբերություն»:
168.am– ի հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից կարելի՞ է ենթադրել, որ այս իրադարձություններից իշխանությունները դասեր են քաղել՝ Ռ. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Ժամանակը ցույց կտա, որովհետև բոլոր դեպքերում երկրի իշխանության և նախագահի գնահատականը տալիս են գործողությունները, այլ ոչ թե ելույթները, և մենք գործողությունների ենք սպասում, մենք ռեալ քայլերի ենք սպասում: Կլինե՞ն գործողություններ, կտեսնենք, որ մեր երկիրը փոխվե՞ց, այն ժամանակ կասենք՝ լավ է: Երեկվա ելույթից կուզենայի մի մեջբերում կատարել և ավելացնել: Երեկ նախագահն ասաց, որ մենք թույլ չենք տա Երևանը դարձնել Բեյրութ և Հալեպ, ես շատ կուզեի, որ մենք թույլ չտայինք նաև Սյունիքի մարզը դարձնել Հյուսիսային Կորեա, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Կրասնոդարի երկրամաս»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: