«Նախագահի երեկվա ուղերձի մեջ ես ոչ թե տարածքների հանձնման հերքումը տեսա, այլ հաստատումը». Արա Պապյան
«Սերժ Սարգսյանի ելույթից իմ տպավորությունն այն էր, որ իշխանությունը գործելու է ռեպրեսիվ մեթոդներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ նախագահի ելույթում չկար ձեռքն առաջ մեկնելու ցանկությունը, այդտեղ ավելի շատ կար դատապարտում, սպառնալիքներ և գովեստ իրավապահներին:
Ըստ նրա՝ այդ իրավապահներն արդեն պետք է ազատված լինեին աշխատանքից. «Երևանում գտնվող ամենամեծ զինապահեստն այդքան հեշտությամբ հանձնել զինյալների՞ն… Նրանք կարող էին թշնամիներ լինել, ու դրա հետևանքները լինեին անկանխատեսելի»:
Ա. Պապյանը նախագահի ուղերձն ընթերցել է և որևէ դրական ակնկալիք չունի: Նա կարծում է, որ իշխանությունն այս ամենից դասեր կքաղի, բայց հիմնական դասն այն կլինի, որ պետք է ամեն ինչ ավելի խստացնել: «Իշխանության քարոզչության հետևանքով՝ առաջին պլան էր մղվել այն, որ իբի «Սասնա ծռեր» խումբն առաջին հերթին՝ Սէֆիլյանի ազատ արձակումն է պահանջում, ինչն այդպես չէր: Դա որպես ածանցյալ, երրորդական հարց էր: Այնտեղ հիմնական խնդիրներից մեկը Արցախի հարցն է և հինգ շրջանների հանձնումը, և, ցավոք սրտի, նախագահի երեկվա ուղերձի մեջ ես ոչ թե դրա հերքումը տեսա, այլ հաստատումը: Նախագահը հստակ ասաց, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, այսինքն՝ ինքն ասաց, որ երկկողմանի զիջումներ լինելու են, իսկ այդ զիջումներն ամրագրված են Կազանի փաստաթղթի մեջ»,- նշեց Ա. Պապյանը:
Անդրադառնալով նախագահի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, Ա. Պապյանը նշեց, որ նախ՝ պետք է հասկանալ՝ ինչ ասել է՝ Լեռնային Ղարաբաղ. «Արդյո՞ք դա իր մեջ ներառում է այդ հինգ շրջանները, թե՞ ԼՂԻՄ-ի շրջանը: Կազանի փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որը նախագահը պաշտոնապես հաստատել է, որ ընդունել է: Այստեղ ասվում է՝ Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր ադրբեջանական տարածքները, որոնք գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, վերադարձնել Ադրբեջանի վերահսկողությանը:
Այս փաստաթղթից պարզ է, որ Լեռնային Ղարաբաղ ասելով՝ Կազանի փաստաթուղթը հասկանում է ԼՂԻՄ-ի տարածքը: Այսինքն՝ ես ձեզ վստահորեն կարող եմ ասել՝ հայկական կողմը զիջում է, կամ փոխզիջում է հինգ շրջանները: Այս միջանկյալ վիճակից հետո հաստատ վերջնական վիճակի չենք հասնի»: Ըստ Ա. Պապյանի՝ մեր իշխանություններն իրենց համար չունեն վերջնական որոշում՝ ինչ պետք է անեն. «Մի կողմից՝ կա արտաքին ճնշում՝ հանձնելու, մյուս կողմից՝ չկա հասարակական համաձայնություն՝ դա հանձնելու: Իշխող վերնախավի մեջ էլ կան մարդիկ և ուժեր, որոնք այդքան հեշտությամբ դրան չեն գնա, որովհետև դա իրենց տառապանքի արդյունքն է: Իմ աղբյուրները վկայում են, ու Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցում միանձնյա որոշում կայացնել, իսկ վերնախավի շրջանում չկա միակարծություն այս հարցում, որովհետև մարդիկ լավ են հասկանում, որ տարածքներ հանձնելով՝ դու չես բերում խաղաղություն, դու մոտեցնում ես պատերազմը, և հանձնելուց հետո դու էլի պետք է գնաս պատերազմի»: