Ո՞րը կլիներ լրագրողի ամենակարևոր մրցանակը. Երևանի մամուլի ակումբի 2016թ. մրցանակակիրները
Այսօր տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որի ընթացքում հանձնվեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի, ինչպես նաև՝ ԵՄԱ ամենամյա մրցանակները:
Մարզային մամուլում երկարատև և նվիրված աշխատանքի համար Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) մրցանակին արժանացավ «Կոտայք» թերթի լրագրող Ագնեսա Հովակիմյանը.
«Շատ հուզված եմ, յուրաքանչյուր մրցանակ պատվոգիր, հետահայաց մտորումների տեղիք է տալիս, մտածում ես՝ իզուր չես աշխատել նվիրվել այս դժվարին մասնագիտությանը»:
Մարզային կյանքի կարևորագյույն խնդիրների հետևողական լուսաբանման համար ԵՄԱ և
ՀՖՄ մրցանակին արժանացավ ազատ լրագրող Գայանե Մկրտչյանը: «Պարտավորեցնող է շատ, շնորահակալություն: Նյութը տպագրվել է «Armenia Now»-ում, որտեղ 13 տարի աշխատել եմ: Մեր լրատվամիջոցը փակվել է, բայց շնորհակալություն նաև «Armenia Now»-ի անունից»,- նշեց Գ. Մկրտչյանը:
Տեղական ինքնակառավարման թեմաների ակտիվ լուսաբանման համար ԵՄԱ և ՀՖՄ մրցանակին արժանացավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանը:
ԱՄՆ միջազգային գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման» ծրագրի շրջանակներում ՏԻՄ բարեփոխումների թեմայի հանրայնացումը լավագույնս իրականացնելու համար Երևանի մամուլի ակումբի և Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ Գորիսի մամուլի ակումբը:
Հայաստանում և արտերկրում հայկական ջազի հետևողական հանրահռչակման համար լրագրող Արմեն Մանուկյանն արժանացավ Երևանի մամուլի ակումբի մրցանակին:
«Իրավունքի ճանաչման քրոնիկա» և «Պարբերական հիվանդություն» վավերագրական ֆիլմերի համար lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանն արժանացավ Երևանի մամուլի ակումբի մրցանակին:
Տնտեսական թեմաների հետևողական և որակյալ լուսաբանման համար «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն արժանացավ Երևանի մամուլի ակումբի մրցանակին:
«Մրցանակ ստանալը, իհարկե, շատ հաճելի բան է, մենք մրցանակի համար չէ, որ աշխատում ենք, բայց հաճելի է, որ քո աշխատանքը գնահատվում է: Շատ ավելի հաճելի է, երբ քո աշխատանքի արդյունքում ինչ-որ բան է փոխվում: Իմ ցանկությունն է, որ տնտեսական լրագրողները սրանից որոշ ժամանակ հետո գրելու շատ բան չունենան, կամ գրեն զուտ տնտեսության և բիզնեսի մասին, ոչ թե տնտեսության ու օլիգարխիայի: Ուզում եմ՝ մեր աշխատանքի արդյունքում ունենանք մի քիչ ավելի լավ երկիր, դա կլինի մեր ամենամեծ մրցանակը»,- նշեց Բ. Թունյանը:
Արցախյան պատերազմի ֆոտովավերագրությունն անձնվիրաբար և հետևողականորեն իրականացնելու համար լուսանկարիչ, օպերատոր Հակոբ Պողոսյանն արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:
«Ինձ համար շատ դժվար է խոսելը, շնորհակալություն Երևանի մամուլի ակումբին, շատ մեծ անակնկալ էր, որ ես ստանում եմ մրցանակ, որն իմ ընկերոջ անունով է»,- ասաց Հակոբ Պողոսյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցին նվիրված ֆոտոհրապարակախոսական շարքի համար լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին: Լուսանկարչական շարքը Զավեն Խաչիկյանը պատրաստել էր հատուկ «168 Ժամ» թերթի և 168.am-ի համար:
«Իսկապես դժվար օր է. երբ գալիս էինք այստեղ, հիշեցի Մարտի 1-ը, ինֆորմացիոն բլոկադա էր, էդ օրը զանգեցինք Սաթիկին, ասեցինք՝ ինչ պետք է անենք, եկեք հավաքվենք, խոսենք, եկան տարբեր մարդիկ, Արմեն Շեկոյանը, Պասկևիչյան Տիգրանը, մի երկու քաղաքական մեկնաբան, երկու մուտիլովշչիկ, զրույց էինք անում, թե ինչ է լինելու… Ինձ թվում է՝ ամենավատը, որ մեր իշխանություններն անում են, այն է, որ նորից մամուլին դեն են նետել, նորից նայում են սերիալները, մի քանի՝ պռոշները դուրս ցցած աղջիկներն առավոտը «բարլուս» են ասում, և այլն, լրատվությունը դուրս է նետված, սա լավ հետևանքներ չի ունենալու, որովհետև ոչ մի բանից դաս չեն առնում…»,- նշեց Զ. Խաչիկյանը:
Լուսանկարները՝ 168.am-ի: