Իրան-Հայաստան: Դաշնակցության հորիզոններ և սահմաններ
- Տարածաշրջանի երկրների շահերը Հայաստանի ու ԼՂՀ-ի շահերին եթե չասենք հակընթաց, ապա համընթաց չեն:
- Իրանը բացառություն է: Սակայն վերջինս էլ ունի գերակա այլ շահեր, ինչով ի զորու չէ դաշնակցել Հայաստանի հետ:
- ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությունների նկատմամբ Իրանի դիրքորոշումը հավասարակշռված է, գրեթե չի տարբերվում Մինսկի խմբից:
ՆԱԽԱԲԱՆ
2016թ. ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Ադրբեջան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ԼՂՀ-ը և Հայաստանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում դաշնակիցներ չունեն: Դաշնակցությունները, անկախ իրենց ռազմավարական կամ մարտավարական բնույթից, ձևավորվում են կողմերի միջև ընդհանուր շահերի առկայությամբ, ընդհանուր նպատակի հիման վրա, քանզի ուժերի ու ջանքերի համատեղումն առավել արդյունավետ է գործում:
Այս տեսանկյունից Հայաստանի և ԼՂՀ-ի շահերը ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության հարցում, կարելի է ասել, ոչ միայն գրեթե չեն համընկնում տարածաշրջանի և դրանից դուրս որևէ երկրի շահերի հետ, այլև հաճախ հակասում են, և, թերևս, բացառություն է կազմում միայն Իրանը: Սակայն վերջինս էլ տարբեր, այդ թվում՝ իր համար գերակա շահերի, ինչպես նաև խնդիրների գոյությամբ ի զորու չէ Հայաստանի հետ լիարժեք համագործակցել:
Ըստ էության, հենց Հայաստանի հետ ընդհանուր շահեր ունեցողների գրեթե բացակայությամբ էին պայմանավորված 4-օրյա պատերազմի վերաբերյալ աշխարհով մեկ հնչած, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ գնահատականները՝ կողմերի միջև հավասարության նշան դնելն ու ճշմարտության վրա աչք փակելը: Ճշմարտություն, որը մարդկության պատմության ընթացում բազմիցս ապացուցվել է:
Ահավասիկ, դրա վկայությունը 1967թ. արաբա-իսրայելյան 6-օրյա (հունիսի 5-10-ը) պատերազմն է: Շուրջ 3 միլիոնանոց Իսրայելը հաղթեց 60 միլիոն արաբներին՝ գրավելով զգալի տարածքներ, խաղաղություն պարտադրեց հակառակորդին: Իսրայելին աջակցում էր Արևմուտքը, իսկ արաբներին՝ ԽՍՀՄ-ը: Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմի ընթացքում ողջ արաբական աշխարհը, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն աջակցում էին Իրաքին, իսկ Իրանը հեղափոխությունից հետո դեռ ոտքի չէր կանգնել, բանակը կազմալուծված էր: Այսուհանդերձ, քաղաքական կամքն ու տվյալ ժամանակահատվածում հեղափոխական բարձր ոգին կարողացան առավելագույնս խաղաղություն պարտադրել: Նման օրինակ է նաև վիետնամական պատերազմը:
Այլ կերպ ասած, հաշվի առնելով այս դառը ճշմարտությունը՝ մենք պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք, քանզի փրկության միակ ելքը քաղաքական կամքն ու բարձր ոգին են, ինչին զուգահեռ շատ կարևոր է նաև ճկուն դիվանագիտությունը, որով փոփոխվող աշխարհում հօգուտ Հայաստանի կարելի են օգտագործվել ստեղծվող նպաստավոր պահերը:
Պետք է չմոռանանք նաև, որ ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող շնչել, արհեստական շնչառությունն էլ պարզապես օգնում է ինքնուրույն շնչելուն, ինչն էլ, բնականաբար, իր գինն ունի, թեև փրկության համար երբեմն անհրաժեշտ է արհեստական շնչառություն:
ԹՈւՐՔԻԱ
Անդրադառնալով խնդրո առարկայի վերաբերյալ տարածաշրջանի գերտերությունների և հարևան երկրների դիրքորոշումներին՝ նշենք, որ, ինչպես հայտնի է, Թուրքիան ոչ միայն արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան, ԼՂՀ-ի հետ շփման գծում հրադադարի խախտումը, բնակավայրերի թիրախավորումը, այլև խրախուսում է` սպառնալով Հայաստանին: Հաշվի առնելով, որ Ադրբեջան պետությունը 1918թ. ստեղծվել է Օսմանյան Թուրքիայի ջանքերով, համաթյուրքական հեռահար նպատակներն իրականացնելու նպատակով, որը ներառում է նաև Հայաստանի ու հայի ոչնչացումը, լիովին պատճառաբանված է Անկարայի հայրական հովանավորումն ու Ադրբեջանին բազմակողմանի աջակցության տրամադրումը:
Բաքուն ու Անկարան սերտ համագործակցում են ռազմական և անվտանգության ոլորտներում: Ադրբեջանի բանակում ծառայում են թուրք ռազմական խորհրդականներ, այդ թվում՝ զորացրված բազմաթիվ գեներալներ: Ավելին, 2011թ. լուրջ քննարկման առարկա էր դարձել համատեղ բանակ ստեղծելու հարցը, որին ավելի շատ հակված էր Ադրբեջանը: Բացի այդ օրակարգային էր նաև Բաքվում թուրքական ռազմաբազայի տեղակայումը, որի շուրջ բանակցություններ էին տեղի ունեցել դեռևս 2013թ. հուլիսի 16-ին՝ ԱԳ նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուի Բաքու կատարած այցի ընթացքում, երբ տեղի էր ունենում թուրք-ադրբեջանական առաջին համատեղ զորավարժությունը: Այն հարցին, թե ԼՂՀ-Ադրբեջան պատերազմ վերսկսվելու դեպքում Անկարան աջակցելու՞ է Ադրբեջանին, Դավութօղլուն նշել էր, որ թուրք-ադրբեջանական բարեկամությունը սահմաններ չի ճանաչում, անչափ է, և այս զորավարժությունն էլ հենց այդ համատեքստում է տեղի ունենում: Նա շեշտել էր նաև, որ Ադրբեջանի կայունությունն ու անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն ու կայունությունն են համարվում[1]: Այլ կերպ ասած, Անկարա-Բաքու փոխհարաբերությունները գրեթե հավասարազոր են Երևան-Ստեփանակերտ փոխառնչություններին:
ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում իրավիճակի սրացման հարցին, Անկարայի դերակատարությանն ու Ադրբեջանի շահագրգռությանն անդրադարձել են բազմաթիվ փորձագետներ: Իրանի, Միջին Ասիայի ու Կովկասի հարցերով փորձագետ Աբբաս Ջավադին նշել է, որ Էրդողանը, համաթյուրքական հարց ստեղծելով, թուրքերի ուշադրությունը շեղել է երկրի ներքին խնդիրներից, այդ թվում՝ քրդական, տնտեսական և Թուրքիայով սիրիացի փախստականների՝ դեպի Եվրոպա հոսքի ուղղությամբ կենտրոնանալուց: Նա նաև Ադրբեջանի շահագրգռությունն է տեսել բախումների վերսկսման մեջ և հավելել, թե Բաքուն, հաշվի առնելով, որ իր ռազմական բյուջեն՝ 4 անգամ, իսկ զինուժի քանակը 1,5 անգամ գերազանցում է Հայաստանին, ենթադրել է Հայաստանի պարտվելու հավանականությունը:
Ջավադին նաև Ալիևների օֆշորային ընկերությունների բացահայտման և ներքին այլ խնդիրների առկայության դերակատարությունն է տեսնում պատերազմի վերսկսման հարցում: Իսկ Եվրասիական վերլուծական կենտրոնի իրանցի փորձագետ Վալի Քուզեգյար Քալաջին Ադրբեջանի զենքի կուտակումից զատ իրավիճակի սրումը բացատրում է նաև Միջին Արևելքի զարգացումներով, այն է՝ Սիրիայում թուրք-ռուսական փոխհարաբերությունների լարվածությամբ և նշում, որ Թուրքիան, Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասում բախումներ հրահրելով, ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա[2]:
Մինչդեռ հիշյալ վերլուծաբանները նշում են, որ բախումների վերսկսումը հակասում է հայկական շահերին: Ներկայացնելով անժխտելի փաստեր՝ Ջավադին բախումների վերսկսման հարցում բացառել է հայկական կողմի շահագրգռությունը: Իսկ Քուզեգյար Քալաջին, նշելով, որ հրադադարի պահպանումը բխում է հայկական կողմի շահերից, փաստորեն անուղղակիորեն հաստատել է վերջինիս՝ Ադրբեջանի կողմից խախտման մասին:
ՌՈւՍԱՍՏԱՆ
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ միայն հարձակողական արդիական զենքեր է վաճառում Ադրբեջանին, որոնք միայն այդ երկիրն է տնօրինում, այլև հակամարտ կողմերի միջև հավասարության նշան դնելով` Ադրբեջանին ևս իր ռազմավարական գործընկերն է համարում, ինչը բխում է իր շահերից և Հարավային Կովկասում վերջինիս նպատակներից: Մինչդեռ, եթե Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունները ռազմավարական լինեին, ապա Մոսկվան կարող էր զիջումների գնալ, արգելել այդ զենքերի վաճառքն Ադրբեջանին, ինչպես դա արել է Իսրայելի շահերից ելնելով:
Ահավասիկ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ 2016թ. հունիսի 3-5-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում կողմերի միջև բանակցությունների արդյունքում Մոսկվան համաձայնել է արգելել Միջին Արևելքի երկրներին «Իսկենդեր» բալիստիկ հրթիռների վաճառքը: Այս առնչությամբ Նաթանյահուն հայտնել է, որ որոշումը խիստ կարևոր է թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական տեսանկյունից: Հակառակ դեպքում դրանցից պաշտպանվելու համար Իսրայելը հարկադրված կլիներ իր անվտանգության բյուջեից միլիարդավոր դոլարներ ծախսել[3]:
Ավելին, վերջին շրջանում ռուս-թուրքական փոխհարաբերությունների սրացման խորապատկերին թվում է, թե Ադրբեջանին սիրաշահելու, իրենց կողմը գրավելու նպատակով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լուրջ մրցավազք է տեղի ունենում, որի հաղթողը Թուրքիան ու համաթյուրքականությունն են լինելու, եթե նույնիսկ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին:
Թեև Հարավային Կովկասում Ռուսաստանի հետապնդած նպատակների առումով Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի, այդուհանդերձ Ադրբեջանն առավել մեծ նշանակություն ունի, որին սահմանակից է թե՛ ցամաքով, թե՛ Կասպից ծովով, և որտեղ նրանք ընդհանուր շահեր ունեն: Հետևաբար Ռուսաստան-Ադրբեջան ընդհանուր շահերի առկայությամբ նրանք կարող են թե՛ ռազմավարական և թե՛ մարտավարական դաշնակիցներ լինել՝ անհրաժեշտության դեպքում զոհաբերելով Հայաստանի շահերը:
Խոսելով ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում վերջին շրջանի բախումներում Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ նշենք, որ հայ և օտարերկրյա փորձագետներից շատերը, այդ թվում՝ Աբբաս Ջավադին, դրանց վերսկսման առիթով մատնանշել է նաև Ռուսաստանին՝ հավանական համարելով այդ երկրի լուրջ դերակատարությունը: Նա իր տեսակետը պատճառաբանել է Մոսկվայի` խաղաղարարի դեր ստանձնելու ձգտումներով[4]:
Անցյալ դարի 90-ականների վերջերից մինչև 21-րդ դարի սկիզբը Բաքվում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին, ով այժմ զբաղվում է կովկասագիտությամբ և Բաքվի համալսարանում միջազգային փոխհարաբերությունների ոլորտում թեկնածուական թեզ է պաշտպանել ու ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ԼՂՀ-Ադրբեջան բախումների վերսկսման առնչությամբ իրանական և օտարերկրյա ԶԼՄ-ներին տված բազմաթիվ հարցազրույցներում իր՝ հաճախ սուբյեկտիվ ու կողմնակալ տեսակետներն է հայտնել հիմնահարցի առնչությամբ: Նա ԼՂՀ-ը համարում է ադրբեջանական տարածք և շեշտում, որ Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ բռնագրավել է ադրբեջանական տարածքներ, ինչը, մեղմ ասած, հայի համար առնվազն ընդունելի չէ և չի համապատասխանում ճշմարտությանը:
Իսկ ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ապա նա ընդգծում է, որ վերսկսողը հայկական կողմն է եղել, ինչն արել է Ռուսաստանի դրդմամբ՝ այն անվանելով վերջինիս նոր խաղ տարածաշրջանում: Նրա կարծիքով, թեև ղարաբաղյան հակամարտության՝ Ռուսաստան-Թուրքիա առճակատման դաշտի վերածվելը քիչ հավանական է, սակայն այդ երկրների փոխհարաբերություններն ուղղակիորեն նշանակություն են ունեցել բախումների վերսկսման հարցում[5]:
Սոլեյմանին միաժամանակ նշում է, որ Մոսկվան Բաքվին նախազգուշացրել է շատ չմոտենալ Թուրքիային, ինչը պատճառաբանել է Ռուսաստանի՝ իր տարածքով թուրքական բեռնատարների (truck)՝ դեպի Միջին Ասիա ճանապարհն արգելափակելու հանգամանքով, իսկ Ադրբեջանը, թուրք-ռուսական տարաձայնություններում կանգնելով իր ռազմավարական ու անվտանգության դաշնակցի կողքին, թույլ է տվել, որ թուրքական բեռնատարները Վրաստանով հասնեն Ադրբեջան՝ այդտեղից էլ բեռները Կասպից ծովով տեղափոխելով Միջին Ասիա[6]: Սոլեյմանին կարծում է, որ Մոսկվան Բաքվին խոստացել է «Ղարաբաղից ու Լաչինից» բացի ԼՂՀ-ի բոլոր շրջանները վերադարձնել Ադրբեջանին, եթե վերջինս միանա ԵՏՄ-ին[7]:
ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանի 4-րդ հարևան Վրաստանը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ թեև արտաքուստ չեզոք դիրքորոշում է որդեգրել, սակայն ակնհայտորեն առավել սերտ փոխհարաբերություններ և բարեկամական կապեր ունի Ադրբեջանի ու Թուրքայի հետ, հետևաբար ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությունների հարցում առավելապես հակված է դեպի Ադրբեջանը: Ավելին, այն ԳՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) կազմակերպության անդամ է: Ինչպես հայտնի է, նշյալ կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների խոսնակները դեռևս 2005թ. սեպտեմբերին Նյույորքյան հանդիպման ընթացքում քննարկել և ցանկացել են ԳՈՒԱՄ-ի անունից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում զետեղել «Երկարատև զինված հակամարտությունները սևծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում և դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման վրա» հարցը[8]: Այլ կերպ ասած, դա այն էր, ինչին Բաքուն միշտ էլ ձգտել է:
Նշվածին կարելի է հավելել նաև, որ շուտով անց են կացվելու Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համատեղ զորավարժություններ: Իսկ Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման բառացիորեն նախօրեին՝ մայիսի 15-ին, Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների՝ Զաքիր Հասանովի, Թինաթին Խիդաշվլիի և Իսմաթ Յիլմազի 4-րդ՝ դռնփակ հանդիպումը: Իսկ մինչև եռակողմ բանակցությունները Յիլմազը դարձյալ դռնփակ ձևաչափով առանձին հանդիպել է Խիդաշվլիի և Հասանովի հետ: Այլ խոսքով, Վրաստանը բազմակողմ և անհամեմատ սերտ փոխհարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ուստի Հայաստանի և Վրաստանի շահերը գլխավորապես համընթաց չեն:
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ
1992թ. սկզբին Իրանն առաջիններից մեկը ճանաչեց ՀՀ անկախությունը. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին նույն թվականի փետրվարի 8-ին, սակայն արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի բարձրացվեցին միայն 1994թ.: 1992թ. Արաքսի վրա ժամանակավոր կամուրջ կառուցվեց, որը շրջափակման ամենածանր ժամանակաշրջանում կյանքի ճանապարհ էր դարձել ՀՀ-ի համար (ինչը Հայաստանը բարձր է գնահատել):
ԽՍՀՄ-ի փլուզմամբ աշխարհաքաղաքական դիրքի առումով Իրանը շահեց, սակայն խոցելի դարձավ համաթյուրքական նկրտումների հանդեպ՝ սահմանակից դառնալով անկախ Ադրբեջանին: Այս առումով Հայաստանի դերը խիստ կարևորվեց Իրանի համար:
Հայաստանն Իրանի համար ոչ միայն դեպի Եվրոպա տանող այլընտրանքային, թերևս առավել վստահելի տարանցիկ ճանապարհ կարող է լինել, այլև իր աշխարհագրական դիրքով մեծ նշանակություն ունի Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից: Այն պատնեշում է Ադրբեջանի ու Թուրքիայի համաթյուրքական, համաթուրանական նկրտումների իրականացումը, որոնց թիրախն Իրանի տարածքային ամբողջականությունն է: Բացի այդ երկու երկրների միջև ոչ միայն որևէ խնդիր չկա, այլև Հայաստանի սահմանակից երկրներից Իրանը միակն է, որի ազգային անվտանգության շահերը համընկնում են Հայաստանի շահերին: Հետևաբար, նկատի ունենալով հիշյալ կարևոր հանգամանքները՝ ենթադրվում է, որ հայ-իրանական փոխհարաբերությունները պետք է սերտ բարեկամական և ռազմավարական բնույթ կրեին:
Սակայն բարեկամական լինելով հանդերձ՝ առկա ներուժի համեմատությանբ դրանք շատ հեռու են բավարար լինելուց: Ավելին, ընդհանուր շահերի առկայությունը վերլուծաբանների կողմից Թեհրան-Երևան փոխհարաբերությունները գերագնահատելու պատճառ է դառնում: Բեռլինի «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ, կովկասագետ Ուվե Հալբախն (Uwe Halbach) այս առնչությամբ շեշտում է, որ ի սկզբանե Իրանի դիրքորոշումը տարբեր է եղել. Հայաստանն անկախանալուց ի վեր միշտ էլ բարիդրացիական փոխհարաբերություններ է ունեցել և Ղարաբաղի հարցում ևս հայամետ դիրքորոշում ունի: Մինչդեռ շիա բնակչությամբ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները հաճախ լարված բնույթ են կրել[9]:
Իրանը սահմանակից է թե՛ Հայաստանի, թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավար մարզի, ինչպես նաև` Թուրքիայի հետ, այլ կերպ ասած, ԼՂՀ-ի խնդրի հետ անմիջապես առնչվող բոլոր կողմերին: Ուստի սոսկ հենց այս հանգամանքով պայմանավորված` ակնհայտ է, որ Իրանն առավելապես շահագրգիռ է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմամբ և հրադադարով: Բացի այդ Իրանի շահերից է բխում նաև ԼՂՀ-Իրան սահմանագծի պահպանումը, նույնիսկ` ընդլայնումը: Մինչդեռ հարցի խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ լինելով հանդերձ` Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը գլխավորապես ադրբեջանանպաստ է. Իրանը պահանջում է վերադարձնել «գրավյալ տարածքները»` խիստ կարևորելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Արտաքուստ թվում է, թե Թեհրանն իր շահերին հակասող դիրքորոշում է արտահայտում, սակայն ենթադրելի է, որ դա արվում է հանուն ավելի խոշոր շահերի կամ ներկա դրությամբ` որպես չարյաց փոքրագույն:
Ադրբեջան պետությունը Հարավային Կովկասում արհեստականորեն ձևավորվել է 1918թ. համաթյուրքական «Մուսավաթ» կուսակցության ջանքերով և Օսմանյան կայսրության ուղղակի աջակցությամբ: Այն ստեղծվել է Իրանի Ադրբեջան նահանգի համանմանությամբ, համաթյուրքականության նկրտումներին ծառայեցնելու նպատակով: Փաստորեն, դա տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը խիստ թուլացած էր և ի զորու չէր համապատասխան արձագանքի. այն դեպքում, երբ Հարավային Կովկասում, մասնավորապես` մահմեդաբնակ հատվածում, Ադրբեջան անունով երբևէ որևէ գյուղ չի եղել: Կարծես թե այն ստեղծվել է 100 տարի առաջ ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության, որի առնչությամբ որևէ առիթ բաց չի թողնվում: Դա են վկայում պատմական փաստերը:
Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը, համաձայն ստորագրված պայմանագրի, ոչ միայն չհրաժարվեց Իրանի Ադրբեջանից զորքերը դուրս բերելուց, այլև ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ, Ադրբեջանական Հանրապետության ԿԿ առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովի ղեկավարությամբ, ով «Մեծ Ադրբեջան» էր երազում ԽՍՀՄ-ի կազմում, լայն գործունեություն ծավալեց Իրանի Ադրբեջանում` այն Իրանից զատելու, Ադրբեջանական ԽՍՀ-ին միացնելու ուղղությամբ: Սակայն այդ հարցը ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև վերածվեց լուրջ տարաձայնության, և, ի վերջո, Իրանի դիվանագիտության ու ԱՄՆ-ի ճնշման ներքո Կարմիր բանակի զորամիավորումները 1946թ. դուրս բերվեցին Իրանից: Բաղիրովի երազանքը չիրականացավ:
Հանուն համաթյուրքական գաղափարների ծնված Ադրբեջանի Հանրապետությունը միահյուսված է այդ երազանքին, և ադրբեջանցիներն ի սկզբանե դպրոցական, բուհական ու ակադեմիական դասագրքերով թե՛ ԽՍՀՄ-ի օրոք և թե՛ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում դաստիարակվում են այդ ոգով:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Նախիջևանի ինքնավար Հանրապետության գերագույն խորհուրդը, 1991թ. դեկտեմբերին 16-ին հիմք ընդունելով 1989թ. նախիջևանցիների` Իրանի սահմանը հատելու փորձը և այն գնահատելով Արաքսի երկու ափերում գտնվող ադրբեջանցիների միավորման ձգտում, դեկտեմբերի 31-ը հայտարարեց «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության և միավորման օր»: Թեպետ բացառված չէ, որ նախիջևանցիները նման քայլով նպատակ էին հետապնդում լքել Նախիջևանը որպես հայկական տարածք, այդուհանդերձ Ադրբեջանն այն այլ կերպ մեկնաբանեց. այն է` իբրև թե Իրանի Ադրբեջանում ազգային հանրապետության փլուզումից հետո, որն ըստ Բաքվի` երկու Ադրբեջանների վերջնական բաժանման պատճառ էր դարձել, ադրբեջանցիները կրկին միավորվելու առիթ էին տեսել և ցանկանում էին միավորվել իրենց ազգակիցների հետ[10]:
Նշենք, որ Կարմիր բանակի աջակցությամբ Իրանի Ադրբեջանում Բաղիրովի ջանքերով ձևավորված «Ադրբեջանի Հանրապետություն»-ը, որի ղեկավարումն իրականացնում էր անձամբ ինքը, Կարմիր բանակի դուրս բերվելուց հետո փլուզվեց: Ավելի ուշ Ադրբեջանի ազգայնամոլ նախագահ Էլչիբեյը դեկտեմբերի 31-ը պաշտոնապես ճանաչեց, իսկ 1993թ. Ալիև Ավագն այդ օրը հռչակեց իբրև ոչ աշխատանքային՝ տոնական օր, որը յուրաքանչյուր տարի տոնվում է մեծ շուքով: Ադրբեջանցիների պատկերացմամբ, կարելի է ասել, որ նման միավորման հաջորդ հնարավորությունը ստեղծվեց ղարաբաղյան պատերազմի ընթացքում, մասնավորապես` 1993թ., երբ նրանք, բախումների գոտուց փախուստի դիմելով, ձգտում էին ապաստան գտնել Իրանում, ինչը բացառված չէ` ուղղորդված քայլ էր, որի նպատակը ոչ միայն «ազգակիցներին միանալու» ձգտումները կարող էին լինել, այլև Իրանին հակամարտության մեջ ներքաշելը:
Սակայն իրանական կողմը, փակելով սահմանները, հայտարարեց, որ փախստականներին բազմակողմանի աջակցություն կցուցաբերի հենց Ադրբեջանում՝ մերձսահմանային տարածքներում ճամբարներ ստեղծելով, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց Բաքվում: Թեև Իրանն իր խոստումը կատարեց` բազմակողմանի աջակցություն ցուցաբերելով փախստականներին, ընդհուպ ամուսնացողներին օժիտ տալով: Իսկ Նախիջևանը, որը նաև սահմանակից է Թուրքիային, մինչև 90-ականների կեսերը գրեթե գոյատևել է Իրանի ցուցաբերած օգնության հաշվին:
ԻՐԱՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ապրիլյան պատերազմի ժամանակ (ապրիլի 3-ին) 3 արկ է ընկել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաֆերին գավառի գյուղերից մեկի մոտակայքում, որից, ինչպես հայտնել է իրանական կողմը, տուժել է միայն բարձր լարման մի էլեկտրասյուն, թեև լուրեր տարածվեցին, թե դրանցից մեկն ընկել է գյուղերից մեկում: Իրանը պաշտոնապես նախազգուշացրեց թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմին` կոչ անելով զսպվածություն դրսևորել, միաժամանակ նշելով, որ այդ երկրի տարածքի հանդեպ ոտնձգություններին արժանի պատասխան է տրվելու: Մինչդեռ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում նաև Իրանի տվյալ տարածքի` հայկական կողմի գրեթե թիկունքում լինելու հանգամանքը`կարելի է նշել, որ իրականում դրանք Իրանի տարածքը դիտավորյալ թիրախավորած ադրբեջանական արկեր են եղել: Նախորդ պատերազմի ընթացքում Բաքուն փորձել է այդ երկրին ներքաշել բախումներում կամ էլ գրգռել բնակչությանն ընդդեմ իշխանությունների և Հայաստանի, ինչը նրան չhաջողվեց: Նման տեսակետը, ինչպես նշվեց, հենված է պաշտոնական տեղեկատվության հիման վրա:
Մյուս կողմից Հայաստանում եւ Ղարաբաղում տարածված են լուրեր, որոնց համաձայն ապրիլյան պատերազմի ընթացքում Իրանը կրկին Ադրբեջանին թույլատրել է օգտագործել այդ երկրի տարածքը՝ հենց Խոդաֆերինի շրջանը: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա պետք է մեկնաբանել նրա գերակա համարվող շահերի թելադրանքով, այդ թվում՝ Իրանի եւ Սաուդյան Արբիայի միջեւ իսլամական աշխարհում իրենց ազդեցության գոտիները մեծացնելու մրցավազքով: Ադրբեջանի դեպքում Իրանը գործ ունի թուրք-սաուդյան ռազմավարական դաշնակցության հետ, որը ձգտում է առավելապես մեծացնել իր ազդեցությունն այնտեղ, որտեղ Թեհրանը կարող էր օգտագործել ոչ միայն ընդհանուր սահմանների առկայությունը, այլև շիականության գործոնը, ինչն էլ փաստորեն արվել է: Դրանից զատ, այդ լուրերի իսկությունը միաժամանակ ապացույց է, որ Ադրբեջանը մանրակրկիտ նախագծել և նախապատրաստել էր հարձակումը:
Սրան հավելենք նաև ԼՂՀ-Ադրբեջան առաջին պատերազմի ընթացքում վերջինիս Իրանի ցուցաբերված բազմակողմանի և ակնառու աջակցությունները: Առ այսօր թե՛ Իրանի կառավարության կողմից և թե՛ ԶԼՄ-ների ու վերլուծական շրջանակներում հաճախ է բարձրաձայնվում Ադրբեջանի ապերախտության մասին: Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 23-ին, երբ պաշտոնական այցով Իլհամ Ալիևն Իրանում էր գտնվում, Արևելյան Ադրբեջանի կենտրոն Թավրիզ քաղաքում՝ Ազարան մշակույթի կենտրոնում, նահանգի հետազոտողների, դասախոսների ու գիտնականների մասնակցությամբ տեղի է ունեցել «Մտորումներ Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին» գիտաժողովը, որտեղ հնչած տեսակետներում արտացոլված էին Իրանի շահերը: Համաժողովի օրվա և վայրի ընտրությունը ևս բնավ էլ պատահական չէր, քանի որ ադրբեջանցի ազգայնամոլները Թավրիզը համարում են իրենց իսկական մայրաքաղաքը:
Գիտաժողովի մասնակից, կովկասագիտության դոկտոր Ալի Քյաֆաշը հանդես է եկել «Ադրբեջանի իշխանությունների էթոլոգիան» զեկույցով, որտեղ անդրադարձել է նաև ԼՂՀ-Ադրբեջան պատերազմի ընթացքում Իրանի կողմից Բաքվին ցուցաբերված աջակցություններին և նշել, որ Թեհրանը պատասխանատվության զգացումով մահմեդական ադրբեջանցիներին աջակցել է ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտում, անգամ այդ նպատակով երկրի տարածքն է տրամադրել, բժշկական անգնահատելի օգնություն ցուցաբերել, ինչն էլ արժանացել է Ադրբեջանի ապերախտությանը[11]:
Միաժամանակ, Թեհրանն Ադրբեջանին մեղադրել է Իրանին «Դարի պայմանագիր» կոչվող նավթային կոնսորցիումից հեռացնելու, հակաիրանական կազմակերպություններին հովանավորելու, ուսումնական հաստատություններում պատմությունը խեղաթյուրմամբ ուսուցանելու և այլնի համար: Իսկ կովկասագետ Ջալալ Մոհամադին քննադատել է Իրանի իշխանություններին՝ Ադրբեջանի թշնամական վերաբերմունքին համարժեք հակազդեցություն չցուցաբերելու և լռության մատնելու համար: Քաղաքագիտության դոկտոր Ջամշիդ Ռադը ևս Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի որդեգրած մեղմ քաղաքականության ու «ժպիտի դիվանագիտության» համար խիստ քննադատել է Իրանի կառավարությանը` շեշտելով, որ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում հաճախ անտեսվում են ազգային շահերը, անգամ` անվտանգությունը:
Իրանցի քաղաքագետների տեսակետներն անհիմն չեն: Դրա վառ օրինակն Ադրբեջանի պատմության դասագրքերն են՝ տարրական դպրոցից մինչև համալսարանական ու ակադեմիական մակարդակը, որոնցում Իրանը հայի ու Հայաստանի նման ներկայացվում է իբրև «զավթիչ», Ադրբեջանի թշնամի:
Իրանը եղբայրական, բարեկամական երկիր է միայն շահադիտական տեսանկյունից, դիվանագիտական բառապաշարում: Դրա վառ ապացույցներից են ՎիքիԼիքսի բացահայտումները, որոնցից մեկը 2010թ. փետրվարի 25-ին Բաքվում ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի[12] (2008-2011թթ.) և Ալիևի միջև գաղտնի բանակցություններն են: Ալիևը, ի պատասխան Բըրնսի բացատրությունների, Իրանի և դրա միջուկային ծրագրերի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կիրառած սահմանափակումների, շեշտել է, որ թեև Թեհրան-Բաքու փոխհարաբերություններն արտաքուստ բնականոն են, սակայն դրանց էությունը խիստ տարբերվում է երևացող կողմից:
Ալիևը շեշտել է, որ Բաքուն միանգամայն կողմնակից է Իրանի տնտեսական մեկուսացմանը և հավելել, թե համոզված է միջազգային հանրության` Իրանի դեմ սահմանափակումներում լուրջ և արդյունավետ համագործակցության հարցում: Նա միաժամանակ դժգոհել է էներգետիկայի ոլորտում եվրոպական ընկերություններից, որոնք խախտել են սահմանափակումների կանոնները[13]: Սա այն դեպքում, երբ Թեհրանն ու Բաքուն, մի կողմ թողնելով իրենց փոխհարաբերությունների բուն էությունը և փոխադարձ անվստահությունը, հայտարարում են` քանի որ Ադրբեջանը չի մասնակցել Արևմուտքի կողմից Իրանի դեմ կիրառված սահմանափակումներին, հետևաբար դրանց վերացումից հետո վերջինիս հետ տնտեսական փոխհարաբերություններ հաստատելու հարցում արտոնյալ դիրքում է: Կողմերի միջև տարբեր ոլորտների վերաբերյալ ստորագրված բազմաթիվ համաձայնագրերը, այդ թվում` 11-րդը, ստորագրվել է Ալիևի` փետրվարի 23-ին Թեհրան կատարած այցի ընթացքում:
Ավելին, նշյալ այցը պաշտոնապես դիվանագիտական և քաղաքական առումով խիստ կարևոր է գնահատվել, մինչդեռ նախագահների փոխայցելությունները լոկ արարողակարգային, պաշտոնական բնույթ են կրել, և կողմերի միջև առկա խնդիրները քննարկման առարկա չեն դարձել. բացառություն չի կազմել նաև այս այցը:[14] Այսուհանդերձ, ապրիլյան պատերազմից հետո, մասնավորապես` բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների առումով, ակնհայտ ակտիվություն է նկատվում Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում:
Վերջիններիս միջև առնվազն ոչ բարեկամական փոխհարաբերությունների վերաբերյալ կարելի է ներկայացնել տասնյակ խոսուն փաստեր, սակայն կողմերը ջանք չեն խնայում դրանք բարեկամական, եղբայրական ներկայացնելու ուղղությամբ:
Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված, և ի՞նչն է Իրանին հետ պահում Հայաստանի հետ ռազմավարական գործընկեր դառնալուց: Խոսքն առաջին հերթին Իրանում կրոնապետական վարչակարգի առկայության մասին է, որի շրջանակներում Թեհրանը ձգտում էր իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել և հովանավորել իսլամական երկրներին ու նրանց շահերը. այս համատեքստում առաջնահերթություն տրվում է իսլամի շիա ուղղություն դավանողներին, իսկ Ադրբեջանի բնակչության շուրջ 80 տոկոսը շիաներ են: Այս կարևոր հանգամանքն ամրագրված է Իրանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, ինչը հաճախ շահարկվում էր թե՛ Ադրբեջանի և թե՛ իսլամական տարբեր երկրների կողմից:
ԼՂՀ-Ադրբեջան 90-ականների պատերազմի ընթացքում Ադրբեջանը և իսլամական որոշ երկրներ Իրանից պահանջում էին հօգուտ Ադրբեջանի ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ավելին, իսլամի սուննի ուղղությունը դավանող մի քանի երկրներ՝ Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, Եմենը և վահաբական Սաուդյան Արաբիան Հայաստանի անկախությունն առ այսօր չեն ճանաչել` վերջինիս համարելով իսլամական տարածքների զավթիչ: Սաուդյան Արաբիան Ադրբեջանի անկախացումից ի վեր այդ երկրին նյութական աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ վահաբականություն է քարոզում, ինչը, բնականաբար, Իրանի շահերին դեմ է: Բացի այդ իրանցի ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության շուրջ 1/3-ը, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի համաթյուրքական քարոզչության հուժկու ալիքի գլխավոր թիրախն են, ինչն ապարդյուն չի անցնում:
Իրանը չի կարող անտեսել նաև այդ երկրի հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքները՝ Հայաստանին ցուցաբերած հաճախ մտացածին օգնության համար: Ուստի Թեհրանն իր հայաստանյան քաղաքականության հարցում ի նկատի է ունենում նաև հիշյալ գործոնները: Արդյունքում, Իրանը երբեմն հարկադրված է հանուն իր գերակա շահերի անտեսել Հայաստանի հետ ունեցած ընդհանուր շահերը: Նշյալ բազում հանգամանքներ պատնեշում են Հայաստան-Իրան դաշնակցութունն ու լիարժեք համագործակցությունը, այդ թվում` հայ-ռուսական սերտ փոխհարաբերությունները, որոնք խանգարում են Հայաստանի արտաքին փոխհարաբերություններում անկախ քաղաքականություն վարելուն: Ավելին, Աֆշար Սոլեյմանիի կարծիքով` Մոսկվան միշտ էլ ձգտել ու ձգտում է Իրանին հեռու պահել ղարաբաղյան հիմնահարցից` նշելով, որ 1992թ. թեհրանյան հրադադարի բանակցությունները տապալվեցին Ռուսաստանի մեղքով, քանի որ վերջինս դրանում դերակատար չէր[15]:
Իրանի նկատմամբ Ադրբեջանի երեսպաշտական քաղաքականությունն ու մտահոգությունը պայմանավորված են երկու երկրների՝ նույն կրոնը դավանելու հանգամանքով, ավելի հստակ` շիականության կարևոր ինստիտուտներից «Մարջա-ե թաղլիդի»[16] առկայությամբ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր չափահաս շիա մուսուլման (իգական սեռը` 9 տարեկան, արականը`15) պարտավոր է ընտրել իր առաջնորդին, ում հրահանգներին ու խորհուրդներին պետք է ենթարկվի անվերապահորեն, կրոնական պարտականությունները կատարի և կյանքի կոչի նրա հրապարակած բոլոր «ֆաթվաները» (կրոնական վճիռ): «Մարջան» (աղբյուրը) պետք է օժտված լինի 8 կարևոր հատկանիշներով` հասուն տղամարդ, շիա, արդարամիտ, «մոջթահեդ»[17], կենդանի, օրինածին և լինի կրոնական ատենախոսության հեղինակ: Այս ինստիտուտը սահմաններ չի ճանաչում և վերազգային է, հետևաբար, ադրբեջանցիներից շատերի համար կարող են «մարջա» լինել իրանցի «մոջթահեդները», որոնք, բացառված չէ, որ բողոքի ցույցերն ու անհնազանդությունն անհրաժեշտ համարեն ընդդեմ իշխանությունների:
Ավելին, այժմ յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր ադրբեջանցիներ ուխտագնացություն են կազմակերպում Իրանում շիաների 3 կարևոր սրբավայրեր, ինչը նպաստում է Իրանի հոգևոր կենտրոնների հետ հավատացյալների կապի ամրապնդմանը: Բացի այդ ոչ թե տարեցտարի, այլև օրեցօր է աճում իրանցի հոգևորականների «մարջա»-ն ընդունող ադրբեջանցիների թիվը, որոնք իրենց կյանքն ու կենցաղն ավելի շատ համաձայնեցնում են կրոնական կանոնակարգին, այլ ոչ թե վարչակարգի աշխարհիկ օրենքներին[18]: Հոջաթիի կարծիքով սա ճշմարտություն է, որը, անկախ ադրբեջանական ԶԼՄ-ների ու պաշտոնական մեկնությունների, Բաքուն չի կարող անտեսել: Այլ կերպ ասած, հենց սրանով է պայմանավորված Բաքվի իշխանությունների՝ իսլամական կազմակերպությունների հետ համագործակցությունը և Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները «բարեկամական» ներկայացնելը: Թեհրանը կարևորում է շիաների միասնությունը[19], որով կարող է «զինաթափել» համաթյուրքական գաղափարախոսությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան սուննի է, ինչի նշանակությունն Անկարան ձգտում է անկարևոր համարել՝ շեշտը դնելով ոչ թե ուղղությունների, այլ իսլամի վրա:
Նշվածից բացի Ադրբեջանում կան նաև իրանական ծագումով ազգություններ՝ թալիշներ և թաթեր, որոնց եղբայրներն Իրանում որևէ խտրականության չեն ենթարկվում և կարող են Իրանին միանալու ձգտումներ բորբոքել նրանց շրջանում:
ԱՄՓՈՓՈՒՄ
Տարածաշրջանում Իրանից բացի որևէ երկրի շահերը չեն համընկնում հայերի շահերին. Ադրբեջանն ու նրա շահերը պաշտպանող երկրները խոշորացույցի տակ են դնում Հայաստան-Իրան փոխհարաբերությունները:
Ղարաբաղի հիմնահարցում Իրանի դիրքորոշումը պայմանավորված է վերը նշված գործոններով ու հանգամանքներով, ինչը, այնուամենայնիվ, գլխավորապես կարելի է հավասարակշռված բնութագրել: Թեհրանը շեշտում է հարցի բանակցային լուծման անհրաժեշտությունը, թեև բազմիցս խոսել է հօգուտ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման՝ դրանց դեմ նաև կողմ քվեարկելով: Սոլեյմանիի կարծիքով՝ Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը համընկնում է Մինսկի խմբի տեսակետներին, որը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և հարցը լուծել բանակցությունների միջոցով:
Թեև Հայաստանի հետ ռազմավարական շահեր ունեցող Իրանը, պայմանավորված բազմաթիվ լուրջ հանգամանքներով, չի կարող լիարժեք համագործակցել, սակայն շահագրգիռ լինելով Հայաստանի և ԼՂՀ-ի հզորացմամբ ու կայունությամբ, Թեհրանը չի անտեսում նաև ԼՂՀ-ի և Հայաստանի շահերը, ձգտում է աջակցել այնքան, որքանով թույլ կտան պայմաններն ու հանգամանքները: Հայաստանն էլ իր հերթին Իրանի հետ կապերը սերտացնելու համար պետք է արդյունավետորեն օգտագործի ստեղծված պատեհ առիթները, քանզի վերջինս առնվազն իր շահերի դեմ լուրջ քայլեր չի կատարելու: Բացի այդ Թեհրանի պաշտոնական ադրբեջանամետությունը կարելի է բացատրել նաև Թեհրան-Բաքու հաճոյախոսության դիվանագիտական համատեքստում: Եվ, ի վերջո, չպետք է բացառել նաև, որ տարածաշրջանային զարգացումները կարող են առավել լայն համագործակցության պայմաններ ստեղծել:
Հետևաբար, Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները պետք է լուծեն սեփական ուժերով՝ հաշվի առնելով, որ ռազմավարական առումով տարածաշրջանում, առավելապես՝ ողջ աշխարհում, չունեն գործընկեր: Միաժամանակ մշտապես փոփոխվող աշխարհում ստեղծված նպաստավոր պահերը պետք է օգտագործել խելամիտ դիվանագիտությամբ:
Էմմա Բեգիջանյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ-ՄԱՀՀԻ
[1] www.azadliq.orq, 21 հուլիսի, 2013թ.:
[2] www.iras.ir, 5 ապրիլի, 2016թ.:
[3] www.isna.ir, 8 հունիսի, 2016թ.:
[4] www.dw.de, 3 ապրիլի, 2016թ.:
[5] www.irdiplomacy.ir, 7 ապրիլի, 2016թ.:
[6] www.dw.de, 5 ապրիլի, 2016թ.:
[7] www.ghatreh.com, 4 ապրիլի, 2016թ.:
[8] www.azatutyun.am, 7 սեպտեմբերի, 2005թ.:
[9] www.dw.de, 5 ապրիլի, 2016թ.:
[10] www.yurd.net, 15 դեկտեմբերի, 2011թ.:
[11] www.arannews.com, 23 փետրվարի, 2016թ.:
[12] Azerbaijani President to U/S Burns: “You Can’t Boil Two Heads in One Pot”, https://wikileaks.org/plusd/cables/10BAKU134_a.html
[13] Բորհան Հոջաթի, «Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները պաշտոնական և ժողովրդական մակարդակներում», www.arannews.com, 6 մարտի, 2016թ.:
[14] Նույն տեղում:
[15] www.dw.de, 5 ապրիլի, 2016թ.:
[16] Շարքային շիան դիմում է իր կարծիքով կրոնագետ հոգևոր առաջնորդին:
[17] Բարձրաստիճան հոգևորական, ով, բնականաբար, պետք է ատենախոսություն պաշտպանած լինի կրոնական թեմայով:
[18] Բորհան Հոջաթի, «Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները պաշտոնական և ժողովրդական մակարդակներում», www.arannews.com, 6 մարտի, 2016թ.:
[19] Իրանում կան տեսակետներ, որոնց համաձայն՝ Արաքսի հյուսիսային տարածքներն իրանական են, դրանք բաժանվել են Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով, որոնք կարելի է վերադարձնել: