Արձակուրդային անտարբերություն, կամ էլ՝ հակառակը

Հայաստանում սկսվում է արձակուրդային մեծ շրջանը: Խորհրդարանականները վաստակած հանգստի անցնելուց առաջ մի բոլ զվարճացրեցին բոլորիս: Բայց որպեսզի առանց խորհրդարան կյանքը մեզ մեղր չթվա, հասցրեցին սպառնալ նոր հարկային օրենսդրությամբ: Ամառային մեծ արձակուրդների սկզբին արդեն հասարակական կյանքը միանգամից դարձավ դատարկ ու միապաղաղ:

Տնտեսական միակ խնդիրը, որ անհանգստություն ու կրքեր է ծնում, Ռազմա-վիրական ճանապարհի հարցն է: Լարսի հատվածը շարունակում է փակ մնալ: Տնտեսվարողներն արտահանվող գյուղմթերքները Ռուսաստան են տեղափոխում ծովային ճանապարհով: Ճանապարհածախսի ավելացումը մեր միրգ-բանջարեղենը պակաս մրցունակ է դարձնում ՌԴ ներքին շուկայում: Հայտնի բան է՝ դժբախտությունը երբեք միայնակ չի գալիս: Լարսի փակվելուն զուգընթաց՝ սկսեցին հարթվել ռուս-թուրքական հարաբերությունները: ՌԴ կառավարությունը հրահանգ է ստացել հնարավորինս արագ հանել թուրքական գյուղմթերքի ներմուծման առջև դրված սահմանափակումները:

Այս իրավիճակում միակ դրականն այն է, որ լոլիկի մշակմամբ զբաղվող ռուսական գործարարները կարողացան իշխանություններին համոզել, որ այդ մթերքի վրա դրված արգելքներն առայժմ պահպանվեն: Որովհետև իրենք հավատալով ՌԴ իշխանությունների հակաթուրքական տրամադրություններին՝ հսկայական ծախսեր են արել, ջերմոցներ են կառուցել: Իսկ թուրքական էժանագին լոլիկի մուտքը միանգամից կսնանկացնի այդ տնտեսությունները:

Ստեղծված իրավիճակից պարզ դարձավ, որ հայկական պոմիդորի արտահանման ծավալներն ամենևին էլ սպառնալիք չեն ռուսական ներքին արտադրողների համար: Որքան էլ որ այդ բանջարեղենի արտահանման ծավալների մասին տեղյակ է ՌԴ նախագահը, և որքան էլ որ այն դարձել է մեր գյուղատնտեսության կառավարիչների հպարտության հիմնական թեման: Ու այս, մեղմ ասած, ոչ վարդագույն ֆոնին՝ մեր ազգային վիճակագիրները փորձեցին ամփոփել տնտեսական տարվա առաջին հինգ ամիսների տվյալները: Արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ՝ մոտ 120 մլն դոլարի չափով աճ է արձանագրել:

Եվրասիական միությանն անդամակցելու տնտեսական նպատակահարմարությունը նկատելի դարձնելու անզուսպ մղումով ասվում է, որ այդ աճից մոտ 80 մլն դոլարը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին: Այդ երկրների կշիռը 2015թ. մեր արտաքին առևտրաշրջանառության 29,5 տոկոսն էր:

Հիմա այն աճել ու դարձել է համարյա 32 տոկոս: Իսկ Եվրամիության անդամ երկրների հետ առևտրաշրջանառությումը կրճատվել է մեկ տոկոսով՝ կազմելով 24,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 25,5 տոկոսի դիմաց: Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը նախորդ տարվա համեմատ՝ աճել է մոտ 20 տոկոսով: Այս նոր տվյալները հավանաբար պիտի ոգեշնչեն մեզ ու համոզեն, որ մեր երկրի ղեկավարությունն աշխարհաքաղաքական հարցերում ճիշտ է կողմնորոշվել, և ուր որ է՝ բոլորս տեսնելու ենք դրա տնտեսական հետևանքները:

Իսկ տնտեսական հետևանքների ցուցադրությունը շատ կարևոր բան է: Դա հնուց է հայտնի բոլոր իշխանավորներին, ովքեր իրենց հիմնական նպատակը համարում են հպատակներին հաց ու զվարճանք ապահովելը: Հայաստանում այդ գործընթացը նույնիսկ բաժանված է իշխանության թևերի միջև: Խորհրդարանը բոլ-բոլ զվարճանք է ապահովում: Մի փոքր կառավարությունն է թերանում հաց ապահովելու հարցում, բայց դա էլ շուտով կշտկվի: Հենց ավարտվի համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Իսկ դա, ինքնին հասկանալի է՝ միայն մեր իշխանությունների աշխատանքի արդյունավետությունից չէ կախված: Թե չէ մեր կառավարությունը երկու ամսում կոմունիզմը կառուցել ու հանձնել էր մարդկությանը՝ ի վայելում: Բայց հարազատ կառավարությանը պարբերաբար հանգիստ չի տալիս խորհրդարանի վաստակաշատ փառքը:

Օրինակ՝ մոտ երկու ամիս առաջ գործադիրն անսպասելի պայքար սկսեց կոռուպցիայի ու մոնոպոլիստների դեմ: Հասարակության համար անսպասելի: Որովհետև տարին ամենևին էլ ընտրական չի: Բայց իշխանությունները պոպուլիստական մի քարոզարշավ սկսեցին, որի առջև արմատական ու ոչ այնքան արմատական ընդդիմությունն ընկրկեց: Անցնող երկու ամսվա ընթացքում ոչ կոռուպցիան տուժեց, ոչ էլ մոնոպոլիստները: Միակ տուժողը Հարկադիր ծառայության ղեկավարն էր: Մարդը հրաժարական տվեց օֆշորային սկանդալից հետո: Իշխանության շատ ներկայացուցիչներ հին ու հայտնի անեկդոտի ոճով հասարակությանը սպասելու կոչ արեցին՝ ակնարկելով, թե՝ «Սպասեք ու կտեսնեք, թե ինչեր պիտի ըլլան»: Ոչինչ էլ չեղավ: Ավելի ճիշտ, դեպքերը «տրամաբանական» զարգացում ստացան:

Այս շաբաթ օֆշորային գործարքների ուսումնասիրող ու բացահայտող «Հետք» լրատվականը գրեց, որ նախկին ու գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանն օֆշորից դուրս գալու փորձեր է անում՝ «Քեթրին գրուպի» բաժնեմասերն ուրիշի անունով վերագրանցելով: Երևի այս քայլերը տեղավորվում են կոռուպցիայի դեմ մեր կառավարության մղած աննահանջ, համառ, բայց թաքուն ընթացող պայքարի տրամաբանության շրջանակներում: Ի վերջո, հնարավոր է, որ մեր կառավարությանն ընդամենը ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է շեղում: Համբերենք, դրա ավարտին էլ շատ չի մնացել:

Տեսանյութեր

Լրահոս