Բաժիններ՝

Նվազ նշանակության իրավախախտումների դրույթի կիրառման դրական և բացասական կողմերը

ՀՀ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նվազ նշանակության ճանապարհային իրավախախտումների դրույթը, բացի դրական կողմերից, ունի նաև բացասական կողմեր:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի վերջին փոփոխություններից 6 ամիս անց, երբ ճանապարհատրանսպորտային խախտումների մի մասը տուգանքից վերածվեց նախազգուշացման, նա առանձնացրել է այդ դրական ու բացասական կողմերը.

«Եթե կան թաղանթապատ ապակիներով մեքենաներ , ապա բացառիկ են, որովհետև մենք գրեթե բոլորը հայտնաբերել ու վերացրել ենք, քանի որ մարդիկ չեն ցանկացել տուգանք վճարել, և տեղում կամ 24 ժամում վերացրել են դրանք: Եղել են դեպքեր, երբ 10 անգամ նախազգուշացվել է և 11-րդ անգամ ևս հայտնաբերվել թաղանթապատված դիմապակիով մեքենա. նույն տրանսպորտային միջոցի մասին է խոսքը: Մարդիկ շատ են օգտվում նախազգուշացման այդ դրույթից: Այսինքն՝ կա թերություն, և պետք է այնպես անել, որ մարդիկ չկարողանան օգտվել նվազ նշանակության խախտման դրույթի հակառակ կողմից»:

Նրա խոսքով՝ կանգառներում կայանման հետ կապված հատկապես բողոքում էին տաքսիների վարորդները, ու հիմա նոր դրույթի կիրառմամբ այդ հարցը գրեթե լուծվել է. «1 րոպե տևողությունը բավականաչափ ժամանակ է նույնիսկ 4 ուղևորին մեքենայից իջեցնելու կամ երկու-երեք ուղևոր վերցնելու համար: Նախազգուշացման հաջորդ տեսակը որոշ գծանշումների խախտումն է: Մասնավորապես՝ կանգ գծերի դեպքում սահմանվել է, որ պատասխանատվություն կկիրառվի նշված պահանջը խախտելու համար, եթե անիվներն ամբողջությամբ կհատեն այդ գիծը, իսկ ուղղակի անզգուշաբար հատելը հնարավոր չէ: Եթե ինչ-որ մեկը ենթարկվել է պատասխանատվության ամբողջությամբ հատելու համար, նշանակում է՝ ուղղակի չի ցանկացել պահպանել կանոնները, և դա չի կարող համարվել նվազ նշանակություն ունեցող»:

Նա նշեց, որ նախազգուշացման դրույթ է կիրառվում նաև խաչմերուկին մոտենալու ժամանակ երթևեկության գոտիները բաժանող հոծ գծանշման հատման դեպքում. «Օրենքը նախատեսում է, որ չի կիրառվում վարչական պատասխանատվություն, եթե հատվում է միայն մեկ անիվով: Այսինքն՝ եթե առջևի երկու անիվներով միաժամանակ չեք հատում հոծ գիծը, ապա այս դեպքում կիրառվում է նվազ նշանակություն»:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ ընդգծեց՝ կատարված փոփոխությունները վարորդները միանշանակ չեն ընկալել, և նրա խոսքով՝ շատ դեպքերում իմացել են, որ իրենք չեն տուգանվի, ու կկիրառվի նախազգուշացում: «Մարդիկ մտածում են, որ ահա այս գիծը հատել են, կլինի նախազգուշացում: Չեն հասկանում, որ նախազգուշացում կլինի, եթե առջևի անիվներով շատ փոքր հատել են հոծ գիծը, ոչ թե չորս անիվով անցել են վրայով: Կարծում եմ՝ այս դրույթը վերանայման կարիք ունի: Կամ գրված է՝ եթե վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ իրավիճակ չի ստեղծվում կայանելու ժամանակ, նախազգուշացում է կիրառվում, բայց չի բացատրվում` ակնհայտ վթարային իրավիճակ ասելով՝ ինչ նկատի ունեն:

Շատ դեպքերում կարելի էր բազմաթիվ խախտումներ նույնպես համարել նվազ նշանակության, մինչդեռ ՃՈ-ն այդպես չի վարվել»,- ասաց նա՝ հավելելով, որ «Աքիլես» հ/կ-ն վերջին ամսում ունեցել է ընդամենը 1 դատական գործ և երկու բողոք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս