«Հայաստա՛ն աշխարհ, ուշքի արի՛, զինվորներդ տուն չեն գալիս». Գրել էր Արցախում զոհված Բագրատ Ալեքսանյանը
«Փոխանակ փոխեք սահմանի դրությունը, բռնել, փոխում եք Սահմանադրությունը։ Հայաստա՛ն աշխարհ, ուշքի արի՛, զինվորներդ տուն չեն գալիս»: Սրանք Արցախում ապրիլին ռազմական գործողությունների ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Բագրատ Ալեքսանյանի խոսքերն են, որոնց նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր դեռևս 2015թ. դեկտեմբերի 31-ին։ Բագրատը բանաստեղծություններ, պատմվածքներ էր գրում։
«Հենց նոր փամփուշտը
կողքովս անցավ,
Այն ինձ էր ուղղված, կյանքս խլելու,
Բայց մորս սերը այնքան է հզոր,
Որ փամփուշտը կարծես թե գիտեր
Մայրական սիրո անհագ
կարոտի մասին,
Ու ես լավ գիտեմ, որ տուն եմ
դեռ գալու,
Մորս գրկելու ու ջերմ ամբուրելու,
Միայն թե, տե՛ր իմ, մի բան եմ
խնդրում,
Հանկարծ չթողնես, որ մորս
աչքերից արցունքներ հոսեն,
Ու թող որ շուտ գա այն ցանկալի օրը,
Որ ես կբռնեմ տունդարձի ճամփան»։
Սա Բագրատի հեղինակած բանաստեղծություններից մեկն է. գրել է դիրքերում, վերջում ավելացրել տարեթիվը, ամսաթիվն ու ժամը՝ 23։07, 14.02.15թ.։ Բագրատի կրտսեր եղբայրը՝ Սամվելը, ևս ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ծառայելիս է եղել բանակում։ Ինչպես Բագրատը, նա էլ՝ Ջեբրաիլում է ծառայել։ Միայն վերջերս են ծնողներն իմացել, որ այդ օրերին կրտսեր որդին հրաշքով է փրկվել։
«Միայն մի բան էր ասում՝ շատ եմ կարոտելգ Այդպես կարոտը սրտում էլ գնաց»
Բագրատի մայրը՝ Նարինե Ասրյանը, պատմում է, որ ընտանիքով որոշ ժամանակ Մոսկվայում են ապրել.
«Ամեն ինչ շատ լավ էր։ Իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետև մենք ամբողջ ընտանիքով միասին էինք։ Երբ Բագրատի ծառայելու ժամանակը եկավ, ասաց՝ պետք է գնամ, ծառայեմ։ Այնքան էինք խնդրում, ասում՝ մի՛ գնա, ամեն հնարավորություն ունես, կարող ես չծառայել։ Ասաց՝ մա՛մ, ամոթ չէ՞, այլևս նման բան չասես, երկու տարի չէ՞, եթե ես չծառայեմ, ո՞վ ծառայի։ 2013թ. Մոսկվայից եկավ։ Ճարպակալում ուներ, հետազոտել էին, 1 տարով հետաձգել։ Ետ եկավ Մոսկվա։ Երբ 1 տարին անցավ, նորից խնդրում էի, որ չգնա։ Բագրատն ասում էր՝ մա՛մ, ցավդ տանեմ, շատ մի՛ նեղվիր, ես կծառայեմ, բայց Սամվելը չի ծառայի, խոսքերս լո՛ւրջ ընդունիր։ Ձեռքով իրեն ցույց տվեց, ասաց՝ էս տղեն պիտի ազատի Սամվելին։
Այդ պահին ասացինք, խոսեցինք, բայց հիմա, երբ մտածում եմ, իրոք, ինքն իր արյան գնով իր եղբորն ազատել է։ Զարմանում եմ՝ ինքն ապագա՞ն էր տեսնում, թե՞ այլ բան կար։ Շատ բաներ կան, որ ինքն ասել է, ու դրանք կատարվել են։ 2014թ. եկավ, զինկոմիսարիատում ասել էին՝ 1 ամիս սպասի՛ր։ Եկել էր տուն, սկայպը միացրել, ասում էր՝ չէ՛, այդպես չի լինի, ես վաղը գնալու եմ, ասեմ՝ տանում եք, տարեք, եթե ոչ՝ ես իմ հոժար կամքով գնում եմ բանակ։ Այո՛, ստիպեց, որ բանակ տանեն։ Շատ էր ուզում ծառայել, ասում էր՝ ես պիտի հայրենիքի պարտքը տամ։ Հայրենասեր էր, սիրում էր ընտանիքը, ընկերներին, սիրած աղջիկ ուներ։ Բոլորին շատ էր սիրում, բայց հայրենիքը բոլորից վեր դասեց»։
2014թ. հուլիսի 18-ին Բագրատը բանակ է զորակոչվել. «Շատ լավ տրամադրությամբ է գնացել։ Նույնիսկ ինքնակամ ասաց՝ ինձ Ղարաբաղ տարե՛ք։ Ամուսնուս նախնիները Ղարաբաղից են, ասում էր՝ պիտի այնտեղ ծառայեմ։ Երբ փոքր որդուս ծառայելու ժամանակը եկավ, ասաց՝ մա՛մ ջան, պա՛պ ջան, չանհանգստանաք, չնեղվեք, ես Ղարաբաղում եմ, եթե Ղարաբաղ ընկավ, Սամոս պրոբլեմ չի ունենա։ Իրոք, ամեն պայման ստեղծել էր փոքր եղբոր համար։ Ամեն ինչ այնքան լավ էրգ ինչո՞ւ այսպես եղավ։ Եթե զգար՝ վտանգ կա, անպայման պիտի խառնվեր, հասներ։ Իր ընկերների հետ միասին պաշտպանեց և՛ իր եղբորը, և՛ իր սիրած աղջկան, և՛ ընտանիքին, և՛ ամբողջ հայ ազգին»։ Տիկին Նարինեի խոսքով՝ ծառայության ողջ ընթացքում Բագրատն ամեն օր կապի մեջ է եղել իրենց հետ, միշտ ասել, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանան. «Միայն մի բան էր ասում՝ շատ եմ կարոտել։ Այդպես էլ կարոտը սրտում գնաց»։
Տիկին Նարինեն հիշում է, որ ապրիլյան դեպքերից որոշ ժամանակ առաջ քույրն ասել է, որ սիրտը շատ անհանգիստ է.
«Հարցրի՝ դեղ տա՞մ, ասաց՝ չէ՛, քո՛ւր, սա դեղի բան չէ, սիրտս վատ բան է կանխազգում, Սամոյի համար շատ հանգիստ եմ, բայց Բագրատի համար սիրտս այնքան անհանգիստ էգ Ասաց ու սկսեց լաց լինել։ Փաստորեն քույրս կանխազգացել էր։ 2014թ. դեկտեմբերին, երբ ծառայության 6 ամիսը լրացել էր, Բագրատն արձակուրդ էր եկել։ Գնացել էր քրոջս տուն. մենք Մոսկվայում էինք։ Հուղարկավորության ժամանակ քույրս ուշաթափվեց։ Երբ ուշքի բերեցինք, հարցրի՝ ի՞նչ պատահեց։ Ասաց՝ հիշեցի, որ, երբ Բագրատն արձակուրդ էր եկել, մեր տանը նստած էր համակարգչի կողքին, ասաց՝ մորքո՛ւր, եթե մի բան ասեմ, չե՞ս զայրանա։ Հարցրել է՝ ի՞նչ, Բագրա՛տ ջան։
Ասել է՝ մորքո՛ւր, եթե հանկարծ չհասցնեմ զորացրվել, մահանամ, կլացե՞ս։ Քույրս զայրացել էր։ Ասաց՝ հուղարկավորության ժամանակ այդ խոսքն ընկավ միտքս, ու վատ զգացի։ Անհնար էր՝ Բագրատը մի բան ասեր, ու դա չկատարվեր»։
«Հպարտ եմ, որ Բագրատս հերոս է»
Հարազատները Բագրատի հետ վերջին անգամ խոսել են ապրիլի 1-ին, գիշերը։ Բագրատն ասել է, որ դիրքեր են հասել, ամեն ինչ նորմալ է, «ձեզ լավ նայեք, պինդ պահեք, հետո էլի կզանգեմ». «Հոր հետ էլ խոսեց, ասաց՝ ձեզ լավ նայեք, մա՛մ ջան, պա՛պ ջան, բան չի մնացել՝ 101 օր, շուտով գալու եմ, երբ գամ, այնքան լավ է լինելու, ոչ մի բանի կարիք չեք ունենալու։
Վերջին զանգն ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերն էր՝ ժամեր առաջ։ Ահագին ժամանակ չէր զանգում։ Ռուսաստանից ամուսնուս քույրերը զանգեցին. լուրերը երկրից դուրս ավելի շուտ են տարածվում, քան ներսում։ Ասացին՝ Ղարաբաղում վիճակը լավ չէ, կռիվ է սկսվել, երեխեքից ի՞նչ կա։ Զարմացա, հարցրի՝ ի՞նչ կռվի մասին է խոսքը, ասացին՝ Բագրատենց պոստը չկա։ Ես այդ պահին չհասկացա՝ ինչ են ասում։ Ասացին՝ երեխեքի պոստը չկա, երեխեքը չկան, անհայտ կորած են, խուճապահար էին։ Ինձ էլ խուճապի մեջ գցեցին։ Զանգում էի՝ ճշտելու, ոչ մի կերպ չկարողացա կապվել։ Հետո մեզ զանգեցին, ասացին, որ՝ ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացեք, պոստերը փոխել են, պարզապես կապ չկա։ Փաստորեն մեզ խաբեցին։
Փոքր որդուս հետ խոսում էինք՝ երկու բառ էր ասում՝ մա՛մ ջան, լավ եմ, ու անջատում էր։ Ամուսնուս ասում էի՝ ախր, սա Բագրատին նման չէ, նա պիտի զանգի, գետնի տակ էլ լինի՝ կզանգի, ինչո՞ւ չի զանգում։ Ամուսնուս քույրերի զանգը մեզ գցեց մտածմունքների մեջ։ Գնացինք Ղարաբաղ, այնտեղ արդեն ամեն ինչ իմացանք։ Փաստորեն ճիշտ էին ասում, որ թուրքերը գրավել էին այդ դիրքը, երեխաներն անհայտ կորածների ցուցակում են»։
Բագրատի ծնողները միայն վերջերս են իմացել, որ ապրիլին կրտսեր որդու վարած «Ուրալը» վթարի է ենթարկվել։ «Ապրիլի 2-ի առավոտյան, երբ բոլորին տագնապով հանում են դիրքեր, «Ուրալը» շուռ է եկել։ Այդ ժամանակ Սամվելը ղեկին է եղել, ընկերները՝ «Ուրալի» մեջ։ Հրաշքով փրկվում են։ Ես միշտ ասում եմ, որ Բագրատի հոգին է փրկել թե՛ Սամվելին, թե՛ նրա ընկերներին։
Ամուսինս Բագրատին միշտ ասում էր՝ այնպես արա՝ եղբորդ հետ միասին մի վաշտում լինեք։ Ասում էր՝ պա՛պ, դա անհնարին է, մենք մի վաշտում չպիտի լինենք, ես ճիշտ է՝ ձեզ շատ եմ սիրում, բայց չմտածեք, որ Սամվելին ինձնից շատ եք սիրում, ես իմ եղբորն այնքան եմ սիրում, որ այդ սերը սահման չունի։ Այդպես էլ արեց։ Ես մինչև իմ կյանքի վերջ երախտապարտ եմ Բագրատին, որ այդ մի հարցում մեզ չի լսել։ Ես էլ խնդրեցի, ասաց՝ մա՛մ, դու իմ սրբությունն ես, բայց այդ թեմայով այլևս չխոսես։ Սամվելն ինձ հետ մի վաշտում չի լինելու, ես պիտի դիրքերից իջնեմ, հետո Սամվելը բարձրանա։
Երբ գնում ենք Եռաբլուր, կռանում եմ, համբուրում հողը, որտեղ Բագրատն է հուղարկավորված, ու առաջին խոսքս դա է, ասում եմ՝ Բագրա՛տ, ես ամբողջ կյանքում երախտապարտ եմ քեզ, որ Սամվելին պահեցիր, պահպանեցիր։ Հպարտ եմ, որ Բագրատս հերոս է։ Պարզապես ցավալի է, շատ ցավալի։ Այնպիսի ցավ է, որ ոչ ոք չի կարող ամոքել։ Մենք ապրում ենք մեր փոքր որդու համար»։
Տիկին Նարինեի խոսքով՝ Բագրատն իր օրագրում գրել է՝ «զինվորի կյանքը նման է վառվող մոմի, որ ամեն վայրկյան կարող է հանգչել»։
«Չենք պատկերացրել, որ տուն չդարձող զինվորներից մեկը կարող է Բագրատը լինել»,- ասում է Բագրատի մայրը։
Բագրատի ընկերները որոշել են ի հիշատակ հերոսի աղբյուր կառուցել։ «Միշտ ասում էր՝ ես մինչև 27 տարեկան իմ սեփական բիզնեսն եմ ունենալու, իմ մեքենան, սպիտակ «Range Rover» պիտի վարեմ։ Ես չեմ կասկածում՝ կունենար այդ մեքենան. իր խելքն այնքան շատ էր, որ կաշխատեր այդ գումարը։ Ամեն ինչից գլուխ էր հանում։ Շատ եմ ցավում, որ այդպես եղավ»,- ասում է տիկին Նարինեն՝ ավելացնելով, որ Բագրատը բազմաթիվ երազանքներ ու պլաններ ուներ, որոնք չհասցրեց իրագործել։
«Ուզում էր եղբորն աշխատանքով ապահովել։ Մեր պատշգամբի դիմաց տարածք ունենք։ Ասում էր՝ այդ տարածքում եղբորս համար իր սեփական վարսավիրանոցը պիտի սարքեմ։ Չեմ կասկածում՝ կաներ, բայց զոհվեց։ Հիմա մենք ուզում ենք, որ իր երազանքները, եթե ոչ՝ բոլորը, ապա գոնե մի մասն իրականանան։ Առաջինը՝ վարսավիրանոցը։ Ճիշտ է՝ մենք այս պահին հնարավորություն չունենք, բայց պարոն Տարոն Մարգարյանը խոսք է տվել, որ տաղավարը կանեն և հովանավոր կգտնեն, որպեսզի արվի ներքին կահավորանքը։
Բագրատը միշտ ասում էր, որ իր բանաստեղծությունները պիտի հրատարակի։ Շատ տեղերից են տարել, նաև Գրողների միությունից, խոստացել են, որ գիրքը կտպվի։ Ցավալի է, որ ինքը չի տեսնում, որ աստիճանաբար իրականանում է այն, ինչ ինքն ուզում էր։ Երբեմն այնպիսի բաներ էր ասումգ Ասում էր՝ մա՛մ, դուք հետո կլսեք իմ մասին, հետո կիմանաք իմ մասին, դեռ չգիտեք՝ ես ով եմգ Այնպիսի խոսքեր էր ասում»։
Բագրատի ընկեր Արամը, ով նրա երկար տարիների ընկերներից է, ասում է՝ Բագրատի մասին անհնար է վատ բան ասել. «Ընկերներով ասում էինք՝ իր քաշի չափով, մի քանի անգամ էլ ավելի բարի սիրտ ուներ։ Ցանկացած մեկը, եթե ասեր, որ խնդիր ունի, Բագրատը կողքին կանգնած էր։ Շատ նպատակներ ունեինք, պետք է իրականացնեինք, բայց ճակատագրի բերումով՝ չեղավ։ Հիմա այդ բացը ես ու ընկերս ենք փորձում լրացնել։ Ամեն ինչ անելու ենք, որ նպատակներին հասնենք»։
«Հիմա շատ հեռու առաջնագծում,
Պոստի եմ կանգնում վախով,
կարոտով,
Ու միայն մի բան է սիրտս փափագում,
Որ հասնեմ մորս ու ջերմ համբուրեմ,
Կարոտով լցված սեղմեմ ես կրծքիս,
Մայրական սիրո կարոտս առնեմգ
Ու հիմա միայն մի բան եմ ուզում,
Որ երբեք, մա՛մ ջան, դու չվշտանաս։
Քո զինվոր որդին էլ մի օր տուն կգա
Ու մինչև կյանքի վերջ կողքիդ կլինի»։
14.02.2015թ.