«Brexit-ից հետո Բրիտանիան կսկսի գործել և մասնակցել եվրոպական քաղաքականությանը՝ որպես ՆԱՏՕ-ի ակտիվ խաղացող»
«Մեծ Բրիտանիան չի գնա ինքնամեկուսացման ճանապարհով Brexit-ից հետո»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պ․գ․թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ստրատեգիական հետազոտությունների դեպարտամենտի գիտաշխատող, Վաշինգտոնյան Կովկաս-Միջին Ասիայի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ անդրադառնալով Brexit-ի հետևանքով ՆԱՏՕ-Բրիտանիա հարաբերություններին:
Էդուարդ Աբրահամյանն ասաց, թե չի կարծում, որ Բրիտանիան սրանով իսկ սկիզբ կդնի իր ինքնամեկուսացման քաղաքականությանը, ընդհակառակը, հավանաբար կսկսի գործել և մասնակցել եվրոպական քաղաքականությանը՝ որպես ՆԱՏՕ-ի ակտիվ խաղացող։ Մեծ Բրիտանիան, ըստ նրա, չհանդիսանալով Եվրամիության հիմնադիր երկիր, ի սկզբանե հանդիսացել է ՆԱՏՕ-ի ստեղծման հիմնական ջատագով, իսկ սառը պատերազմի ավարտից հետո՝ Դաշինքի ընդլայնման հիմնական կողմնակիցներից մեկը։
«Կարծում եմ՝ Լոնդոնը կփորձի կոմպենսացնել ԵՄ-ից իր դուրս գալու բացը՝ առավել ակտիվացնելով իր մասնակցությունը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ծրագրերում։ Որպես օրինակ՝ հատկանշական է նշել վերջերս բրիտանական փորձագիտական շրջանակում և պաշտոնյաների կողմից հնչող այն միտքը, որ բրիտանական 20-րդ բրիգադն ու երեք առանձնակի գումարտակները, որոնց դուրսբերումը Գերմանիայից նախատեսված էր մինչև 2020թ., ամենայն հավանականությամբ, կմնան Եվրոպայում և կստանան նոր նշանակություն և առաջադրանք։
Զորքերի դուրսբերումը պայմանավորված էր դրանք Եվրոպայում պահելու մեծ ծախսերից խուսափելու տրամաբանությամբ։ Այս համատեքստում Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից կապահովի որոշակի ազատ ֆինանսական և ռազմատեխնիկական հնարավորություններ։ Բրիտանիան էլ պարտավորված չի լինի մասնակցել Եվրամիության հակածովահենային ծրագրերին Արևելյան Աֆրիկայում կամ Բալկանների ԵՄ ծրագրերում՝ կենտրոնացնելով ուժերն առավելապես ՆԱՏՕ-ի առաքելությունների համատեքստում»,- պարզաբանեց Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով, ՆԱՏՕ-ի առաջիկա վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա մոտ մեկ շաբաթից Վարշավայում, ամենայն հավանականությամբ, կտեսնենք Մեծ Բրիտանիա՝ որպես առավել պատրաստակամ ու եվրոպական անվտանգության համար պատասխանատվություն կրող երկիր։
«Չնայած կան նաև հոռետեսական տրամադրություններ Բրիտանիայի՝ Դաշինքի ծրագրերին մասնակցելու ակտիվացման վերաբերյալ՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացին ու դրանից հետո։ Պարզ չէ, թե արդյո՞ք նոր կառավարությունը հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի վերջին վեհաժողովի ժամանակ որոշված՝ ՀՆԱ-ի 2% հատկացմանը պաշտպանական ծախսերին։ Այս հարցում Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդը մեծ աշխատանք ունի անելու։ Չնայած մտահոգություններին, թե Բրիտանիան նույնպես կփոխի իր որդեգրած դերը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ես հակված եմ հակառակ կարծիքին»,- ասաց Աբրահամյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: