«Հարկային օրենսգիրքը, անգամ չընդունված, արդեն բացասական ազդեցություն ունի»

Մեր զրուցակիցն է Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը

– Պարո՛ն Ջրբաշյան, Հարկային օրենսգրքի շուրջ բուռն քննարկումներ են ընթանում, տարբեր կողմերից անվերջ քննդատություններ են հնչում։ Ինչո՞ւ և ինչի՞ց սկսվեց այս իրավիճակը։

– Մարդկանց մոտ դեռ չկա ընկալումը, թե ինչ «կենդանի» է այդ Հարկային օրենսգիրքը։ Հայաստանում հարկային համակարգի զարգացումը սկսվել է 90-ականներին, երբ մենք ունեինք 3 էջից բաղկացած մեկ հարկային օրենք՝ «Հարկերի մասին» օրենքը, որից հետո շատ բուռն զարգացում է եղել՝ ձևավորվել են նոր հարկատեսակներ և վարչարարության համակարգ։

2000-ականների սկզբին ունեինք ցաքուցրիվ համակարգ՝ կազմված տարբեր ժամանակներում տարբեր մոտեցումներով ընդունված օրենքներից, որոնք լի էին հակասություններով։ Դրա հետևանքով՝ մի կողմից՝ բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր էին գոյացել, մյուս կողմից՝ կանխատեսելիության խնդիր կար, և ամեն անգամ հարկային մարմինը ստիպված էր մեկնաբանություններ ու պարզաբանումներ տալ այս կամ այն հարկային դրույթների կիրառման վերաբերյալ։ 2000-ականներին գործարարները, նաև Ամերիկյան Առևտրի պալատը, հարց բարձրացրեցին մեկ միասնական փաստաթուղթ ունենալու մասին։

Կարդացեք նաև

Դրա մշակումը շուրջ 10 տարի կառավարության գործողությունների ծրագրում էր, և 2014-ին սկսվեց գործընթաց, որին միանալու հրավեր մենք ստացանք անցյալ տարի ապրիլին։ Սակայն մեր պահանջը՝ նախ՝ հայեցակարգ մշակելու, մերժվեց, և գործընթացը կանգնեց։ Բայց մենք տարբեր ֆորմատներում՝ թե՛ միջազգային կառույցների, թե՛ ամերիկյան առաքելությունների, բարձրացրեցինք խնդիրը, որ առանց հայեցակարգի՝ հարկային բարեփոխումներ են կատարվում։ Արդյունքում՝ վերածնվեց Հարկային խորհուրդը, որի կազմում էին 6 բիզնես ասոցիացիաներ, միջազգային կառույցների և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ։ 2015-ի ամռան սկզբից ընթացան հայեցակարգի մշակման աշխատանքները, որոնք ուղեկցվեցին բուռն քննարկումներով։ Ի վերջո, մշակվեց հայեցակարգ, որն ընդհանուր առմամբ համապատասխանում էր մեր սպասելիքներին, բայց դրա շատ դրույթներ այդպես էլ տեղ չգտան ՀՕ այն տարբերակում, որը մարտի 31-ին արժանացավ կառավարության հավանությանը։

Այդ հայեցակարգում ներառվեցին մեզ համար կարևոր «4+1» կետերը՝ օտարերկրյա ներդրումների խրախուսում, տնտեսության արդիականացում, արտահանման խրախուսում, մրցունակ հարկային համակարգի ձևավորում և հարկային համակարգի կանխատեսելիության և կայունության ապահովում։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ այսպիսի առանցքային իրավական փաստաթղթի համար բարեփոխումների պահը սխալ էր ընտրված՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը, տնտեսական աճի տեմպի անկումը Հայաստանում և ճգնաժամը մեր հիմնական գործընկեր երկիր ՌԴ-ում։ Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ մենք ի սկզբանե առաջարկում էինք չգնալ կտրուկ փոփոխությունների, այլ պարզապես համախմբել հարկային համակարգին վերաբերող բոլոր իրավական ակտերը մեկ միասնական փաստաթղթի մեջ։

Ի պատիվ Հարկային խորհրդի՝ պետք է նշել, որ մեր այդ առաջարկությունները «40+1» կետերի մասով ընդունվեցին, և 7 ամիս շարունակ շաբաթը մեկ անգամ մենք հարկային խորհրդի նիստերի շրջանակում քննարկում էինք Հարկային օրենսգրքի նախագիծը։ Շատ ոգևորիչ աշխատանք էր, որովհետև 1997թ.-ից ի վեր նման կառուցողական խոսակցություն չէր եղել բիզնեսի և կառավարության միջև։ Մեր շուրջ 400 առաջարկներից մոտ 60%-ն ընդունվել էր, կազմվել էր մի նախագիծը, որը հիմնականում բխում էր նախապես ընդունված հայեցակարգային դրույթներից (ի դեպ, այդ նախագիծը տեղադրված էր Էկոնոմիկայի նախարարության կայքում)։ Սակայն մարտի 31-ին կառավարության հավանությանն արժանացավ մի նախագիծ, որը ոչ միայն չէր բխում նախօրոք ընդունած հայեցակարգից, այլև հակասում էր այդ հայեցակարգի հիմնական դրույթներին։

Հասկանալով, որ «գնդակը» սահուն կերպով անցնում է ԱԺ-ի դաշտ, մենք նամակ ուղարկեցինք ՀՀ Նախագահին, Վարչապետին և ԱԺ նախագահին, որտեղ հայտնում էինք մեր մտահոգությունն իրադարձությունների այդպիսի ընթացքի վերաբերյալ, միաժամանակ մենք կոչ էինք անում Վարչապետին՝ հետ կանչել նախագիծն ԱԺ-ից և նախաձեռնել քննարկումների նոր շրջափուլ։ Ի պատասխան մեր նամակի՝ հրավիրվեց խորհրդակցություն Վարչապետի մոտ, որտեղ շատ բաց տեքստով խորհրդակցություն ընթացավ, և մենք ներկայացրեցինք այս նախագծի հետ կապված հիմնական ռիսկերը, որոնք մենք տեսնում ենք։

Այնուամենայնիվ, ԱԺ-ում նախագծի քննարկումները շարունակվեցին, և արդյունքում՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծն այն տեսքով, որը մեզ համար ընդունելի չէ։ Այնուհետև ԱԺ համապատասխան հանձնաժողովից ստացանք առաջարկ՝ մասնակցելու նախագծի հոդված առ հոդված քննարկմանը։

Ծավալները հասկանալու համար նշեմ, որ փաստաթուղթը բաղկացած է 700 էջից, իսկ նախանշված սեղմ ժամկետում հոդված առ հոդված քննարկումը մենք պարզապես իրատեսական չենք համարում։ Բացի այդ, հոդված առ հոդված քննարկելով՝ մենք բաց կթողնենք, այսպես կոչված, իրավիճակին «թռչնի թռիչքի բարձրությունից» նայելու հնարավորությունը, որն այսպիսի փաստաթղթերի դեպքում խիստ անհրաժեշտ է։

Գնահատելով ստեղծված իրավիճակը, մենք՝ բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներս, որ ներկայացնում ենք ՀՆԱ-ի արտադրությունն ապահովող ձեռնարկությունների մոտ 1/3-ի շահերը, այդ թվում՝ ՏՏ, հանքահումքային, բանկային, շինարարության ոլորտների, բաց նամակով ԱԺ նախագահին առաջարկեցինք կազմակերպել հանրային լսումներ՝ հարցը բաց ֆորմատով բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու համար։

– Կառավարության մոտեցման կտրուկ փոփոխությունն ինչո՞վ է պայմանավորված, և այդ քաղաքական որոշումն ինչի՞ հետևանք է։

– Դատելով ՀԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի հարցազրույցից՝ կարելի է եզրակացնել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները խորհուրդ են տալիս Հայաստանին որդեգրել կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն, ինչն էլ ուղղակիորեն անդրադարձել է կառավարության դիրքորոշման վրա։

Բայց մեզ համար առավել մեծ մտահոգություն է ներկայացնում, այն, որ ՀՕ կարգավորման ազդեցությունը գնահատելիս՝ կիրառվել է շատ պարզունակ գործիքակազմ։ Ամբողջ վերլուծությունը հիմնված է հետևյալի վրա՝ 2015թ. բյուջեի թվերը փոխում են՝ բազան թողնելով նույնը, պարզապես գումարել-հանել են, բայց մուլտիպլիկատիվ ազդեցությունները չեն գնահատել։

Հարկաբյուջետային գործիքակազմն ամենալուրջ զենքն է, որ պետությունը կարող է կիրառել՝ փոխելու տնտեսվարողների, սպառողների, ներմուծողների, արտահանողների վարքագիծը, և առանց այդ բոլորի վարքագիծը քննարկելու՝ բյուջեի վրա ազդեցություն գնահատել չի կարելի։ Զուտ հաշվապահական մոտեցումներով առաջնորդվելը տվյալ քաղաքականության փոփոխության համար աբսուրդ է։ Ես զարմացած եմ նաև միջազգային կառույցների վրա, որոնք աչք են փակում, որ մեր պետությունը չի տիրապետում այդ գործիքներին, մոդելներին, և նախաձեռնում է հարկային բարեփոխումներ։

– Տնտեսության վրա ազդեցության, զարգացումների հետ կապված՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

– ՀՕ ազդեցությունը միայն բյուջեի վրա չէ, օրինակ, մեր վերլուծություններով միայն եկամտային հարկը կարող է մոտ 18 մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ, և դրանք պետք է փորձել մոդելավորել, հաշվարկել, թե ինչպես կփոխվեն սպառումը, շրջանառությունը, ներդրումները, ԱԱՀ-ն, ստվերը և այլն։ Ոչինչ արված չէ։ Ազդեցության կոնցեպտուալ կետերից առաջինը եկամտահարկն է։ Նախնական տարբերակում կառավարության կողմից հիմնավորվել էր եկամտահարկի համամասնական հարկմանն անցնելու մոդելը, որը մենք ողջունել էինք, սակայն ՀՕ վերջնական տարբերակում անունը, ի դեպ, սխալ կոչելով՝ ագրեսիվ-պրոգրեսիվ հարկային համակարգ, իրենք առաջարկեցին փոփոխության շեմը 2 մլն-ից նվազեցնել մինչև 1 մլն։ Ըստ իրենց՝ այս փոփոխությունը բյուջեի համար չեզոք է լինելու։

Սակայն հարց է ծագում՝ էլ ինչո՞ւ է փոխվում։ Իրականում չեզոք չէ, մեր համոզմամբ՝ միջնաժամկետում նույնիսկ հնարավոր է՝ բացասական լինի, որովհետև, եթե հաշվենք մուլտիպլիկատիվ ազդեցությունը, չեզոքության մասին խոսք գնալ չի կարող։ Արդյունքում՝ ստացվեց, որ մինչ այժմ սպիտակ աշխատող ոլորտները՝ ՏՏ, բանկային, հանքահումքային, հեռահաղորդակցություն, ընկնում են լուրջ հարվածի տակ՝ ի տարբերություն սև կամ ցածր աշխատավարձեր ունեցող ոլորտների։ Այսինքն՝ այդ ոլորտների մրցունակությունն է նվազում։ Երկու տարբերակ կա՝ բիզնեսն իր վրա կվերցնի այդ հավելյալ ծախսը, որի դեպքում կլինի ինքնարժեքի ավելացում, մրցունակության նվազում, շահութահարկի նվազում, արտահանման նվազում։ Մյուս տարբերակը, ինչը քիչ հավանական է, որ բիզնեսն այդ բեռը թողնի աշխատողների վրա, իսկ այդ դեպքում մարդկանց եկամուտները կնվազեն, այսինքն՝ քիչ կսպառեն, սպառման ծավալները կընկնեն, ԱԱՀ-ն կպակասի, և այլն։

Այսինքն՝ ազդեցությունը շղթայական ռեակցիայով տարածվելու է։ Ամենամեծ խնդիրն այն է, որ անգամ այդ ՀՕ-ն չընդունված, այն արդեն բացասական ազդեցություն ունի, քանի որ ստեղծել է բացասական սպասումներ, և մարդիկ իրենց բիզնեսները տանում են Վրաստան։ Եվ անգամ այնքան կարևոր չէ օրենքը, որքան՝ սպասումները, որոնք ներկայումս շատ վատն են։ Դա նշանակում է՝ բարձր աշխատավարձերի նվազում, որը կբերի եկամտահարկի նվազման։ Եվ այս ամենը՝ հանուն ինչի՞, որ բյուջեի վրա ազդեցությունը չեզո՞ք լինի։ Նաև մեկնաբանում են, որ սոցիալական վերաբաշխում են կատարում, բայց իրականում ոչ թե՝ հարուստներից են վերցնում, այլ՝ միջին խավից։ Իսկ ի՞նչ են տալիս աղքատներին։ Նրանց եկամտի առավելագույն ավելացումը կազմում է ընդամենը 1610 դրամ։

Այսինքն՝ ագրեսիվ-պրոգրեսիվ անվանումը ճիշտ չէ, դա բոլորովին էլ պրոգրեսիվ չէ և չի էլ կարող լինել, քանի որ մեծ սխալ են գործում։ «Եկամտահարկ» տերմինն ամբողջ աշխարհում կիրառվում է եկամտի նկատմամբ, ոչ թե՝ աշխատավարձի։ Մենք առաջարկել էինք համամասնական 20% հարկ, և սոցիալական հիմնական վերաբաշխման ֆունկցիան տեղափոխել գույքահարկի վրա, կիրառել պրոգրեսիվ հարկում, չօգտագործվող արտադրական տարածքների վրա դնել տուգանային հարկ։ Այսօր աբսուրդ իրավիճակ է երկրում՝ ահռելի քանակով արտադրական տարածքներ կան սեփականաշնորհված, որոնք փակ են, իսկ դրանց կողքին կառուցվում են նորերը։ Նման դեպքում անհրաժեշտ է տուգանային գույքահարկ կիրառել անավարտ շինարարության վրա՝ ստիպելով կա՛մ ավարտել, կա՛մ վաճառել։ Արդյունքում՝ հարուստներից գումարները կվերաբաշխվեն, տնտեսությունն էլ կսկսի ակտիվանալ։

Երկրորդ կոնցեպտուալ թեման շահաբաժինների հարցն է. հղում տալով ամբողջ Արևելյան Եվրոպային՝ որոշեցին հարկել շահաբաժինները, որը տրամաբանորեն ճիշտ հարկ է։

Էստոնիան, Մակեդոնիան, 2017-ից՝ նաև Վրաստանը, անցնում են միայն շահաբաժինները հարկելուն, և շահութահարկը վերանում է։ Վրաստանի օրինակը շատ լավ լուծում է, երբ չեն հաշվարկում ինքնարժեք, ամորտիզացիա, գործուղումների ծախսեր և այլն, այլ հարկում են միայն փողը բիզնեսից հանելու ժամանակ։ Ռեֆորմի առաջին փուլում վրացիները նվազեցրին շահութահարկը, կիրառեցին շահաբաժնի հարկը, իսկ հիմա արդեն շահութահարկը վերացնում են, թողնում են միայն շահաբաժինները։ Մեզ մոտ շահութահարկը չեն փոխում, ավելի վատ՝ ամորտիզացիոն ժամկետներն են երկարացնում, որպեսզի շատ հարկ վերցնեն, և ավելացնում են շահաբաժինները։ Բայց դա միանշանակ խոչընդոտելու է ներդրումների ներգրավմանը։ Ավելին՝ խտրականություն են դնում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև, մեկի համար սահմանելով՝ 5%, մյուսի համար՝ 10% հարկ։

Հաջորդ կոնցեպտուալ կետը՝ մենք ամորտիզացիայի հաշվարկման գծային մեթոդից անցում էինք կատարել ամորտիզացիայի հաշվարկի արագացված մեթոդին, որը թույլ էր տալիս ավելի կարճ ժամկետներում ամորտիզացնել, ինչը շատ ճիշտ է։ Չբավարարվելով, որ անցում ենք կատարում նախորդ մոդելին, նաև որոշակի ակտիվների նկատմամբ երկարացնում են ժամկետը՝ խեղդելով կապիտալ ներդրումները։ ՀՆԱ-ում համախառն կուտակման մասնաբաժնով մենք արդեն ահռելի ցածր մակարդակի վրա ենք՝ 20.4%՝ 2015թ.-ին, ինչով հետ ենք մնում ԱՊՀ բոլոր երկրներից։ Իրենք պատճառաբանում են, թե ամորտիզացիայի կարճ լինելու պատճառով մեզ մոտ կուտակվում են հարկային վնասներ, որոնք արդեն 336 մլրդ դրամի են հասել, և ձեռնարկությունները շահույթ չունեն։

Իրականում պատճառը դա չէ, որ խոշոր ընկերությունների որոշակի ստվերային գործունեության հետևանքով շահույթ չի արձանագրվում, և փաստացի հաշվետվություններում արտացոլվում է հարկային վնաս։ Հնարավոր չէ, որ 10 տարի վնասով աշխատող գործարարը չդադարեցնի իր գործունեությունը։ Փաստացի, խոշոր ընկերություններին ստվերից դուրս բերելու փոխարեն՝ դիտարկվում են ոչ նշանակալից ուղղություններ։ Կոնցեպտուալ է նաև շրջանառության հարկի հարցը. Այստեղ երկու հիմնական խնդիր կա, առաջին՝ շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամ սահմանելը ժամանակավոր որոշում էր, մինչև տնտեսական իրավիճակը կարգավորվեր, բայց դրա կիրարկման պահից այսօր վիճակն ավելի վատ է։ Այսինքն՝ տնտեսության աճի տեմպի անկումը չի վերջացել։ Ի՞նչն է փոխվել, որ այժմ այդ շեմն իջեցնում են մինչև 40 մլն դրամ։

Երկրորդ՝ մեկնաբանվում է, որ 115 մլն դրամի դեպքում էլ մեծ մասը 40 մլն դրամի շեմը չի անցել, բայց դրա պատճառն այն է, որ հենց սկզբից հայտարարել էին, որ դա ժամանակավոր է։ Էլ ինչո՞ւ պետք է բիզնեսն այլ ցուցանիշ ցույց տա։ Երրորդ՝ այդ ցուցանիշը պետք է ինչ-որ տրամաբանություն ունենա։ Ներկայացնում են, թե Մայքլ Քինի մոդելն են կիրառել՝ հույս ունենալով, որ լրագրողներն ու հանրությունը չեն գտնի այդ Քինի մոդելը, որ հասկանան, որ իրենց փաստարկները հիմնավոր չեն։ Նույն կերպ կարելի է նաև 300 մլն դրամի շեմն էլ հիմնավորել։

Շրջանառության հարկն արտոնություն չէ, փոքր բիզնեսը չի կարող կրել նույն տրանսակցիոն ծախսերը, ինչ խոշորները, հետևաբար՝ կիրառվում է պարզեցված տարբերակ։ Եվ ինչո՞ւ՝ 40 մլն դրամ, այլ ոչ թե՝ 42 մլն դրամ, նման դեպքում պետք է տրվի հիմնավորում, ինչը բացակայում է։ Այստեղ հետաքրքիր է միջազգային կառույցների տեսակետը, համաձայն որի՝ տնտեսության մեծ մասը չի կարող աշխատել շրջանառության հարկով։ Սակայն իրենք չեն տեսնում խոշոր բիզնեսի ծավալը, որը կազմում է ստվերային տնտեսության հիմնական մասը։ Եվ իրականում ՓՄՁ-ն չունի այն ծավալները, որ կարողանա համադրելի լինել խոշոր բիզնեսի ստվերային մասի հետ։ Այսօր շրջանառության հարկով հավաքվում է բյուջեի շատ փոքր մասը։ Մենք առաջարկում էինք, առհասարակ, կիրառել հաստատագրված վճարներ ՓՄՁ-ների գոնե մեծ մասի նկատմամբ։

Հաջորդ կոնցեպտուալ կետը՝ օտարերկրյա ներդրումների մասին օրենքով սահմանված է, որ ներդրողը 5 տարի օգտվում է ներդրման պահին գործող օրենքներից, որոնք վերացվում են, և նոր օրենսգրքով ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում 6 ամիս հետո։ Ո՞ւր մնաց կանխատեսելիությունը, բիզնեսի կայունությունը։

– ԱԺ քննարկումների արդյունքում արդյոք ՀՕ-ն այնքան կփոխվի՞, որ բավարարի գործարար շրջանակներին։

– Իհա՛րկե ոչ, հենց իրենք են ասում, որ կոնցեպտուալ կետերն այդտեղ չեն քննարկվելու։ Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ իշխանություններն ականջալուր կլինեն բիզնես հանրության պահանջներին, և ՀՕ-ն չի հաստատվի այն տեսքով, ինչպիսին այժմ կա։
Կա նաև կարևոր հանգամանք, որ ցանկացած փոփոխություն լինի փաթեթային։ Բիզնեսը չի պահանջում միայն հարկերը նվազեցնել, մենք էլ ենք շահագրգիռ, որ բյուջեն համալրվի, և պետությունը լինի վարկունակ, որովհետև դա բերում է մի քանի գործոնի՝ պետությունը տնտեսությունում հիմնական ծախսեր իրականացնողն է, ապահովում է կայունություն, լուծում է սոցիալական հարցեր։

– Եթե այդ կոնցեպտուալ լուծումները չտրվեն, ի՞նչ է սպասվում։

– Կարծում եմ՝ և՛ քաղաքական մեծամասնությունը, և՛ կառավարությունը գիտակցում են, որ նման տեսքով ՀՕ-ն ընդունել չի կարելի, հետևաբար՝ ինչ-որ կոմպրոմիսների պետք է գնալ։ Եվ նման բարեփոխումների քաղաքականության դեպքում իրենց հարկավոր է սոցիալական խմբերի աջակցություն։ Այսօր ոչ մի սոցիալական խումբ իրենց կողքին չէ, գործարարները, աշխատավորները, ՓՄՁ-ները, Հանրային խորհուրդը, հենց իրենք՝ պատգամավորները, դեմ են այս օրենսգրքին։ Այսինքն՝ կրիտիկական զանգվածն այնքան մեծ է, որ անտեսել չի լինի։ Խնդիրն այն է, որ փաթեթային լուծում տրվի, ոչ թե՝ հատվածական։ Եվ մի մտավախություն էլ կա, որ ասում են՝ եկեք հիմա ընդունենք, հետո կփոխենք։ Բայց դա կրկին ազդում է սպասումների վրա։ Բիզնեսը չի կարող գործել անորոշության պայմաններում, այն ուղղակի կհեռանա երկրից։

Տեսանյութեր

Լրահոս